Ի՞նչ է տեղի ունենում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, երբ Հայաստանի ֆրանսիական համալսարանն ավարտած իրավաբանը թվային նկարչություն ուսումնասիրող լոռեցի պստիկների հետ խոսում է Պիկասոյից ու Բերգմանից․․․ Իրականում, Դավիթ Գյումիշյանն այժմ զբաղվում է ոչ թե իրավաբանությամբ, այլ 2D, 3D անիմացիայով, տեսանկարահանումներով, մոնտաժով ու գրաֆիկայով։ Նա Self Studio-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։
Դավիթը ՍՄԱՐԹամեջ էր եկել՝ հանդիպելու ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիներին ու Վանաձորից ժամանած հյուրերին։ Հանդիպման ընթացքում նա ոչ միայն ներկայացրեց շարժական գրաֆիկայի, անիմացիայի ոլորտի իր գիտելիքները, այլև ինտերակտիվ վարժությունների միջոցով խրախուսեց մասնակիցներին՝ բացահայտելու և կիրառելու իրենց ստեղծարար ներուժը։
«Իրականում բոլորն էլ կարող են ստեղծարար լինել,- հավատացնում էր Դավիթը,- սակայն ստեղծարարությունը զարգացնելու, պոտենցիալը բացահայտելու համար անհրաժեշտ է մարդկանց ուղղություն տալ»։
Դավիթը երեխաներին պատկերներ ցույց տվեց՝ հորդորելով բնորոշել, թե ինչ է ցուցադրված էկրանին։ Պատասխանները բազմազան էին․ միևնույն սև շրջանակը երեխաները բնորոշում էին և՛ որպես սև կետ, և՛ որպես աչք, և՛ որպես․․․ քառակուսի։
«Ինչ միտք էլ ուզեք, կարող եք հաղորդել պատկերին,- ասաց Դավիթը,- սակայն եթե ձեզ ուղղություն տան, դուք ավելի հեշտ կստեղծագործեք։ Ստեղծարարության համար հաճախ սահմանափակումներ են պետք ու նույնիսկ խոչընդոտներ»։ Ապա Դավիթը պատմեց, թե ինչ դժվարությունների է հանդիպել ՔՈԱՖ-ի մասին ֆիլմ նկարահանելիս ու ինչպես են այդ խոչընդոտները նպաստել ստեղծարար լուծումներին․
«Երբ ՍՄԱՐԹ կենտրոնի շրջակայքում նկարահանումներն սկսեցինք, արևոտ եղանակ էր։ Հաջորդ օրն արթնացանք, որ նկարահանումը շարունակենք, տեսանք, որ․․․ ձյուն է նստել։ Ստիպված էինք սցենարական լուծումները լիովին փոխել, սակայն արդյունքը շատ ավելի լավ ստացվեց»։
Գյումիշյանը մեծ ոգևորությամբ էր խոսում ստեղծարարության մասին՝ օրինակներ բերելով Պաբլո Պիկասոյից, հատվածներ ցույց տալով Կոեն եղբայրների ֆիլմերից ու ներկայացնելով Վիկտոր Հերցի պիկտոգրամները։
Դավիթը խոսեց նաև Ինգմար Բերգմանի «սպիտակ կտավի վախից»․ «Սպիտակ թղթի, սպիտակ կտավի կամ նոր գործ սկսելու վախ բոլոր ստեղծագործողներն էլ ունենում են։ Պետք է հաղթահարել այդ վախը, սակայն ձեզ համար ավելի հեշտ կլինի։ Երբ ես փոքր էի, չկար ՍՄԱՐԹ կենտրոն, որտեղ կարող էի սովորել իմ ուզած հմտությունները։ Ես ամեն ինչ YouTube-ով եմ սովորել։ Դուք հիմա առավելություններ ունեք, կարող եք ձեռք բերել ցանկացած գիտելիք ու հմտություն, դառնալ լավ մասնագետ»։