Քարակերտից Հավայան կղզիներ

Խանում Գևորգյանն ապրում էր Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, սովորում տեղի դպրոցում, երբ նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Աղջիկը մեկ տարով հայտնվեց Հավայան կղզիներում՝ ուսումը շարունակելով Ուայմիայի միջնակարգ դպրոցում։ Նրան շրջապատող բնապատկերները շատ էին տարբերվում Քարակերտի տեսարաններից, որտեղ չկային պլյումերիայի ծառեր, էկզոտիկ թռչուններ, օվկիանոս․․․

Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ փոփոխությունը։

Ամեն ինչ սկսվեց 2011թ․, երբ Խանումը որոշեց մասնակցել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) արտադասարանական պարապմունքներին։ «Ես ամեն ինչ փորձում էի` բանավեճի ակումբ, աշակերտական խորհուրդ, հոգեբանական թատրոն․․․ 2013թ․ միացա ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան Access միկրոկրթաթոշակային ծրագրին, որ անգլերեն սովորեմ։ Այդ ժամանակ դեռ շատ վատ էի տիրապետում լեզվին ու մտքովս էլ չէր անցնում, որ երբևիցե Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող կդառնամ։ Իրականում, ինձ թվում էր, որ տնտեսագետ եմ դառնալու․․․»

Խանումը մի քանի անգամ ՀԱՀ այցելելու հնարավորություն ունեցավ․ ՔՈԱՖ-ի մասնագիտական կողմնորոշման խմբակը արմավիրցի աշակերտների համար այցելություն կազմակերպեց։ «Այնտեղ ես հասկացա, որ ուզում եմ այդ համալսարանում սովորել, թեև համոզված էի, որ երազանքս չի իրականանա»,- ասում է Խանումը։- «Բայց երբ միացա Access-ին, հրաշք տեղի ունեցավ․․․ Ես շատ արագ սկսեցի անգլերեն խոսել։ Կարողանում էի արտասահմանցի հյուրերի հետ զրուցել, ներկայացնել մեր համայնքը, անգլերեն լեզվով էքսկուրսիա անցկացնել»։

Ժամանակի ընթացքում Խանումն այնքան լավ սովորեց անգլերեն, որ դարձավ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի մասնակից և հնարավորություն ստացավ մեկ տարի սովորել Հավայան կղզիներում։ ԱՄՆ մեկնելուց առաջ Խանումը մասնակցեց ՔՈԱՖ-ի մեդիագրագիտության դասերին, գրելու և լուսանկարելու հմտություններ ձեռք բերեց։ Արդյունքում ստեղծվեց մի օնլայն հարթակ, որտեղ երեխաները կարող էին հրապարակել իրենց պատմությունները։ Իսկ երբ Խանումն արդեն Ուայմիայում էր, այնտեղից սկսեց «թղթակցել» և պատմել այն արտասովոր երևույթների մասին, որոնց հանդիպել է Հավայան կղզիներում։ Պատմությունները, օրինակ, տեղի կրթական համակարգի, օվկիանոսի և պլյումերիայի ծառերի մասին էին․․․

«Մտածելակերպս էլ փոխվեց․ ավելի ինքնավստահ դարձա»,- ասում է Խանումը։- «Եթե ՔՈԱՖ-ն ու Access-ը չլինեին, ես ուրիշ մարդ կլինեի։ Երբ ԱՄՆ-ից վերադարձա, անգլերեն լեզվով երազներ էի տեսնում․․․ Անընդհատ ամերիկյան համալսարանի մասին էի մտածում և, վերջապես, որոշեցի փորձել»։

2017թ․ Խանումը քննություններ հանձնեց և դարձավ Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնի ուսանող։ «Երազանքս իրականացավ։ Դեռ չգիտեմ, թե ինչ կդառնամ ավարտելուց հետո։ Քաղաքականությամբ ու միջազգային հարաբերություններով եմ հետաքրքրված։ Սիրում եմ այդ թեմաներով նյութեր կարդալ, բայց ուզում եմ նաև գործել։ Գուցե, օրինակ, խաղաղաստեղծ ծրագրերով զբաղվեմ։ Ուզում եմ Հայաստանի զարգացմանը նպաստել․․․ Եւ ուզում եմ մի անգամ էլ նշել, որ ՔՈԱՖ-ն իմ զարգացմանը շատ է նպաստել։ ՔՈԱՖ-ցիներն ինձ անընդհատ ոգեշնչում ու խրախուսում էին։ Դա նույնքան կարևոր է, որքան դպրոցներ վերանորոգելը»։

2018թ․ ապրիլին Խանումն այլ ուսանողների հետ միասին մասնակցեց քաղաքացիական անհնազանդության շարժմանը։ Իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նա “հայոց ծնողներին» խնդրում է երբեք չարգելել, որ երիտասարդները պայքարեն։ «Մի՛ ստիպեք հանձնվել, մի՛ ասեք, որ «էլ ոչինչ չի փոխվի»,- ասում է նա։- «Թողեք պայքարենք, որ վաղն ու մյուս օրն ամեն քայլ անելուց մեզ չմեղադրենք»։

Խանումի վերջին նախաձեռնություններից մեկը TEACH-ն է՝ ամենամյա եռօրյա դասընթացաշար, որի նպատակը մանկապարտեզների դաստիարակների կարողությունների զարգացումն է։ «Մենք ընկերներով որոշեցինք այս նախագիծն իրականացնել, քանի որ հենց դաստիարակներն են սերտորեն շփվում փոքրիկների հետ և կարող են նրանց ճիշտ արժեքներ փոխանցել»։

Խանումը պնդում է, որ երբեք չէր ցանկանա այլ երկրում ապրել․ «Ուզում եմ գիտելիքներս ու հմտություններս Հայաստանում կիրառել, ստացածս վերադարձնել իմ համայնքին»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org