Անցած տարի ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը փոխակերպեցին կրթական հնարավորությունները Հայաստանում։ Այս տարի ՔՈԱՖ-ը ձգտում է է՛լ ավելի մեծ նվաճումների։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) անգլերենի ուսուցումը մշտապես դիտարկել է՝ որպես Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին հզորացնելու առանցքային օղակ: Այսօր ՔՈԱՖ-ը հպարտորեն նշում է այդ առաքելության կարևոր նվաճումներից մեկը՝ ներկայացնելով 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների անգլերենի նոր դասագրքերը, որոնք շուտով հասանելի կլինեն հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:
Այս դասագրքերն ընդգծում են լոկալից համազգային մասշտաբի ազդեցությանն անցնելու մեր ռազմավարական մոտեցումը, որը բազմամյա ներդրված ջանքի և փորձի արդյունք է։ Դասագրքերի մշակումն անգլերենի ուսուցման մեր համապարփակ տեսլականի մի մասն է, որն օրգանիկ կերպով լրացնում է Հայաստանի 53 գյուղական համայնքում իրագործվող մեր նախաձեռնություններին՝ ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական պլանների և ծրագրերի մշակում և շատ ավելին։
Բացահայտեք մեր դասագրքերի առանձնահատկությունները, երկու տասնամյակի ընթացքում ձևավորված ՔՈԱՖ-ի առաջնորդող մոտեցումը և այս նախաձեռնության փոխակերպող ազդեցությունն ամբողջ երկրում:
Հզորացում՝ լեզվական հմտությունների զարգացման միջոցով
ՔՈԱՖ-ի անգլերենի ուսուցման հանձնառությունը սկսվել է 2006 թվականին՝ Հայաստանի գյուղերում երիտասարդների համար նախատեսված փոքրիկ պիլոտային ծրագրով: Այն, ինչ մեկնարկել էր որպես լոկալ նախագիծ, այժմ վերածվել է համապարփակ նախաձեռնության, որն ընդգրկում է 114 համայնք և փոխակերպում ավելի քան 5,000 ուսանողի կյանք:
ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագիր, Լեռնագոգ, 2014
Առաջին շրջադարձային պահերից մեկը ՔՈԱՖ-ի համագործակցությունն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, որն օգնեց ընդլայնել անգլերենի ուսուցման հնարավորություններն Աքսես միկրոկրթաթոշակային ծրագրի միջոցով: Այս համագործակցությունը, գործարկումից ի վեր, հնարավորություն է տվել 92 գյուղական համայնքի ավելի քան 2,138 աշակերտի ձեռք բերել անհրաժեշտ լեզվական հմտություններ և հետագա կրթության հնարավորություններ:
Ծրագրի զարգացման ընթացքում ՔՈԱՖ-ն իրականացրել է մի շարք առանցքային նախաձեռնություններ՝ ուղղված ուսման արդյունավետության բարձրացմանը:
- 2011 թ. | Ամառային ճամբարների ընթացքում գործարկվեց անգլերենի առաջին ակումբը, որի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեին զվարճալի և ինտերակտիվ ձևաչափով զարգացնել իրենց լեզվական հմտությունները՝ տիկնիկային թատրոնից մինչև պատմասացություն և ստեղծագործական խաղեր:
- 2012 թ. | ՔՈԱՖ-ի անգլերեն ուղղվածությամբ առաջին ամառային ճամբարները հյուրընկալեցին ավելի քան 600 երեխայի՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որ ուսանողներն առավել վստահ լինեին իրենց լեզվական հմտությունները կիրառելիս:
