Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում համախմբվածության խթանումն էական նշանակություն ունի, հատկապես, երբ խոսքն այն երեխաների մասին է, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները Արցախի բռնի տեղահանման արդյունքում: Սկսելով կյանքի միանգամայն նոր փուլ՝ նրանք տեղափոխվել են անծանոթ միջավայր, դպրոցներ ու համայնքներ և բախվել բարդ, երբեմն նաև սթրեսային իրավիճակների։ Գիտակցելով այս երեխաներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ ՔՈԱՖ-ը իր H.O.P.E. նախագծի շրջանակում իրականացնում է տարատեսակ միջոցառումներ, որոնցից մեկի մասին ձեզ կպատմենք այսօր։
Միավորելով ջանքերը Armenian Family Support Services (AFSS)-ի հետ՝ մենք իրականացրինք «Համախմբելով երեխաներին մշակույթի և գրքերի միջոցով» նախաձեռնությունը։ Դրա նպատակն էր ամրապնդել համախմբվածությունն Արմավիրի և Լոռու մարզերում՝ միավորելով տեղի աշակերտներին ու Արցախից տեղահանված դպրոցահասակ երեխաներին։ Այսպիսով, 6-15 տարեկան 400-ից ավելի աշակերտ հնարավորություն ունեցավ մասնակցել «Խաղարան» և «Ծիլ» ստուդիաների կողմից կազմակերպվող տիկնիկային ներկայացումների, ձեռք բերել նոր ընկերներ և կարևորել համայնքներում առողջ միջավայրի ձևավորումը։
«Խաղարան»-ի մեր գործընկերները պատմում են, որ «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» ինտերակտիվ ներկայացման ընթացքում երեխաներից յուրաքանչյուրը խոսել է իր զգացմունքների մասին։ «Արցախից տեղահանված երեխաներից ոմանք քվեարկում էին, որ վախեցած են 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններից։ Իսկ այն հարցին, թե հիմա իրենց ինչպես են զգում, ասում էին, որ ավելի ապահով են, որովհետև նոր ընկերներ են գտել։ Բայց քվեարկությունը ցույց է տալիս, որ վախը դարձել է այդ երեխաներին մշտապես ուղեկցող զգացմունք»,-նշում են ներկայացման կազմակերպիչները և հավելում.-«Քանի որ ներկայացումներին տարբեր տարիքի երեխաներ էին, դա հնարավորություն էր լսել իրենցից մեծի և փոքրի զգացմունքների մասին, ճանաչել ավելի մեծ կամ փոքր տարիքում եղած ապրումները և այս ճանապարհով ավելի մտերմացնել տարբեր տարիքի երեխաների»։
Իսկ «Ծիլ» տիկնիկային ստուդիան, որ ազգայինը տարածելու առաքելություն ունի, ցուցադրեց «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը։ Իրենց խոսքով. «Առաջին իսկ պահից հեքիաթը սիրվեց երեխաների կողմից, մեծ սիրով սպասում էին հետագա զարգացումներին, իսկ դրանք տեղի էին ունենում ոչ միայն բեմում, այլ նաև դահլիճում՝ երեխաների հետ միասին: Նրանք հերոսների հետ հարց ու պատասխանի մեջ էին, խոսում էին նրանց հետ, հպվում տիկնիկներին և դրական էմոցիաներ էին արտահայտում: Երեխաների էներգիան ճիշտ օգտագործելու և օրն ավելի ամբողջական դարձնելու համար ներկայացման վերջում կազմակերպեցինք նաև ազգային խաղերի ու պարի դասընթաց։ Մեր ներկայացումները համարում ենք կայացած, քանի որ վերջում երեխաները չէին ուզում վերադառնալ իրենց տները և ցանկանում էին ավելի երկար լինել հեքիաթի մեջ»։
Տիկնիկային ներկայացումներից զատ, ընթերցանությունը խրախուսելու նպատակով ՔՈԱՖ-ը և Armenian Family Support Services (AFSS)-ն արցախցի փոքրիկներին տրամադրեցին նվեր-փաթեթներ, որոնք ներառում էին գրքեր, ինտերակտիվ խաղեր ու կրթական նյութեր։
ՔՈԱՖ-ի H.O.P.E. (Հույս) նախագծի ղեկավար Դիանա Մովսիսյանը նշում է, որ այս երկու կառույցներն ունեն հաջողված և արդյունավետ համագործակցության փորձ։ Նախորդ տարիներին՝ 2022-ին և 2023-ին, ՔՈԱՖ-ը և AFSS-ը համատեղ ծրագրեր են իրականացրել Արցախի գյուղական համայնքներում։ Ներկայացումների շարքը համագործակցության երրորդ փորձն է։ «Ներկայացումների ինտերակտիվ բնույթը խթանեց միասնության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի զգացումը աշակերտների միջև, միաժամանակ զարգացրեց մշակութային և զգացմունքային իրազեկվածությունը, ընթերցանության նկատմամբ սերը: Ծրագիրը նպաստել է մասնակիցների միջև ընկերական կապերի զարգացմանը, դպրոցականների շրջանում բազմազանության ներառականությանը և ընդունմանը: Նախագիծը ստեղծեց աջակցող և սնուցող միջավայր և, կարծես թե, մնայուն տպավորություն թողեց մասնակիցների սրտերում ու մտքերում»,-ասում է Դիանան։
Այսպիսով, մեր նպատակն էր խթանել ավելի կարեկցող և պատասխանատու հասարակություն ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա իր ներուժը բացահայտելու և հաջողության հասնելու հնարավորություն կունենա: Շնորհակալ ենք մեր գործընկերոջը ջերմ համագործակցության համար:
Դե իսկ ՔՈԱՖ-ի H.O.P.E. ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Ոգևորիչ այլ միջոցառումների մասին կպատմենք հաջորդիվ։