Հայրենի բնօրրանի խորհրդավոր աշխարհը․ Դեբեդի կիրճ

Հնագույն բերդեր և անառիկ բարձունքներ, անտառների թավուտ և ոլորապտույտ կածաններ, անցյալի խորքերից արձագանքող կանչեր և դեպի ապագան կարկաչող ջրեր՝ ՔՈԱՖ-ը հանում է գաղտնիքների շղարշը Լոռու մարզի Դեբեդի կիրճից։

Եթե ճանաչում եք մեզ, ուրեմն վստահաբար գիտեք, որ մեր սերը գործ է։ 

Դե քանի որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Դեբետ գյուղում է, մեր թիմի անդամներից շատերն էլ մարզի քաջատեղյակներ են դարձել։ Աշխատում ենք տեղերում, ճամփորդում ենք գյուղից գյուղ, ներդրումներ ենք կատարում՝ մարզը դիտարկելով որպես անգին գոհար՝ աճի անսահման ներուժով։ 

Այս տարի մշակել ենք Դեբեդի կիրճի նախագիծը՝ բացելու Լոռու արկածաշատ զբոսաշրջության գանձարանն ու հյուրընկալության ասպարեզը բարձրացնելու նոր մակարդակի։ Նախագիծը կյանքի է կոչվել մեր գործընկեր Եվրոպական միության և Տեղական ժողովրդավարական գրասենյակների գործակալության (ALDA) աջակցությամբ։ Գործուղումների ընթացքում ջանադրաբար ուսումնասիրել ու բացահայտել ենք բազմաթիվ նոր ուղիներ և արդեն 2020 թ․ ամռանը հանդես ենք եկել տուրիզմը խթանող նախաձեռնություններով։

Հյուրընկալության խորհուրդներ իջևանատներին (B&B)

Մենք հավատում ենք կարողությունների զարգացման ուժին, մեր շահառուների հմտություններն ու գիտելիքն ամենից շատ ենք արժևորում։ ՔՈԱՖ-ը սերտորեն աշխատում է հյուրընկալության ծառայություններ մատուցողների հետ Դսեղում, Դեբետում, Թումանյանում, Ձորագյուղում՝ խորհրդատվություն իրականցնելով իջևանատների գործառնությունների մասով։ Հատուկ շեշտ է դրվում համայնքի զարգացման գործում փոքր բիզնեսի արդյունավետության և մարզում տուրիստական փորձի հարստացման հարցերի վրա։

Քայլարշավային արահետներ

Բնության գրկում զբոսնելիս հազարավոր հրաշքների ես հանդիպում։ Նրանք, ովքեր սիրում են բնության հետ առանձնանալ, կարող են օգտվել մեր մշակած հետիոտնային երկու երթուղիներից հենց Լոռու սրտում․ 

  • Դեբետ – ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն 

Մենք մեր լուման ենք ունեցել Լոռու քայլարշավային արահետների ընդլայնման և զբոսաշրջային ներուժի զարգացման հարցում։ Մեր գործընկեր «Թրեյլս ֆոր չեյնջ» հասարակական կազմակերպությունը կառուցել է 1,6 կմ երկարությամբ հատված, որն իրար է միացնում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ու Դեբետ գյուղը։

  • Դեբետ-Եղեգնուտ 

Մեր հաջորդ երթուղին, որ միավորում է Դեբետն և Եղեգնուտը, սկսվում է Դեբետ գյուղի կենտրոնից, անցնում է ամենագնացների հին ճանապարհով, բարձրանում է բլուրն ի վեր ու շարունակվում անտառով՝ արշավականին հասցնելով Եղեգնուտի կենտրոն։ Երթուղին բազմազան է ու շատ տպավորիչ՝ արևով ողողված մարգագետին, Դեբետ գյուղի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համայնապատկեր։ Տարվա եղանակից կախված՝ կարելի է խոզուկների հմայիչ ընտանիքների հանդիպել կամ էլ թփերից վայրի մամուխ հավաքել։  

«Տեղացի ուղեկցորդի հետ քայլելիս հետզհետե արթնանում է հին, խունացած, գրեթե մոռացված մի իմաստնություն․ դու նորից սովորում ես կարդալ ամպերն և քամին, լսել և զգալ օդի թրթիռներն արևածագին ու մայրամուտին: Դա բացառիկ բան է․ այն միշտ այդտեղ է, բայց գրեթե աննկատ»,- նկարագրում է Դեբեդի կիրճի ծրագրի ղեկավար Կարինե Արոյանը:

