Ինչպես խոզանակից մաքրել մածուկի մնացորդները

Արմավիրցի լրագրող, Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Սաթիկ Իսահակյանը հիշում է, թե ինչպես էր ժամանակին փորձում դադարեցնել իր երիտասարդ բարեկամուհու քթային արյունահոսությունը․ «Հորդորում էի, որ գլուխը հետ տանի, բամբակներ էի դնում քթի մեջ․․․ Այդ ամենն արդյունավետ չէր։ Պարզվում է, որ պետք է գլուխն առաջ հակել, քթի թևերը սեղմել միջնապատին, ճակատին ու ու ծոծրակին էլ սառույց դնել»։

Սաթիկը սովորել է արյունահոսությունը ճիշտ ձևով դադարեցնել  «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կազմակերպած «Լրագրողը՝ առողջ համայնքի ակտիվ անդամ» սեմինարի ընթացքում։ Ասում է, որ սեմինարը խիստ օգտակար էր․ «Շատ ինտերակտիվ էր ու աշխույժ։ Տեղեկություններ ստացանք, թե՛ առաջին բուժօգնության, թե՛ քաղցկեղի վաղ հայտնաբերման ու բուժման վերաբերյալ․․․ Պարզապես տեսական դասախոսություն չէր, շատ թեմաներ մանեկենների ու այլ դիդակտիկ նյութերի միջոցով էին բացատրվում»։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Ռափյանն էլ ծիծաղելով նշում է, որ մինչ այժմ ատամի խոզանակը սխալ ձևով է լվացել-չորացրել․ «Փաստորեն, մածուկի մնացորդները խոզանակի վրայից ոչ թե մատներով է պետք մաքրել, այլ հոսող ջրով հեռացնել»։

Սաթիկի ու Անիի հետ միասին ՔՈԱՖ-ի սեմինարին էին մասնակցում Հայաստանի չորս մարզերից ու Երևանից ժամանած 27 լրագրողներ։ Սեմինարը վարում էին ՔՈԱՖ-ի առողջապահական ենթածրագրերի ղեկավարներ Լուսինե Սահակյանն ու Լուսինե Անտոնյանը։ Թեմաները բազմազան էին․ բերանի խոռոչի հիգիենա, քրոնիկական հիվանդությունների վերահսկողություն, քաղցկեղի ախտորոշում և  բուժում, երեխաների անվտանգություն, առաջին օգնություն։ Նպատակը լրագրողներին այդ թեմաներով ամենաթարմ տեղեկություններ ու հմտություններ տրամադրելն էր, ինչպես նաև աշխույժ սպորտային խաղերի ու վարժությունների միջոցով առողջ ապրելակերպ քարոզելը։

«Հայ լրագրողները խիստ հետաքրքրված են առողջապահական թեմաներով»,- ասում է Լուսինե Անտոնյանը։- «Եւ շատ կարևոր է, որ այդպիսի թեմաներ լուսաբանողները համապարփակ գիտելիքներ ունենան»։

Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ լրագրողների հետ աշխատելը սպասվածից հեշտ էր․ «Նրանք առողջապահության ոլորտից չեն, բայց բավականին տեղեկացված էին, սուր հարցեր էին տալիս, մասնակցում քննարկումներին»։

Իսկ քննարկումները բուռն էին։ «Որոշ թեմաների շուրջ ձևավորված կարծրատիպեր ու առասպելներ կան»,- ասում  են մասնակիցները։- «Հատկապես շատ են քաղցկեղի ախտորոշմանն ու բուժմանն առնչվող թյուր պատկերացումները։ Շնորհակալ ենք, որ ՔՈԱՖ-ի առողջապահական թիմը լրացնում է այդ բացը։ Կցանկանայինք ավելի հաճախ մասնակցել նմանատիպ սեմինարների»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org