- 2024 թ. | ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագիրը, որն այս ժամանակ իրագործվում էր 13-րդ տարին անընդմեջ, ընդլայնեց իր շրջանակը՝ ներառելով 9 ամառային ցերեկային ճամբար՝ ուղղված ավելի քան 600 աշակերտի փափուկ հմտությունների զարգացմանը, այդ թվում՝ կարեկցանք, առաջնորդություն, ակտիվ լսողություն և այլն:
- Շարունակական ընդլայնում | Տարիների ընթացքում ՔՈԱՖ-ը շարունակում է նորարար մոտեցմամբ առաջ շարժվել՝ իրագործելով առցանց դասընթացներ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և պոեզիայի լայնածավալ մրցույթներ, որոնք, անգլերենի զարգացման կողքին, միտված են նաև քննադատական մտածողության և հանրային խոսքի զարգացմանն ու ինքնաարտահայտման հնարավորությունների ստեղծմանը։
ՔՈԱՖ-ի անգլերեն ծրագրերը՝ հաջողության մեկնարկային կետ
ՔՈԱՖ-ի անգլերեն ծրագրերը, որ ընդգրկում են ֆորմալ և արտադպրոցական կրթության հնարավորություններ, ինչպես նաև նորարար դասագրքեր, ներառված են Հայաստանի գրեթե 500 հանրակրթական դպրոցներում։ Դրանք գյուղաբնակ երիտասարդներին նախապատրաստում են գլոբալացված աշխարհի ակադեմիական ու մասնագիտական հաջողություններին։ Կենտրոնանալով մատչելիության, ստեղծագործականության և գործնական կիրառման վրա՝ ՔՈԱՖ-ը շարունակում է ձևավորել անգլերենի կրթության ապագան Հայաստանում:
Աքսեսի շրջանավարտ Խանում Գևորգյանը հիշում է՝ «Աքսեսն ինձ ոչ միայն անգլերեն սովորելու հնարավորություն տվեց, այլև սովորեցրեց չվախենալ խոսել»,- և հավելում, – «ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերն այնպիսի դռներ բացեցին իմ առաջ, որոնց մասին նույնիսկ չէի երազում»։
Նրա և ՔՈԱՖ-ի 12 այլ շրջանավարտների համար այդպիսի դռներից մեկը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ապագա առաջնորդների փոխանակման» (FLEX) ծրագրի մասնակցությունն էր: Այս խիստ մրցակցային ծրագիրը հնարավորություն է տալիս 20-ից ավելի երկրների աշակերտներին մեկ տարի ապրել ու սովորել ԱՄՆ-ում՝ զարգացնելով առաջնորդության հմտություններ, ծանոթանալով ամերիկյան մշակույթին և ներկայացնելով իրենց հայրենիքը։ FLEX ծրագրի շրջանավարտներն այսօր շարունակում են բարձրագույն կրթություն ստանալ հեղինակավոր ուսումնական հաստատություններում:
«Աքսեսն այն ծրագիրն էր, որի միջոցով ես անգլերեն սովորեցի։ Այն ձևավորեց ինձ՝ որպես անհատ, և այսօր ես այստեղ եմ՝ որպես ՔՈԱՖ-ի ազդեցության վառ օրինակ։ Ներկայումս ես Հարվարդի համալսարանում եմ սովորում՝ մասնագիտանալով տնտեսագիտության ոլորտում»,-պատմում է ՔՈԱՖ-ի շահառու Մաքսիմ Երվանդյանը։
Այս տարի աշխարհի 35,000 դիմորդներից ևս չորս ՔՈԱՖ շրջանավարտ՝ Ռիմա Ասրյանը, Գագիկ Ծատուրյանը, Գառնիկ Սարոյանը և Օլյա Ղուլյանը (պահեստային), հաղթեցին FLEX ծրագրում։ Նրանք այս հաջողությանը հասել են ՔՈԱՖ-ի անգլերենի Աքսես և ֆորմալ ծրագրերի շնորհիվ ձեռք բերած գիտելիքներով ու մոտիվացիայով։ Ռիման մեծ ոգևորությամբ նշում է․ «Իմ գյուղում առաջին ֆինալիստ լինելը մեծ պատասխանատվություն է։ Ես ուզում եմ ցույց տալ պատանիներին, որ մենք կարող ենք բացել ցանկացած դուռ, եթե պատրաստ ենք պայքարել «բանալիների» համար»։
