Իսկ առավոտներն այստեղ խաղաղ են․ Ձորագյուղ

Արևի շողերի ոսկին պայծառ երիզում է հեռու մարգագետիններն ու լեռների թանձր կանաչը։ Գյուղացիներն անշտապ վայելում են սուրճը, մինչ աքաղաղի պարտաճանաչ «ծուղրուղո՜ւն» խախտում է առավոտյան խաղաղ լռությունը՝ բոլորին հրավիրելով գործի անցնել։

Եթե գնահատում եք մանրուքների մեջ ապրող գեղեցկությունը, ուրեմն Ձորագյուղի առավոտները ձեզ համար են․ բնության սիրահարների փոքրիկ այս դրախտը Լոռու մարզում է։ Մաքուր զով օդը, թվում է, բոլոր ցավերին դարման է։

Սարերում ծվարած փոքրիկ, հավաք այս գյուղը 250 բնակիչ ունի, ու ամենքն էլ ճանաչում են միմյանց։ Գյուղը բավականին հեռու է մարզի գլխավոր մայրուղուց։ Ճիշտ և ճիշտ գյուղի լքված ու քարքարոտ ճանապարհի պես՝ տեղացիներն էլ լրացուցիչ ջանք պիտի գործադրեն, մի քանի քայլ ավել անցնեն՝ սեփական ճանապարհը գտնելու ու դրված նպատակներին հասնելու համար։

15-ամյա Տիգրան Գրիգորյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի նախկին ուսանողն է։ 2020-ի գարնանն ավարտել է Ձորագյուղի հիմնական դպրոցը ու չի կարողանում գյուղում շարունակել կրթությունը․ ոչ ավագ դպրոց կա, ոչ քոլեջ։ Ու հիմա Տիգրանն ստիպված երկար ճանապարհ է անցնում Վանաձորում ավագ դպրոց հաճախելու համար։ Սա է ծրագրավորող դառնալու իր երազանքին հասնելու թերևս միակ ուղին։

«Մի 20-30 րոպե քայլում եմ, մինչև գյուղից հասնեմ մայրուղի, այնտեղից էլ պատահական մեքենայով գնում եմ Վանաձոր։ Երբեմն ուշանում եմ դասից․․․ կախված է նրանից, թե երբ մեքենա կպատահի, որ համաձայնի ինձ հասցնել տեղ»,- համեստ ձայնով բացատրում է Տիգրանը։

  • Ծրագրավորողը ձեր գյուղում ապագա ունի՞,- հարցնում եմ Տիգրանին։
  • Ո՛չ,- վստահ պատասխանն այլևս չի մեկնաբանում։

Ճանապարհը, որ Տիգրանն անցնում է այսօր ամեն օր, շատ ծանոթ է Սուրեն Հարությունյանին․ Ձորագյուղի նախկին գյուղապետն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրավարը քայլարշավի նույն ուղին էր անցնում 6 տարի շարունակ, երբ Վանաձորում ավագ դպրոց էր գնում, հետո էլ՝ համալսարան։ Համայնքի ղեկավարի իր գործը նկարագրում է որպես «մի մեծ ընտանիքի հոր դերի ստանձնում, որտեղ պատասխանատու ես ամեն ինչի ու յուրաքանչյուրի համար»։

Ավագ դպրոցի բացակայությունը գյուղի ամենամեծ խնդիրն է համարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական խորհրդատու և Ձորագյուղի դպրոցի ուսուցիչ Նարեկ Արզումանյանը։ Նա Արմավիրի մարզից այստեղ տեղափոխվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շնորհիվ, ստեղծել իր գողտրիկ միջավայրը շքեղ այս գյուղում, որտեղ չկա տրանսպորտ ու գազ։ Խանդավառ մանկավարժն անհատապես գիտի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բոլոր 1350 ուսանողներին։ Նա գրեթե անհնարինն է անում, որ Ձորագյուղն ու հարակից համայնքները երիտասարդներին առաջարկելու ավելի շատ բան ունենան։

Մի քանի ոգևորող բան է վերջերս տեղի ունեցել Ձորագյուղում։ 2015 թ․ ՔՈԱՖ-ն առաջին անգամ մուտք գործեց համայնք՝ ներդնելով դպրոցական առողջ սննդի ծրագիրը։ Նախ, մենք լիովին վերանորոգեցինք դպրոցի ճաշարանն ու ատամնակայան հիմնեցինք (ատամները մաքրելու լվացարանային հատված, որ ճաշարանին կից է)՝ ապահովելով տարրական դպրոցի երեխաների ամենօրյա բալանսավորված սնունդը։ Ծրագիրը նպատակ ունի երեխաների շրջանում դեռ վաղ տարիքից ձևավորելու առողջ սնվելու ու ատամները պատշաճ խնամելու մշակույթը։

ՔՈԱՖ-ը փորձում է լուսավորել Ձորագյուղը ոչ միայն արտադասարանային կրթության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերի շնորհիվ, այլև բառի բուն իմաստով։ 2020 թ․ սկզբին ՔՈԱՖ-ը գյուղում լուսավորության համակարգ ներդրեց, որ թույլ է տալիս գյուղացիներին հանգիստ զբոսնել՝  խուսափելով անբարեկարգ ճանապարհների վտանգներից։

«Ձորագյուղցիները շատ միասնական են։ Օրինակ՝ եթե որևէ ընտանիք սեզոնային բերքահավաք է կատարում, գյուղացիները ցանկ են կազմում բոլոր նրանց, ովքեր կուզենան օգնել իրենց, հետո համապատասխան օրեր են ֆիքսում,- ուրախությամբ պատմում է Նարեկը։- Եթե ուզում եք թիմային աշխատանքի լավ օրինակ տեսնել, եկե՛ք Ձորագյուղ»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org