Ներառական կրթությունը մեկ դպրոցի համատեքստում

«Մա՛մ, էս ինչ հզոր կազմակերպություն ա, որ մեկ երեխայի օգնելու համար ինձ հրավիրում է մարզ»։

13-ամյա Արամ Պետրոսյանը Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցականների հյուրն էր։ Լսողության դժվարություններ ունեցող պատանին եկել էր Երևանից՝ իր տարեկիցներին պատմելու դպրոցում ու միջավայրում վերաբերմունքի, տարբեր բարդություններ հաղթահարելու մասին ու նաև օգտակար խորհուրդներ տալու։ Արամը հորդորեց ուսուցիչներին դաս բացատրելիս մեջքով չլինել դասարանին, քանի որ իր նման երեխաները կարդում են նաև շուրթերից։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը (ԵԸԱԾ) մեկնարկ է տվել 8-ամսյա նախագծի «Ներառական կրթություն, ներառական համայնք» խորագրով։

Արմավիրի մարզն անցում է կատարել համընդհանուր ներառականության նոր համակարգին։ Հաշվի առնելով այս գործընթացում դպրոցների առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները՝ ԵԸԱԾ-ի մշակած նախագիծը մասնագետներին զինում է նոր գիտելիքներով ու հմտություններով՝ երեխաներին տրամադրելու անհատականացված կրթություն։

ՔՈԱՖ-ի հատուկ մանկավարժության մասնագետ Սուսաննա Դավթյանը մանրամասնում է, որ նախագծի նախապատրաստական փուլում կատարվել է կարիքի գնահատումիրագործման փուլն ընթանում է պարբերական դիտարկումներով և գնահատումներով, իսկ արդեն ամփոփիչ փուլն ամբողջական գնահատման, արդյունքների վերլուծության մասն է, որի հիման վրա էլ առաջարկներ կներկայացվեն ԿԳ նախարարությանը։

«Մենք նպատակ ունենք բարձրացնելու համայնքի և դպրոցի իրազեկվածությունը համընդհանուր ներառականության գաղափարախոսության, երեխայի զարգացման առանձնահատկությունների, իրավունքների և կրթության կարևորության մասին, գործնականում աջակցելու մանկավարժական նոր հմտությունների ձեռքբերմանը, ամրապնդելու ծնող-երեխա-դպրոց կապը և ծնողի ներգրավվածությունը կրթական գործընթացում»,- ասում է Սուսաննա Դավթյանը։

Նախագիծն իրագործվում է Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցում։ Ընդգրկված 15 մասնակիցները տարրական դպրոցի մանկավարժներ, բազմամասնագիտական թիմի մասնագետներ, ուսուցչի օգնականներ են, հաճախ ներգրավվում են նաև դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, ծնողներն ու համայնքի այլ բնակիչներ։

«Ներառական կրթություն, ներառական համայնք» նախագիծն ուսուցչին ոչ միայն մասնագիտորեն աջակցելու, այլև անձնական աճ ապահովելու շեշտադրում ունի։ Նախագիծը բացառիկ է նաև իր տևականությամբ և հետևողականությամբ, քանի որ նման վերապատրաստումները սովորաբար կարճատև են։

Ներառականության կազմակերպման տեսական և գործնական հմտությունները փոխանցում է ՔՈԱՖ-ի հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը, իսկ մասնագետի անձնային աճի բաղադրիչը, որ բոլորովին նոր է նման վերապատրաստումների համատեքստում, հեղինակել է հոգեբան Աննա Հարությունյանը։ Լինում են նաև հյուր-բանախոսներ, ովքեր այս կամ այն թեմայի շուրջ տեսական ու գործնական աշխատանքներ են տանում։

«Ծրագրին վերապահումներով մոտեցող մասնակիցներ կան, ովքեր համարում են, որ չստանալով լրացուցիչ աշխատավարձ ներառական կրթության իրագործման համար՝ աննպատակահարմար է այդքան ժամանակ ծախսել ու նոր բաներ սովորել,- մեկնաբանում է Սուսաննա Դավթյանը։- Սակայն կան նաև մասնագետներ, ովքեր շատ կարևորում ու գնահատում են նախագիծը՝ համարելով այն անհրաժեշտ գործիքակազմ ու մոտեցումներ սովորելու եզակի հնարավորություն»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org