Մեր դասագրքերի էվոլյուցիան. դասապլանից մինչև համազգային հաջողություն
2022 թվականին ՔՈԱՖ-ն անգլերենի ուսուցման ծրագրերը բարձրացրեց նոր մակարդակի՝ սկսելով «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագիրը: Այն մշակվել է Հայաստանի հանրակրթական դպրոցների համակարգում ներդնելու նպատակով՝ համագործակցելով գյուղական համայնքների ուսուցիչների հետ: ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի ղեկավար և Անգլերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Աննա Առաքելյանի ղեկավարությամբ թիմը ձեռնամուխ է եղել ուսուցիչների համար մանրակրկիտ դասապլանի ստեղծմանը:
Սակայն Աննան շուտով բախվել է մի կարևոր խնդրի․ Հայաստանում նոր ընդունված պետական կրթական չափանիշներին համապատասխանող անգլերենի դասագրքեր պարզապես չկային։ Այս բացը լրացնելու համար ՔՈԱՖ-ի թիմը սկսել է մշակել սեփական նյութերը՝ մանրակրկիտ ձևավորելով դրանք՝ համապատասխանեցնելով թե՛ ժամանակակից կրթական չափանիշներին, թե՛ Հայաստանի աշակերտների հատուկ կարիքներին։
«Մեր նպատակն է փոխակերպել հանրակրթական ոլորտը՝ հզորացնելով ուսուցիչներին, ովքեր մեր ծրագրի անմիջական շահառուներն են։ Միայն 38 ուսուցչի միջոցով մեզ հաջողվել է բարելավել 2,679 աշակերտի լեզվի իմացությունը»,– նշում է Աննա Առաքելյանը։
2023 թվականին ՔՈԱՖ-ի կողմից ստեղծված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների անգլերենի դասագրքերը հաղթեցին ԿԳՄՍՆ բաց մրցույթում՝ վաստակելով առավելագույն միավորներ: Այսօր դրանք հաջողությամբ կիրառվում են Հայաստանի 500 դպրոցում՝ Երևանում, Լոռիում, Վայոց Ձորում, Սյունիքում, Շիրակում, Արմավիրում և Արագածոտնում։ Այս նվաճումից անմիջապես հետո՝ 2024 թվականին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՔՈԱՖ-ը պարգևատրվեց հատուկ մեդալով կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված արդյունավետ համագործակցության համար։
Վերջին զարգացումները. ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր գործունեությունը
2025 թվականի սկզբին ՔՈԱՖ-ը ներկայացրեց 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար նախատեսված նոր դասագրքեր՝ այդպիսով շարունակելով իր հանձնառությունը՝ բարելավելու հանրակրթական ոլորտը Հայաստանում։ Այս դասագրքերն արդեն փորձարկվել են Լոռու և Արմավիրի դպրոցներում՝ ՔՈԱՖ-ի անգլերենի ուսուցման լայնամասշտաբ ծրագրի շրջանակում։ Եթե դրանք հաղթեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության դասագրքերի բաց մրցույթում, ապա շուտով կկիրառվեն հանրապետության բոլոր դպրոցներում՝ շարունակելով նախորդ մրցույթում հաղթած նյութերի հաջող ընթացքը։
ՔՈԱՖ-ի դասագրքերի յուրահատությունը
ՔՈԱՖ-ի դասագրքերը ստեղծված են նորարարական, աշակերտակենտրոն մոտեցմամբ, որը խթանում է ինտերակտիվ ուսուցումը։ Յուրաքանչյուր դաս կառուցված է համակարգված, բայց ճկուն ձևաչափով՝ ապահովելով արդյունավետ ուսումնառություն.
