Դեբետը նոր, ժամանակակից դպրոց կունենա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում ակտիվ անցուդարձ էր. տեղի էր ունենում գյուղի միջնակարգ դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, կառավարության և համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Դպրոցի կառուցումն իրագործվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից՝ Մանկոեանների ժառանգների նվիրաբերության շնորհիվ: Այս հանձնառությունը հիմնադրամը ստանձնել է հաշվի առնելով նախկինում գործող շենքի անբարեկարգ վիճակն ու սեյսմիկ ռիսկի գործոնները:

Նոր դպրոցը, որի կառուցման համար ներդրվելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր և գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով և ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով, որոնք նախատեսված են ոչ միայն գիտելիքների յուրացումը դյուրին դարձնելու, այլև երեխաների ակտիվ ներգրավվածությունը խրախուսելու համար:

Հիմնարկեքի արարողության մեկնարկը տրվեց հյուրերի ողջույնի խոսքերով։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշեց. «ՔՈԱՖ-ը Լոռվա մարզում իրականացվող տարբեր ծրագրերի և շինարարական նախագծերին զուգահեռ այսօր մեկնարկեց Դեբեդի դպրոցի կառուցման աշխատանքները։ Մեր նպատակն է հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Ուզւոմ եմ հատուկ նշել, որ ինչպես մեր մնացած նախագծերն, այնպես էլ Դեբեդի դպրոցի կառուցումը ընթանում է անձնակազմի շարունակական վերապատրաստումներին զուգահեռ։ Մենք կառուցում ենք ոչ միայն դպրոցի շենք, այլև փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները և ուսուցիչները կկարողանա բացահայտել և իրացնել իր ողջ ներուժը, աշխատել և սովորել ստեղծագործականությունը խթանող միջավայրում, ձևավորել լայն մտահորիզոն»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը. «Կրթական համակարգում ներկայումս բավականին ծավալուն բարեփոխումերի մի ժամանակաշրջան է։ Այս համատեքստում իրականացվող ամենակարևոր ծրագրերից մեկը Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ»-ն է և կարծում եմ՝ այս դպրոցի շինարարությունը գալիս է համալրելու նշված ծրագիրը։ Բնականաբար, սա իրականացնելու հնարավորություն չէր լինի, եթե «Հայաաստանի մանուկներ» հիմնադրամն ակտիվորեն չաշխատեր բարերարների հետ։ Մեր մեծ շնորհակալությունը հիմնադրամին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրում, մասնավորապես դպրոցաշինության և կրթության ոլորտում փոփոխություններին ուղղված ծրագրերում»։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդգծեց Դեբետ գյուղում նոր որակի ուսումնական հաստատություն հիմնելու կարևորությունը՝ նշելով. «Իզուր չէ ասված, որ պետության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը լավագույն կրթության ապահովումն է, իսկ դրա համար կարևոր է նաև կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ Լոռու մարզի, մասնավորապես Դեբետի բնակիչներին ժամանակակից դպրոցի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Կարճ ժամանակ հետո ունենալու ենք նորարարական և առաջադեմ կրթական մի կառույց, որը կօգնի յուրաքանչյուր աշակերտի ստեղծարար միջավայրում բացահայտել իր ներուժը, զարգացնել կարողությունները՝ ստանալով որակյալ կրթություն»։

Ոգեշնչող ելույթներից հետո ընթերցվեց Մանկոեանների ժառանգների ուղերձը, որը ՔՈԱՖ-ի գրավոր խոստման հետ կմնա Դեբեդի դպրոցի ամենահիմքում՝ որպես օրվա հիշատակություն և ապացույց ապագա սերունդների համար:

«Մեզ համար մեծ պատիվ է այս դպրոցը նվիրաբերել Հայաստանի մանուկներին։ Հուսով ենք՝ հայ երիտասարդների ապագա սերնդի առջև կբացվեն զարգացման և ինքնաարտահայտման նոր հնարավորություններ։

Որպես Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգներ՝ մենք երբեք չենք մոռանում մեր հայկական արմատների մասին։ Կրելով ազգային արժեհամակարգը՝ մեր ընտանիքում միշտ առաջնահերթություն է տրվել երկու երեխաների որակյալ կրթությանը։

Այն, որ կրթությունը միակ ուժն է, որը ոչ ոք և երբեք չի կարող խլել մեզնից, եղել է և շարունակում է մնալ մեր խորին համոզմունքը։

Մենք անցյալն ենք, իսկ դուք՝ ապագան, լա՛վ սովորեք»։

Դե ի՞նչ, Դեբեդի դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Շատ շուտով հարյուրավոր երեխաների ու երիտասարդների կընձեռվի հնարավորություն ստանալու 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն և ուսումնառության համար լավագույն պայմաններ:

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org