6 միլիոն դոլար՝ Հայաստանի գյուղական համայնքներին

Միջոցառումը վարում էր Լոս Անջելեսի FOX 11’s Good Day-ի հանրահայտ աստղ Արաքսյա Կարապետյանը։ ՔՈԱՖ-ի դրամահավաք-երեկոյի մշտական հաղորդավար, դերասանուհի Անդրեա Մարտինն այս տարի չկարողացավ մասնակցել միջոցառմանը, սակայն տեսաուղերձի միջոցով ողջունեց Արաքսյային և հյուրերին։ Արաքսյա Կարապետյանն իր բացման խոսքում պատմեց, որ ծնվել է Գյումրիում, ականատես եղել 1988թ․ երկրաշարժին ու մանուկ հասակում ստիպված եղել թողնել հայրենիքն ու տեղափոխվել ԱՄՆ։ Նա մտաբերեց երկրաշարժի տարիներին հաջորդած հուսահատությունն ու հնարավորությունների բացակայությունը՝  նշելով, որ խիստ ուրախ է, որ ՔՈԱՖ-ի նման կազմակերպությունները «գյուղական երիտասարդության համար պատուհաններ են բացում»։

ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենն էլ խոսեց հայաստանյան ներկայիս իրողությունների մասին՝  նշելով, որ այժմյան ղեկավարությունն ազնվության ու անկաշառության բարձր չափանիշներ է ստեղծել։ Նա նաև խոսեց հայաստանցիների հույսի, եռանդի, փոխադարձ հարգանքի ու սիրո մասին։ Կարո Արմենը շեշտեց, որ խիստ կարևոր է բաց չթողնել ոգևորության պահերը՝ ուժ ու եռանդ ներդնելով և ձգտելով, որ ժամանակակից սերունդը արագորեն ձևավորվող հիմքերի վրա շարունակի կառուցողական աշխատանքը։

Այս տարվա Մարդասիրական մրցանակը հանձնվեց Ջեք և Զարիկ Յուրեջյաններին։ Լոս Անջելեսում բնակվող զույգն իր աջակցությունն էր ցուցաբերել գյուղական համայնքներում իրականցվող բազմաթիվ նախաձեռնությունների։ Յուրեջյանները ոչ միայն հայաստանցիներին են օգնում, այլև Աֆրիկայի ու հարավ-արևելյան Ասիայի չքավորներին ու Լոս Անջելեսի անտուն բնակիչներին։ Ջեքը մտաբերեց, որ իր մայրը երկրաշարժից հետո գնացել-ապրում էր Սպիտակում, տնակներում մնացող ընտանիքների հետ։ «Կարիքավորներին օգնելն արմատավորված էր իր էության մեջ»,- նշեց նա։

Ելույթ ունեցավ Lagani-ի նախկին փոխնախագահ ու Cosmo, Women’s Health, Seventeen ամսագրերի հրատարակիչ Դոննա Քալաջյանը, ով այժմ ղեկավարում է Hearst ընկերության բարեգործական հիմնադրամը։ Նա պատմեց, թե ինչպես են իր հայ ծնողները կարևորել ընտանիքի, կրթության գաղափարը ու միշտ օգնել անապահովներին։ Դոննան նշեց, որ իր ծնողները միշտ ցանկացել են, որ ինքն ամբողջությամբ զարգացնի իր ներուժը․ «ՔՈԱՖ-ն էլ Հայաստանի մանուկների համար նույնն է անում»։

Հանրահայտ դիմահարդար Հրուշ Աճեմյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին՝ իրեն տրամադրված անսահման հնարավորությունների համար։ Նա նշեց, որ ՔՈԱՖ-ն էլ հայաստանցի երիտասարդներին է զարգացման հնարավորություններ տվել՝ նպաստելով, որ նոր սերունդը ամբողջությամբ գործածի իր ներուժը։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանից ժամանած երիտասարդ երաժիշտներ։ Տասնյոթամյա ջութակահար Պոլինա Շարաֆյանն իր հզոր կատարումով բացեց երեկոն։ Նրան հետևեցին տասնվեցամյա երգչուհի Քրիստինա Զաքարյանի  կոմիտասյան ելևէջները։  Լսարանը հնարավորություն ունեցավ իմանալ ՔՈԱՖ-ի թողած ազդեցության մասին՝ լսելով ՔՈԱՖ-ի երկու շահառուների ելույթները։

Տասնութամյա դեբետցի Սաթենի Պետրոսյանն այժմ փոխանակման ծրագրով ուսանում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է ՔՈԱՖ-ն անգլերենի դասընթացի միջոցով փոխել իր կյանքը։ Նա մտաբերեց, թե ինչպես էր ամեն օր այցելում դեռևս կիսակառույց ՍՄԱՐԹ կենտրոն ու երազում բացման օրվա մասին։ Ապա խոսեց լեռնագոգցի Մանուշակ Ավագյանը, որին ոգեշնչել էր ՔՈԱՖ-ում աշխատող բժիշկների օրինակը։ Մանկուց շփվելով ՔՈԱՖ-ի աշխատակիցների հետ, ինչպես նաև ոգևորվելով իմունային թերապիայի բնագավառում Կարո Արմենի իրականացրած գործունեությամբ՝ Մանուշակը որոշել է բժիշկ դառնալ։ Այժմ նա աշխատում է արյունաբանական կենտրոնում՝ որպես մանկական արյունաբան-ուռուցքաբան։

Երեկոն ավարտվեց աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի ու թավջութակահար Արտյոմ Մանուկյանի փայլուն կատարումներով։ Նրանց ներկայացրած գործերը համեմված էին և՛ հայկական երաժշտությամբ, և՛ ջազային ավանդույթներով։

Անցկացվեց նաև արվեստի գործերի աճուրդ, որը վարեց հանրահայտ աճուրդավար Գաբրիել Բուտուն։  Երեկոյի ընթացում հավաքված ողջ գումարն ուղղվելու է ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական ծրագրերին, ինչպես նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org