Մեծ արկածներ, փոքր գյուղ․ սկսում ենք վլոգ Դեբետում

Ճանապարհորդելու ակտիվ շրջանը կարծես մոտենում է, ու թեև համաճարակը դեռ չի նահանջել, մենք՝ աշխարհի ամենաադապտացվող էակներս, վերջինիս հետ ապրել, ինչու չէ նաև ճանապարհորդել ենք սովորել։

Մեր երևանյան գրասենյակից ամեն օր տասնյակից ավելի թիմակիցներ ուղևորվում են տարբեր համայնքներ։ Աշխատում ենք 5 մարզի 64 գյուղերում․ դե պատկերացրե՛ք՝ որքան բազմազան են մեր ճամփորդությունները։ 

Եվ ահա, որոշել ենք ձեզ բոլորիդ մեզ հետ միասին տանել դրանցից մեկին՝ ուղիղ դբա ՍՄԱՐԹ Դեբետ։ 

Սկսում ենք վլոգերի (վիդեո բլոգերի) շարք, որը կոչվում է Debet Walks (քայլում ենք Դեբետով): Պատմելու ենք Դեբետի մասին՝ Լոռու մարզի կանաչ սրտում տեղակայված փոքր գյուղ, որտեղ մեծ աշխատանքներ են տարվում։ 2018-ից այստեղ է գտնվում մեր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը, ու գյուղի ՍՄԱՐԹացումը շարունավում է։ Այն շուտով կդառնա Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղը՝ հենց դրան է նվիրված շարքը։  

Ինչպե՞ս ծնվեց վլոգի գաղափարը 

Սոցցանցերում մեզ հետևելով ու ամսական նորությունների միջոցով մեր գործունության մասին կարող եք շատ բան իմանալ, բայց աշխատանքի մի մեծ ծավալ հաճախ մնում է «ետնաբեմում»։ Վլոգերի շարքը հնարավորություն կտա ձեզ ներկայացնել աշխատանքի ետնաբեմն ու ընթացքի ուղղակի մասնիկը դարձնել։ 

Հայաստանի գյուղերի մասին շատ հաղորդումներ չկան, վլոգեր՝ առավել ևս։ Կարծում ենք՝ հրաշալի հնարավորություն է գյուղական կյանքը ճանաչելու ու հասկանալու համար՝ ինչպես է ՔՈԱՖ-ը փոխում մի ամբողջ գյուղի բնակչության իրականությունը։

Ճամփորդում ենք Ներսեսի հետ

Debet Walks-ի վլոգերը Ներսես Խաչատրյանն է՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտների ծրագրի համակարգողը, ով ինքն էլ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի մեր շրջանավարտներից է։ Ներսեսը ՔՈԱՖ-ի հետ է մեծացել ու թեև շատ լավ ծանոթ է մեր համայնքներին ու ծրագրերին, Դեբետն ինքն էլ  նոր պետք է բացահայտի։ 

Գյուղացիների հետաքրքրասեր հայացքներին, թե «ո՞վ է այս տղան, ի՞նչ է նկարում», արդեն սովորել է։ «Մարդկանց արձագանքները շատ տարբեր են՝ սկսած ճանապարհից մինչև գյուղ։ Ոմանք շատ տարօրինակ են նայում, ոմքան էլ այնքան բաց ու հյուրասեր են, որ հասկանում ես՝ մարդկանց այդ տեսակը միայն գյուղում կհանդիպես։ Ճանապարհին Գնթունիքում մեզ շատ համով խաչապուրի հյուրասիրեցին, Դեբետում՝ պլեճ, գաթա, գինի, սուրճ․ այլ կերպ ասած, անվճար սնվե՞լ ես ուզում՝ տեսախցիկը վերցրու ու ճանապարհ ընկիր դեպի գյուղ»,- պատմում է նա։ 

Ներսեսի հետ միասին դուք ոչ միայն կծանոթանաք գյուղին, մարդկանց, կոլորիտին, այլև կծանոթանաք այն բոլոր աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում ու դեռ սպասվում են համայնքում։ Ի՞նչ տեսք կունենա նոր ավտոբուսի կանգառը, համայնքային ժողովին այսօր ի՞նչ են քննարկելու, փողոցներն ի վերջո լուսավորվեցի՞ն։ Եվ այսպես՝ շարունակ։  

Սերիա #1

Ներսեսի ճանապարհին մոլորվելու, էշից ընկնելու ու այլ արկածները վլոգի առաջին սերիայում են։ Նա ընդամենը փորձում է Երևանից հասնել Դեբետ ու վերջապես հասկանալ՝ Դեբե՞տ, թե՞ Դեբեդ։ Ահա այն, դիտեք ու կիսվեք տպավորություններով․ մենք դրանց սպասում ենք։ 

Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ հաջորդ սերիաները բաց չթողնեք։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org