Հայկի քաղած լավագույն դասերը գյուղից, կրթությունից, բանակից

ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուների 85%-ն իգական սեռի ներկայացուցիչներն են։ Չնայած գյուղաբնակ աղջիկներին զորակցելն առանձնահատուկ դեր ունի մեր կրթական ծրագրերում,օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով՝ արդյունքում էլ ավելի կարևոր է դառնում կրթական ու մասնագիտական հնարավորություններ տալը ՔՈԱՖ-ի արական սեռի ուսանողներին։

Ծանոթացեք ՔՈԱՖ-ի շրջանավարտ և կրթաթոշակառու 22-ամյա Հայկ Մկրտչյանի հետ, ով ամեն ինչ պատվով հասցնելու լավագույն օրինակներից է։ Փոքրուց գյուղում ներգրավված է եղել իրենց ընտանեկան բիզնեսում, սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ բաժնում, իր պարտքն է կատարել հայրենիքի նկատմամբ՝ ծառայելով ՀՀ զինված ուժերում, հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում ու քայլեր ձեռնարկում՝ իր երազանքի բիզնեսն իրականություն դարձնելու համար։ Հիմա՝ առավել մանրամասն։

Կապը հողի հետ

Հայկը ծնվել է Շենիկում՝ Արմավիրի մարզի փոքր գյուղերից մեկը, որ նախկինում հայտնի էր Խոտալյուր անվամբ (այստեղ տարածված է եղել առվույտի մշակումը, որտեղից էլ գյուղն իր նախկին անունն է ստացել)։ Հենց Շենիկում է իր քրոջ՝ մեկ այլ ակտիվ ՔՈԱՖցի Անուշի հետ միասին հաճախել մի շարք ՔՈԱՖ-յան ծրագրերի՝ աշակերտական խորհուրդ, մասնագիտական կողմնորոշում, անգլերենի «Աքսես», բասկետբոլ, «Իմ թատրոնը» և այլն։ Շրջանավարտ դառնալով՝ Հայկն արդեն մասնակցել է ՔՈԱՖ-ի կարիերայի զարգացման , շրջանավարտների սթարթափ ինկուբացիոն ծրագրերին ու կրթաթոշակի արժանացել։

«ՔՈԱՖ-ը նպաստել է, որ մենք գյուղում ապրելն ընկալենք որպես առավելություն։ Գյուղի առօրյան օգնել է շատ բան տեսնել, կապ ունենալ հողի հետ, մոտ լինել վերջինիս՝ այդպիսով ամրապնդելով կապը նաև հայրենիքի հետ»,- խոստովանում է Հայկը։

Ապագա ֆինանսիստի ամենավաղ հաշվարկները

ՔՈԱՖ-ի մասնագիտական կողմնորոշման դասընթացներին հաճախելով՝ Հայկը սիրեց ֆինանսների ոլորտն ու որոշեց այդ մասնագիտությունն ընտրել ապագայում։ Եթե հաճախ երիտասարդները նախ մասնագիտական կրթություն են ստանում, ապա ոլորտում փորձ ձեռք բերելու հնավարություն ունենում, իր դեպքում ճիշտ հակառակն է եղել։ Փոքրուց ներգրավված լինելով Շենիկում իրենց ընտանեկան փոքր բիզնեսում՝ նա ակտիվորեն մասնակցել է մթերային խանութի առօրյա աշխատանքներին, այդ թվում՝ հաշվարկներին։ «Հետաքրքիր է, երբ սովորում ես մի բան, որի գործնական կողմն արդեն տեսել ես, ծանոթանում ես տեսությանն ու լրացնում եղած բացերը»,- նշում է Հայկը։

Բանակային տարիները՝ այլ աշխարհայացքի սկիզբ

Ինչպես իր շատ հասակակիցներ, Հայկն իր ուսման ընթացքում 2 տարի նվիրել է ՀՀ զինված ուժերում ծառայությանը՝ շրջան, որը մեծ ազդեցություն է թողել իր աշխարհընկալման վրա։ «Սկսեցի երևույթներին խորությամբ նայել, ավելի ուշադիր լինել իմ միջավայրին ու իրերն այլ կերպ գնահատել»։

Թե՛ որպես սահմանին եղած, թե՛ որպես քաղաքացի ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ՝ Հայկը կարծում է, որ երկիրը պետք է զարգացնել բազմակողմանիորեն։ Ամեն մեկը պետք է իր տեղում լինի և փորձի առավելագույնն անել իր պատասխանատվությունների շրջանակում։ «Մեզ միայն զենք պետք չէ կռվելու համար, մեզ պետք են լավ հացթուխներ՝ հաց թխելու համար, լավ շինարարներ՝ կառուցելու համար»,- շարունակում է նա։

Խոսելով պատերազմի մասին՝ նշում է, որ, ցավոք, վերջինս մեզ համար սովորական է դարձել։ «Մենք սովորել ենք պատերազմի հետ ապրել, բայց, ինչպես ասում են, լուսաբացը ամենամութ գիշերվանից հետո է լինում․ պետք է կարողանանք հաղթել պատերազմին»։

Զինված նոր գաղափարներով

2021-ին մասնակցելով ՔՈԱՖ շրջանավարտների  սթարթափ ինկուբացիոն ծրագրին՝ Հայկը «etHome» խմբի կազմում էր, որը նախագծում արժանացավ 2-րդ պատվավոր տեղին ու շահեց $3000 դրամաշնորհ։ «etHome»-ի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծել հյուրատների ցանց, որոնք այցելուներին պատկերացում կտան Հայաստանի հին թագավորությունների, մշակույթի ու պատմության մասին։ Այժմ խումբը ձգտում է նոր դրամաշնորհների հավաքագրման միջոցով կյանքի կոչել սթարթափը։

Գյուղատնտեսությանը մոտ լինելով՝ Հայկը շատ մտքեր ունի նաև ավանդական գյուղատնտեսությունից նորարարականին անցնելու մասին, բայց չի շտապում դրանց մասին բարձրաձայնել, քանի որ, ինչպես ինքն է ասում, «սիրում եմ նախ անել, հետո նոր խոսել մի բանի մասին»։ Հայկը հավատում է, որ գյուղատնտեսության ոլորտում կարելի է ֆինանսապես շահավետ բիզնես ստեղծել ու, օրվա ապրուստն ապահովելուց բացի, եկամուտ ստանալ։ Հենց այդ բիզնեսում են համադրվելու փոքրուց գյուղատնտեսի ու ապագա ֆինանսիստի տարիների փորձը, նոր ձեռք բերվող գիտելիքներն ու այն հստակ նպատակները, որոնց նախ սիրում է հասնել, հետո նոր խոսել այդ մասին։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org