13 արցախցի ընտանիքներ սեփական տանիք կունենան

Կյանքը նոր էջից նոր տանը սկսելը շատ տեղահանված արցախցի ընտանիքների համար խաթարված հարմարավետության ու հույսի առաջին շողն է։ 

Պատերազմից ի վեր տեղահանված 150 ընտանիքներ դեռևս բնակվում են մեր շահառու գյուղերի ընտանիքներում: Նրանք ամբողջությամբ ներգրավված են մեր ընթացիկ կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերում, բայց շարունակում է չլուծված մնալ նրանց ամենաառաջնային խնդիրը՝ սեփական տանիք ունենալը։ 

2020-ի դեկտեմբերին մեր «Շուռ տանք սարերը» ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված ֆոնդն ուղղվեց ինչպես մեր գյուղական ծրագրերին, այնպես էլ պատերազմի հետևանքով տեղահանված արցախյան ընտանիքների համար տների կառուցմանը։ Վերջիններիս արժանապատիվ, ապահով ու հարմարավետ կյանքին վերադարձնելը դարձավ մեր կազմակերպության առաջնահերթություններից մեկը։ 

Վերջին 65 օրերի ընթացքում Դսեղ և Դեբետ գյուղերում ՔՈԱՖ-ի ջանքերով արցախցիների համար կառուցվում են 10 և վերանորոգվում երկու տներ, որոնք նախկինում լքված էին։ Տներն ապահովվում են կենցաղային բոլոր հարմարություններով՝ մշտական ջուր, ջեռուցման և էլեկտրաէներգիայի համակարգ, կայանատեղ, հնարավորության դեպքում ցանկապատված տնամերձ այգի և այլն։ 

Տների կառուցման վայրերը ընտրելիս հաշվի է առնվել դրանց մոտ լինելը կարևոր հաստատություններին, ինչպիսիք են դպրոցը, բուժկետն ու առևտրի կենտրոնները։ Մարզի ընտրությունը՝ Լոռին, ևս պատահական չէ։ Արել ենք ամեն բան, որ բնությունը, միջավայրը հնարավորինս մոտ ու հոգեհարազատ լինեն Արցախի հարուստ բնությանը սովոր բնակիչներին։ 

Մեր թիմը տան ձևավորումն ու պարագաներն ընտրելիս առաջնորդվել է այնպես, ինչպես սեփական տունը կառուցելիս կաներ։ «Ընտրում ենք բնական, որակյալ նյութեր։ Տան ընտրության հարցում հաշվի ենք առնում ընտանիքների նախկին բնակարանային պայմաններն ու զբաղմունքները։ Փորձում ենք միջավայրը նրանց հնարավորինս հարազատ դարձնել»,- նշում է նախագծի պատասխանատու Օվսաննա Եղոյանը։ 

Վերանորոգումից ու կենցաղային հարմարություներից զատ՝ տներն ամբողջովին կահավորվում են՝ պատրաստ հյուրընկալելու բազմանդամ ընտանիքների։ Ներառվող կենցաղային պարագաներից են սառնարանը, լվացքի մեքենան, փոշեկուլը, հեռուստացույցը, խոհանոցային պարագաները և այլն։

Ընտրություն ունենալու դեպքում նախընտրում ենք գնել տեղական արտադրանք և համագործակցել հայաստանյան ընկերությունների՝ հատկապես գյուղական համայնքներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ: Օրինակ՝ բնակարանային ծրագրի կահույքը պատվիրում ենք Արմավիրի Քարակերտ գյուղի փոքր կահույքի արտադրությունից: ԱՐՏՎԻԼՇԻՆ ՍՊԸ-ն, որը ղեկավարում է մեր շահառու Արթուր Ենգիբարյանը, հիմնադրվել է ՔՈԱՖ-ի աջակցությամբ դեռևս 2005 թ.-ին:

Մայիսի վերջին պատրաստ կլինի տների առաջին խմբաքանակը, ինչը  նշանակում է 13 ընտանիք կունենա իր սեփական տանիքն ու բարեկեցիկ բոլոր պայմանները արժամանապատիվ կյանքի համար։ Ծրագիրը շարունակական է․ շուտով կտանք նախագծի երկրորդը փուլի մեկնարկը։ Արցախահայության համար տների կառուցման նախագծի մեջ Ձեր ներդրումը կարող եք ունենալ՝ նվիրաբերելով ՔՈԱՖ-ին։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org