Հուրի Գեբեշյանի երեք տարերքները

Տասներկուամյա Գրիգոր Արսենյանը Լոռու Վահագնի համայնքում է ապրում։ Միշտ հաճույքով է մասնակցում  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «ՍՄԱՐԹամեջ» ձևաչափով հանդիպումներին։ Այս անգամ Գրիգորն իր ընկերների հետ եկել էր հանդիպելու հանրահայտ ամերիկահայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանին։

Երեխաները խիստ ոգևորված էին․ չէ՞ որ Հուրին Հայաստանն ամառային օլիմպիական խաղերում ներկայացրած առաջին մարմնամարզուհին է։ 2016թ․ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի ընթացքում նա ցուցադրել է զուգահեռ պտտաձողի իր հայտնի վարժությունը։

Հանդիպման ժամանակ երեխաները Հուրի Գեբեշյանին բազմաթիվ հարցերով հեղեղեցին։

«Ինչու՞ հատկապես մարմնամարզությունն ընտրեցիք»,- հետաքրքրվեց Գրիգորը։

«Մարմնամարզությունն է ինձ ընտրել»,- ծիծաղեց Հուրին։- «Շատ եռանդուն երեխա էի, տեղս հանգիստ չէի նստում, անընդհատ բազմոցների ու բազկաթոռների վրա թռչկոտում էի․․․ Ծնողներս էլ որոշեցին, որ պետք է մարմնամարզությամբ զբաղվեմ, որ կարողանամ էներգիաս ծախսել»։

Ապա Գեբեշյանը խոսեց իր կյանքի բարդ ճանապարհի՝ հուսախաբությունների, անհաջողությունների ու մարտահրավերների մասին․ «Եղել են պահեր, երբ ցանկացել եմ մարմնամարզությունից հրաժարվել։ Փեսացուս ամեն կերպ փորձում էր համոզել, որ նորից փորձեմ, ես էլ հազարավոր պատճառներ էի բերում, թե ինչու է դա անհնար։ Սակայն, վերջիվերջո, որոշեցի վերադառնալ»։

Գեբեշյանը պատմեց, թե ինչպես է վարժանքների ու մարզումների հատուկ պլան կազմել՝ հին մարզավիճակը վերականգնելու նպատակով․ «Ես մասնագիտությամբ բժիշկ եմ։ Աշխատում էի Քլիվլենդի հիվանդանոցում, 24 ժամ հերթապահում էի, իսկ հետո գնում էի մարզասրահ»։ Երկու տարի մարզվելուց հետո Հուրին օլիմպիական ուղեգիր ստացավ ու կարողացավ Հայաստանն օլիմպիադայում ներկայացնել։ Զուգահեռ պտտաձողի իր վարժությունն էլ հետագայում իր անունով գրանցվեց։

«Եթե ունես նպատակ ու հստակ գծագրված պլան, անպայման կհասնես երազանքիդ։ Ես երազում էի օլիմպիադային մասնակցել ու Հայաստանը ներկայացնել և հասա ուզածիս»,- ասաց Գեբեշյանը։

«Հայաստանում ի՞նչն եք ամենից շատ հավանել»,- հարցրեց երեխաներից մեկը։

«Երրորդ անգամ եմ Հայաստանում, ու վերջին այցելությունիցս հետո այնքա՜ն բան է փոխվել․․․ Ես շատ ոգեշնչված եմ․․․ Սիրահարվել եմ Հայաստանին ու անհամբեր սպասում եմ, թե է՛լ ինչ փոփոխություններ են լինելու առաջիկա տասնամյակում։ Ես էլ, իմ կողմից, ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում կանանց մարմնամարզությունն էլ ավելի զարգանա»։

Հուրին նշեց, որ ՔՈԱՖ-ի իրականացրած առողջապահական կրթության ծրագիրը խիստ կարևոր է երեխաների համար․ «Լավ կլինի, որ մարդիկ առողջ ապրելակերպին ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Պետք է քարոզել, որ երիտասարդները ճիշտ սնվեն ու սպորտով զբաղվեն»։

Զրույցից հետո ՍՄԱՐԹ կենտրոնի սաները Հուրիի հետ փոքր-ինչ մարզվելու հնարավորություն ունեցան։

«Կա երկու ոլորտ, որոնցով ես հրապուրված եմ՝ առողջապահությունն ու մարմնամարզությունը․․․ Կարծում եմ, որ կրթությունը կարող է իմ երրորդ տարերքը լինել․․․ Չէ՞ որ ես սիրում եմ երեխաների հետ զբաղվել»։

Մարզանքից հետո երեխաները լուսանկարվեցին հանրահայտ մարմնամարզուհու հետ։ Նրանցից մեկն էլ նշեց, որ մարմնամարզիկ է ուզում դառնալ․ «Հուրիի Գեբեշյանի պես․․․»։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org