ԵՐԵՎԱՆ, 15․01․2019 թ․ – Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։
Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։
«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։
Նորանշանակ գործադիր տնօրենը անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Գարո Արմենին։ Դ-ր Արմենը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։
«Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ, և առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագոծվող ծրագրերի համար,- նշում է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։- Հետամուտ լինելով 2018 թվականի գալա-դրամահավաքին հանգանակված 4 միլիոն ԱՄՆ դոլարին՝ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու հաշվետու ենք դրա համար։ Ուրախ եմ, որ Կորյունը՝ իր անցած ճանապարհով ու հաջողություններով, միանում է ՔՈԱՖ-ի մեր թիմին և օգնելու է իրականացնել հաջորդ սերնդին զորավիգ լինելու հավակնոտ առաքելությունը»։
* * *
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը՝ հատկապես կենտրոնանալով երեխաների և երիտասարդների կարողությունների զարգացման վրա։ ՔՈԱՖ-ի ուշադրության ծիրում կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերն են։ Հիմնադրամի ծրագրերն սկսել են իրագործվել 2004 թվականին մեկ գյուղից և ընդլայնվել դեպի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 գյուղական համայնքներ։
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին և հասանելի է լինելու մարզի շուրջ 150,000 բնակիչներին։