Պատերազմ, ճամփորդություններ, աշխատանք

Էլիզ Յակուբյանը թոշակառու բուժքույր է, Կալիֆոռնիայում է ապրում։ Հաճախ է լինում Հայաստանում։ Իր վերջին այցելության ընթացքում Էլիզը որոշեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) համար կամավորություն անել։

Էլիզը գրավիչ, բայց դժվարություններով լի կյանք է ունեցել։ «Միշտ ակտիվ եմ եղել ու լավ մարզավիճակում։ Բասկետբոլ եմ խաղացել, շատ եմ ճամփորդել։ ԱՄՆ-ում եմ ապրում, բայց ոտքի տակ եմ տվել Եվրոպան, Թաիլանդը, Հոնկոնգը․․․ Նույնիսկ որոշ ժամանակ Ֆիլիպիններում եմ ապրել ու աշխատել»։

Սակայն երկար ժամանակ Էլիզի հայրենիքն ու մշտական բնակավայրը եղել է ոչ թե Ամերիկան, այլ Լիբանանը: Նա ծնվել է Բեյրութում ու ապրել այնտեղ՝ մինչ քառասուն տարեկան դառնալը։ «Երկու եղբայր, երկու քույր ունեի,- պատմում է Էլիզը։- Ընտանիքիս բոլոր անդամները՝ քեռիներս, մորաքույրներս, մի թաղամասում էին ապրում, ու մենք շատ մտերիմ էինք։ Միշտ հոգատար էինք միմյանց նկատմամբ։ Եղբայրներիցս մեկը բժիշկ էր, մյուսը՝ ինժեներ։ Երբ պատերազմը սկսվեց, նրանք մեկնեցին Միացյալ Նահանգներ, իսկ ես մնացի Լիբանանում՝ մորս ու քրոջս հետ»։

Այդ ժամանակ Էլիզն արդեն Բեյրութի ամերիկյան համալսարանում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում ու չէր ուզում աշխատանքը կորցնել։ Բացի այդ, նա մտածում էր, որ պետք է մնա ու վիրավոր զինվորներին խնամի։ Սակայն շուտով իրավիճակն ավելի սրվեց, ու Էլիզի եղբայրները համոզեցին, որ նա Միացյալ Նահանգներ տեղափոխվի։

Էլիզը պնդում է, որ, առանձնապես, չէր ուզում Ամերիկայում ապրել։ «Սկզբում անընդհատ մտածում էի Լիբանան վերադառնալու մասին։ Սակայն հետո հաշտվեցի այդ մտքի հետ ու որոշեցի կրթությունս Նահանգներում շարունակել։ Ի վերջո, Բեյրութի բուժքույրական դպրոցն էի ավարտել, ինչպես նաև Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում վերապատրաստում էի անցել»։

Էլիզն ավարտեց Այովայի բուժքույրական քոլեջն ու սկսեց Վաշինգտոնի մանկական հիվանդանոցում տարբեր նախագծեր ու հետազոտություններ իրականացնել։ Ապա տեղափոխվեց Կալիֆոռնիայի Լա Քրեսենտա քաղաքը, որտեղ ապրում է մինչ օրս, ու դարձավ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի՝ հետազոտությունների գծով տնօրենի օգնականը։

Էլիզը նաև բուժքույրական ընկերակցության անդամ դարձավ։ Նա ակտիվորեն մասնակցում էր ամենամսյա հավաքներին՝ նույնիսկ թոշակի անցնելուց հետո։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց պարբերաբար Հայաստան այցելել։ «Ես ծանոթ էի Հայաստանի ու սփյուռքի բոլոր բարեգործական կազմակերպություններին ու միշտ գումար էի նվիրաբերում նրանց։ Ապա մտածեցի, որ արժե անձամբ այցելել։ Յոթ այցելություններից միայն առաջինն էր զբոսաշրջային։ Դրանից հետո գալիս էի բարեկամներիս հետ, ու ամիսներով մնում էինք․․․»

Ապա Էլիզի ազգականներից մեկը, որը «Դեպի Հայք» կազմակերպությունում էր աշխատում, հուշեց, որ նա կարող է Հայաստանում կամավորություն անել։ Եվ Էլիզը երկու ամիս աշխատեց երևանյան ամառային դպրոցներից մեկում։ «Աշակերտների համար անձնական հիգիենային ու առողջապահական այլ թեմաներին առնչվող դասախոսություններ էի կարդում։ Ապա AVC կամավորական կազմակերպության ղեկավարն առաջարկեց կամավորություն անել ՔՈԱՖ-ի համար։ Ես հիշեցի, որ այդ հրաշալի կազմակերպությանը գումար եմ նվիրաբերել։ Յոթ շաբաթ աշխատեցի Շիրակի մարզում՝ ՔՈԱՖ-ի շահառու 7 համայնքներում, և դա ինձ համար խիստ գոհացուցիչ փորձառություն էր։ Այս անգամ լսարանս բաղկացած էր ուսուցիչներից ու ծնողներից։ Խոսում էինք առողջ ապրելակերպի, ինչպես նաև վատ սովորությունները հաղթահարելու մասին։ Կարծես թե կարողացա գիտելիքներս նրանց փոխանցել»։

Էլիզն ասում է, որ հաճույքով երբևէ կվերադառնա Հայաստան ու կշարունակի աշխատել ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում։ «Գյուղական տարածքներին աջակցելու ծրագրերը խիստ կարևոր են։ Ուրախ եմ, որ ՔՈԱՖ-ի ընտանիքի մասն եմ եղել։ Այստեղ բոլորը բարեհամբույր են ու ժպտերես։ Մի օր անպայման կվերադառնամ այդ ջերմ ընտանիքի մոտ»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org