- Մեկնարկ | Աշակերտների նախնական գիտելիքների ակտիվացում
- Ներածություն | Նոր նյութի մատուցում ուսուցչի ուղղորդմամբ
- Վերահսկվող վարժանք | Նոր գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ համապատասխան ուղղորդմամբ
- Քիչ վերահսկվող պրակտիկա | ուսանողներին տրվում է ավելի մեծ ինքնուրույնություն՝ կիրառելու իրենց սովորածը
- Կիրառման փուլ | Գիտելիքներն ինքնուրույն կիրառելու խրախուսում
Դասագրքերի նպատակն է յուրաքանչյուր աշակերտի մեջ սերմանել հաջողության զգացում՝ օգնելով նույնիսկ առավել զուսպ ուսանողներին վստահորեն յուրացնել նյութը: Բացի այդ, աուդիո-նյութերը, որոնք ձայնագրվել են լեզվակիրների կողմից և ոչ թե արհեստական բանականության միջոցով, լրացուցիչ արժեք են հաղորդում ուսումնական գործընթացին։ Ի լրումն, Խաղաղության կորպուսի կամավորներն ու լեզվի այլ փորձագետներ ներդրել են իրենց գիտելիքները՝ կատարելագործելով դասագրքերի բովանդակությունը։
«Դասերի կառուցվածքը և տեղական համատեքստի ներառումը, որը մենք հաշվի ենք առնում, առավել դյուրին են դարձնում նյութի յուրացումն ուսանողների կողմից։ Սա մեր դասագրքերի բազմաթիվ առավելություններից միայն մեկն է՝ համեմատած այս պահին Հայաստանի դպրոցներում կիրառվող ուսումնական նյութերի»,-նշում է ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը։
Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է դասագրքերի մշակման գործընթացում հանրակրթական դպրոցների փորձառու ուսուցիչների հետ համագործակցությունը: Այս մոտեցման շնորհիվ նյութերը համապատասխանում են մշակութային առանձնահատկություններին և համատեքստային տեսանկյունից հարմարեցված են Հայաստանի համայնքներին։ Աշակերտները հանդիպում են օրինակների և պատմությունների, որոնք հիմնված են իրենց իրականության վրա՝ դարձնելով ուսուցումը հասկանալի և բովանդակալից։
Ազդեցությունն ուսուցիչների և համայնքների վրա
ՔՈԱՖ-ի ֆորմալ կրթական ծրագրերի կարևոր բաղադրիչներից մեկը հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացումն է։ Հիմնադրամի թիմը շարունակական մենթորություն և վերապատրաստում է տրամադրում շահառու ուսուցիչներին Հայաստանի տարբեր մարզերում։ Օրինակ՝ Լոռիում 24 անգլերենի ուսուցիչ մասնակցել է իննամսյա վերապատրաստման ծրագրի, որը ներառում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանում (AUA) իրագործվող «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) վկայագրի ստացումը։
ՔՈԱՖ-ի կողմից ֆինանսավորվող այս դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։ AUA-ի մեր գործընկերները նաև այցելել են դպրոցներ՝ տեղում հետևելու և աջակցելու ուսուցիչներին դասապրոցեսի ընթացքում։
Ուսուցիչների որակավորման բարձրացման այս ձգտումը բերում է շոշափելի արդյունքների: Նրանք նշում են ինչպես իրենց որակավորման, այնպես էլ ուսանողներին արդյունավետ ներգրավելու ունակության բարելավման մասին:
«Դաս առ դաս ես նկատում եմ իմ աշակերտների առաջընթացը, տեսնում, թե որքան մոտիվացված են նրանք և ինչ մեծ հաճույքով են մասնակցում դասերին ու պատրաստակամորեն զարգացնում անգլերենի հմտությունները: Այս ամենն ինձ մեծ բավականություն է պատճառում, և ես հպարտություն եմ զգում. այս գործընթացն իսկապես ինձ համար շատ արժեքավոր է»,- ասում է Լոռու Դարպաս գյուղի հանրակրթական դպրոցի ուսուցիչ, ՔՈԱՖ-ի շահառու Լիանա Կարապետյանը։
Զարգացնելով լեզվական հմտությունները՝ կառուցում ենք ապագան
Այս ձեռքբերումներով ՔՈԱՖ-ը շարունակում է հավատարիմ մնալ բարձրորակ կրթության միջոցով Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին հզորացնելու իր առաքելությանը: Անգլերենի ծրագրերի և դասագրքերի հաջողությունը ընդգծում է լեզվի վերափոխող ուժը՝ բացելով դռներ գլոբալ հնարավորությունների առջև, կամրջելով մշակութային խոչընդոտները և ոգեշնչելով հայ երիտասարդների սերունդներին երազել սահմաններից դուրս։
Դուք նույնպես կարող եք աջակցել այս ջանքերին՝ ներդրում ունենալով մեր ծրագրերում։ Միասին մենք կարող ենք ստեղծել երկարաժամկետ ազդեցություն և զորացնել ապագա առաջնորդների և պատասխանատու քաղաքացիների հաջորդ սերունդը։