Միասնականությունը պանդեմիայի օրերին

Աշխարհը շարունակում է պայքարել COVID-19-ի դեմ, և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն էլ՝ աշխատել գյուղերում։ Մեր շահառու համայնքները ռիսկային են, տնտեսությունը խոցելի է, ընտանիքները ֆինանսապես անկայուն են, իսկ վարակն էլ կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել գյուղացիների համար։ Ահա թե ինչու էինք ստիպված հրատապ քայլեր ձեռնարկել։

Վարակի տարածման կանխումը, սոցիալ-տնտեսական աջակցությունը և իրազեկվածության բարձրացումն այս պահին մեր ուշադրության կիզակետում են։ Համաճարակի բռնկման պահից մեր սոցիալական աշխատողները, հոգեբանները, լոգոպեդներն ու բժիշկներն արագորեն անցան հեռավար աշխատանքի։ ՔՈԱՖ-ի շահառուների հետ աշխատում են անհատական զանգերի, վիրտուալ հանդիպումների, համայնքների ղեկավարների համար սեմինարների ձևաչափով՝ ուղղորդելով բոլորին ճգնաժամի այս պայմաններում։

Ի՞նչ է կորոնավիրուսը։ Ովքե՞ր են ռիսկային խմբում։ Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը։ Ինչպե՞ս կազմակերպել ամեն ինչ առանց ավելորդ սթրեսի։ Ի՞նչ է առաջարկում պետությունն ընտանիքներին, ու ինչպե՞ս կարող են օգտվել իրենց հասանելիք աջակցությունից։ Ահա այն հարցերից մի քանիսը, որոնց շուրջ աշխատում են ՔՈԱՖ-ի մասնագետները՝ բարձրացնելով համայնքներում իրազեկվածությունը։

Ի ուրախություն մեզ՝ մեր այս առաքելությանը միացողներ կան։ Ապրիլին ու մայիսին մենք համագործակցել ենք մեր բազմամյա գործընկեր Եվրոպական միության հետ՝ մարդասիրական բացառիկ օգնություն ցուցաբերելով Լոռու մարզի սոցիալապես խոցելի 1000 ընտանիքի։  ՔՈԱՖ-ի շահառու 26 գյուղական և 2 քաղաքային (Վանաձոր և Ալավերդի) համայնքների ընտանիքներն աջակցություն են ստանալու 2 անգամ՝ ապրիլի վերջին ու մայիսին։ Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվող փաթեթը ներառում է առաջնային անհրաժեշտության պարենային մթերք, հիգիենայի պարագաներ ու գրենական պիտույքներ։ Սոցիալապես խոցելի ընտանիքների ընտրությունը հիմնված է ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների՝ տարիների սրտացավ աշխատանքի, լրջորեն կատարված հետազոտությունների, կարիքների գնահատումների ու պարբերական մոնիտորինգների արդյունքների վրա։

«Ընտանիքները բարձր են գնահատում այս օժանդակությունը, ու չնայած իրենց դժվար կացությանը՝ պահպանում են լավատեսությունն ու իրենց հատուկ հումորը»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սոցիալական աշխատող Էլմիրա Գևորգյանը։ Նա անցել է գյուղեգյուղ ու անձամբ ընտանիքներին հանձնել փաթեթները, իհարկե, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Անհասկանալի ժամանակներ են նաև երեխաների համար։ Նրանք գուցե լիովին չպատկերացնեն, թե ինչու է սահմանափակվում շփումն ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Ամենայն հավանականությամբ նրանք կարոտում են դպրոցն ու իրենց արտադասարանային ծրագրերը։

Մեր հոգեբաններն աշխատում են ՔՈԱՖ-ի երեխաների հետ ամենօրյա կտրվածքով։ «Խաղեր ենք պատրաստում, Zoom կամ Ֆեյսբուքի հարթակներով հանդիպումներ կազմակերպում երեխաների ու իրենց ծնողների հետ՝ ապահովելով զվարճալի ժամանց ու դրական դինամիկա, մինչև, հուսանք, կվերադառնանք կյանքի նորմալ հունի»,- բացատրում է ՔՈԱՖ-ի մանկան զարգացման ծրագրավար Վարսիկ Սենեքերիմյանը։ Նա կարծում է, որ գյուղական համայնքներում ապրելու առավելություններից մեկն էլ այն է, որ երեխաները կարող են բակում խաղալ, բնության հետ շփվել՝ այդպիսով ավելի հեշտ դիմանալով սոցիալական մեկուսացմանը, քան քաղաքաբնակները։

Սա այն աշխատանքն է, որ մեր թիմի անդամներն ու տեղի գործընկերներն արդեն 16 տարի է՝ կատարում են։ Եվ այսօր նրանց կարիքը կա առավել, քան երբևէ։ Ինչպես միշտ, ձեր ներդրումները 100 տոկոսով ուղղվում են գյուղական համայնքների ընտանիքներին, օգնում նրանց հաղթահարել դժվարությունները, տոկուն լինել ու լավատես։ Միասին մենք իսկական ուժ ենք, որ կարող է հաղթել համաճարակին։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org