Այն ամենն, ինչ պետք է արկածային տուրիզմի համար

Էլ ի՞նչ արկածային զբոսաշրջություն՝ առանց հատուկ պարագաների։ Ուստի մենք ձեռք ենք բերել լեռնագնաց հեծանիվներ, վրաններ, քնապարկեր և ճամփորդական ցուպեր։ Մեծապես կարևորելով նախագծի ամեն մանրուքի թափանցիկությունը՝ տենդեր ենք հայտարարել, որ տեղացի գործարարներից գնենք անհրաժեշտ սարքավորումները։

«Չորս ամսում մարզի զարգացման երկարատև գործընթացի մեկնարկը տվեցինք։ Այս նախագիծը թույլ տվեց մեզ հետազոտել, ճանաչել տեղի բիզնեսի յուրահատկությունները և դժվարությունները, հստակեցնել հյուրընկալության ոլորտի բացերն ու մարտահրավերները։ ՔՈԱՖ-ը Լոռու զարգացման ուղղությամբ աշխատում է 2015 թվականից, իսկ այս նախագիծը նոր թափ հաղորդեց ՔՈԱՖ-ի սկսված գործին»,- բացատրում է Արոյանը։ 

Նախագծի արդյունքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ այցելուների կենտրոնը (Մ6 մայրուղու և Հ22 ճանապարհի հանգույց) տեղեկատվական և առաջխաղացման նյութեր է տրամադրելու, ինչպես նաև վարձակալության է տալու արշավական վրաններ և հեծանիվներ։ Այսպիսով, Դեբեդի կիրճը հայտնվելու է արկածային տուրիզմի քարտեզին, պատշաճ կերպով ներկայացվելու և խթանվելու է կայքի, տպագիր նյութերի և տեսանյութերի միջոցով՝ լույս սփռելով մարզի ամենայուրօրինակ դրվագների վրա։

Զգա՜։ Երազի՜ր։ Բացահայտի՛ր

Մինչ ճանապարհ կըկնկնեք՝ բացահայտելու Դեբեդի կիրճի հրաշքները, առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ անհավանական մեկ-երկու տեղանքի, որ իսկական բալասան են ուղևորությունը գնահատողների համար։ 

Ցից քար կոչվող ահռելի ժայռը Դեբեդի կիրճի նախագծի ամենասքանչելի հայտնագործություններից է։ Լոռու մարզի Արևածագի ձոր կոչվող վայրում գտնվող այս հրաշալիքը բնության անխռով ներդաշնակության խորհրդանիշ է։

Ախթալայի վանք

Ախթալայի վանական համալիրը Լոռու մարզի Ախթալա քաղաքում է։ Խորունկ ձորի եզրին 10-րդ դարում կառուցված համալիրը բնական արգելապատնեշ ունի։ Սա հազարամյակների պատմություն շնչող մշակութային հարուստ ճամփորդություն է։ Եկեք միասին բացահայտենք Լոռու անձեռակերտ, դեռևս անհայտ ուղղությունները

Կապի մե՛ջ եղեք։ Մո՛տ եղեք բնությանը։ 

Որտեղի՞ց սկսել։ Մենք մարքեթինգային նյութեր ենք մշակել բազում երթուղիների մասին, նաև համընդգրկուն տեղեկատվական հարթակ ենք ստեղծել հյուրընկալության առկա վայրերի, տուրիզմի ակտիվ հասցեների և հնարավոր տարաբնույթ զբաղմունքների մասին։

Այցելեք www.visitdebedcanyon.com կայք, նաև հետևեք Դեբեդի կիրճի ինստագրամյան, ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին։ Նյութերը հասանելի կլինեն շատ շուտով։ 

Դեբեդի կիրճը բազմազան է և բազմաշերտ։ Բացահայտելու և փորձարկելու շատ բան կա։ 

«Այս ծրագիրն իրագործելը նման է նոր լեզու սովորելուն։ Մի պահ ասում ես՝ ահա, հիմա ես ամեն ինչ գիտեմ, ու մեկ էլ ինչ-որ մեկը լեռներում թաքնված մի ջրվեժի կամ Ալավերդու մոտակայքում հունական լքված մի գյուղի կամ էլ ծառերին երկրպագություն անող մի համայնքի մասին է պատմում,- ասում է Կարինե Արոյանը։- Լոռին անեզր է, դու էլ՝ հաշտ ու խաղաղ իր գրկում»։

Հետևեք մեզ։ Սարերը կանչո՜ւմ են։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org