Դեբետը՝ կղմինդրե տանիքներով գյուղը․ շուտով

«Տանիքը պետք է վերանորոգել, երբ դրսում արև է շողում»։

Ջոն Ֆ. Քենեդի

Գյուղական համայնքներում կենցաղային բարդությունները շատ են՝ խմելու և ոռոգման ջրի պակաս, գազամատակարարման, ճանապարհաշինության, հանրային երթևեկության համակարգի խնդիրներ ու ոչ միայն։ Կան հոգսեր, որոնց լուծմանը, կախված առաջնահերթություններից, հերթն այդպես էլ չի հասնում։ Վնասված տանիքների խնդիրը հաճախ դրանցից մեկն է։ 

Գյուղում մնալու, ապրելու, արարելու համար կարևոր է, որ ընտանիքներն իրենց բարեկեցիկ ու ամուր զգան հենց իրենց տանը՝ սեփական հողում։ Իսկ երբ սեփական տան տանիքն ամուր չէ, տհաճ անակնկալների մի ողջ շարք է ձևավորվում հոսող անձրևաջրերի, քամու ու ցրտի տեսքով։ 

ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում Լոռու Դեբետ համայնքում, ի թիվս մի շարք տնտեսական, ենթակառուցվածքային և կարողությունների զարգացման ծրագրերի, վերանորոգվում են համայնքի բնակիչների տանիքները՝ ներքին կառուցվածքից մինչև կղմինդրե երեսպատում։ 

«Տանիքների վերանորոգման ծրագիրն իրականացվում է համատեղ ներդրմամբ․ ծախսերի 80%-ը հոգում է ՔՈԱՖ-ը, 20%-ը՝ ընտանիքը»,- պատմում է ՔՈԱՖ-ի ճարտարագետ Դավիթ Ալեքսանդրյանը, ով ղեկավարում է Դեբետի տանիքների վերանորոգման և աղբահանության համակարգի ներդրման ծրագրերը։

Փորձը ցույց է տալիս՝ ծրագրում նյութական որոշակի մասնակցություն ունենալով՝ բնակիչներն ավելի շահագրգռված ու սրտացավ են մոտենում իրենց իսկ բարեկեցության համար արվող աշխատանքին։

«ՍՄԱՐԹ Դեբետ» նախագիծն իրականացվում է 5 տարի ժամկետով, ինչը ենթադրում է, որ հաջորդ տարիների ընթացքում Դեբետ համայնքի տանիքների մեծամասնությունը աստիճանաբար կվերանորոգվի։ 2021-ին վերանորոգվում են առաջին 6 տանիքները․ 2-ն արդեն պատրաստ են, իսկ մյուս 4-ը պատրաստ կլինեն օրերս։ 

Տիգրան Սիմոնյանը Դեբետի այն բնակիչներից է, ում տանիքը ծրագրով առաջինն է վերանորոգվել։ Լինելով շինարար՝ նա անձամբ մասնակցել է իր տանիքի վերանորոգմանն ու մեծ գոհունակությամբ նշում է, որ վերջապես կարողացավ իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ սեփական տանիքի կառուցումը։

«Չնայած մեր տանը անձրևաջրերի և ցրտի խնդիր տանիքի պատճառով չի եղել, այն շատ վատ վիճակում էր՝ հին ու մաշված»,- նշում է Տիգրանը, ում 5 անդամներից բաղկացած ընտանիքն արդեն ամուր տանիք ունի։  

Տանիքի բարեկարգումից զատ՝ ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային ծրագրերի շնորհիվ արդեն ամիսներ է, ինչ Տիգրանն ու իր համագյուղացիները կարողանում են աշխատանք գտնել հենց իրենց գյուղում՝ Վանաձոր կամ հարակից համայնքներ գնալու փոխարեն։ 

Տանիքների վերանորոգմամբ մենք ուզում ենք, որ Դեբետի բնակիչների կենցաղային խնդիրները մեկով պակասեն, ու նրանք իրենց ողջ ներուժը կենտրոնացնեն իրենց կյանքի որակը բարելավելու, առաջ մղվելու ուղղությամբ։ 

Ստացվում է՝ շուտով Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղը նաև կճանաչեք իրեն բնորոշ կարմիր կղմինդրե, կոլորիտային տանիքներով։ 

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org