«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ), բարերար Ջեք Յուրեջյանի նվիրատվության շնորհիվ, նորարարական կրթությունն ավելի հասանելի է դարձնում լոռեցի երեխաների ու երիտասարդների համար։
Նոր տրանսպորտային համակարգի ներդրմամբ և երթուղիների օպտիմալացմամբ՝ ՔՈԱՖ-ը հոգ է տանում, որ հեռավորությունը չխոչընդոտի ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների կրթական հնարավորությունների ապահովմանը։
Այս նախաձեռնությունը պարզապես փոխադրամիջոցների մասին չէ, այն եզակի հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ապահովելով նրանց անվճար ու որակյալ ոչ ֆորմալ կրթությամբ։
Կրթությունն ավելի հասանելի է լոռեցի երիտասարդների համար
Թվով 16 ժամանակակից ավտոբուսները շաբաթը 7 օր անվճար կերպով սպասարկում են Լոռու մարզի 30 համայնքներիի շուրջ 1,500 երեխաների՝ բառացիորեն ապահովելով նրանց կրթական ուղին դեպի ՍՄԱՐԹ կենտրոն և հակառակ ուղղությամբ։ Ավտոբուսները սպասարկում են նաև ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի փոքրիկ շահառուներին, որոնց տրամադրվում է վաղ մանկան զարգացման, հոգեբանի, լոգոպեդի և սոցիալական աշխատողի ծառայություններ։
Թեև ՔՈԱՖ-ը տարիներ շարունակ ապահովել է անվճար ուղևորափոխադրում ՍՄԱՐԹացիների համար, այս ներդրումը զգալիորեն բարելավում է ծառայության որակն ու ընդլայնում հնարավորությունները։ Ավտոբուսները գործում են շաբաթվա բոլոր օրերին՝ 30 կանգառով, իսկ երթուղիները համաձայնեցվում են արտադպրոցական ծրագրերի գրաֆիկի հետ՝ ապահովելով առավելագույն հասանելիություն։
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի տրանսպորտային նոր համակարգը կապահովի ոչ միայն երեխաների անվտանգ տեղաշարժը, այլև կփորձի փոխել հասարակության վերաբերմունքը ճանապարհային անվտանգության նկատմամբ»,-նշում է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։- «Մենք այդ նպատակին ուզում ենք հասնել ճանապարհային մշակույթի ձևավորման մեջ ինչպես մեր վարորդների կողմից իրենց դերի գիտակցման, այնպես էլ մեր երեխաներին փոքրուց պատասխանատու և կարգապահ ուղևոր լինել սովորեցնելու միջոցով»։
-ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյան
Անվտանգությունը՝ առաջնահերթություն. կարևորելով ՍՄԱՐԹացիների ապահով տեղաշարժը
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգը նոր շունչ և մշակույթ կբերի մարզում՝ լոռեցի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն ընձեռելով օգտվել 2024 թվականի արտադրության և անվտանգության առաջադեմ առանձնահատկություններ ունեցող JAC մեքենաներից։ Բոլոր ավտոբուսներն ունեն.
- GPS հսկողության համակարգ
- Վարորդների վարքագծի մշտադիտարկման հնարավորություն
- Տեսահսկման համակարգ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար
- Կենսաչափական նույնականացման համալիր միջոցներ։
Այս տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ՔՈԱՖ-ը տրանսպորտի անվտանգության նոր չափանիշներ է սահմանում գյուղական բնակավայրերում։
Տրանսպորտային համակարգի բարելավման երկարամյա փորձառություն
ՔՈԱՖ-ի նոր ավտոբուսներից մեկը Դեբեդի՝ 2021թ.-ին կառուցված կանգառում
Արդեն երկու տասնամյակ է՝ հիմնադրամը բարելավում է տրանսպորտային հասանելիությունը գյուղական բնակավայրերում։ 2006-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ՔՈԱՖ-ը գործարկեց միջհամայնքային տրանսպորտային համակարգ։ Այս նախաձեռնության շրջանակում տրամադրվեց 13-տեղանոց միկրոավտոբուս, որի արդյունքում գյուղերի բնակիչների համար առավել հասանելի դարձան համայնքնային միջոցառումները, կենսական նշանակության ծառայությունները և Արմավիրում ու Երևանում տեղակայված խոշոր հաբերը։
ՔՈԱՖ-ի կողմից կառուցված կանգառը Արմավիրի մարզի Արգինա գյուղում, 2013 թ.
2022 թ.-ին ՔՈԱՖ-ը՝ համատեղ Ճապոնիայի դեսպանատան, արդիականացրել է Լոռու հասարակական տրանսպորտը՝ ներդնելով ժամանակակից ավտոբուսային ծառայություն գյուղական 7 համայնքի համար։ Զարգացած տրանսպորտային համակարգը ենթադրում է նոր ավտոբուս՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, տրանսպորտային նորացված ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կանգառներ, չվացուցակի մասին տեղեկատվություն։
ՔՈԱՖ-ի նոր տրանսպորտային համակարգը տարիների նվիրված աշխատանքի և կատարած ներդրումների տրամաբանական շարունակությունն է։
«Մենք անչափ շնորհակալ ենք «Յուրեջյան ընտանեկան հիմնադրամ»-ին այս հեռանկարային աջակցության համար։ Հայաստանի երիտասարդներին հզորացնելու նրանց հանձնառության շնորհիվ կրթական հնարավորությունները գյուղական համայնքներում նոր որակ են ստանում»։
-Գարո Արմեն, ՔՈԱՖ հիմնադիր
Կամրջելով համայնքները՝ մենք կառուցում ենք ավելի պայծառ ապագա
ՔՈԱՖ-ի նոր տրանսպորտային համակարգի ներդրումն ավելի մեծ գործընթացի մաս է. այժմ այն ներդրվում է Լոռիում, բայց հասնելու է Արմավիր, Սյունիք և բոլոր այն մարզեր, որտեղ ՔՈԱՖ-ը ՍՄԱՐԹ կենտրոններ կունենա։ Արդյունքում ոչ մի երեխա միայն իր բնակության վայրի պատճառով չի զրկվի կրթական հնարավորությունների հասանելիությունից։
Դուք ևս կարող եք աջակցել
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) 200 աշխատակցից բաղկացած կազմակերպություն է, որն իրականացնում է կրթական, առողջապահական,, հոգեսոցիալական աջակցության և տնտեսական զարգացման նախաձեռնություններ Հայաստանի գյուղական բնակավայրերում: Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում այն մարդկանց նվիրվածությունն է, ովքեր ցանկանում են օգնել գյուղաբնակ հայ մանուկներին ու նրանց ընտանիքներին բացահայտել իրենց ներուժը:
Եթե հավատում եք ՔՈԱՖ-ի առաքելությանը և ցանկանում եք դառնալ այս կարևոր փոփոխությունների մաս, միացեք մեզ՝ ամսական նվիրատվության ձևաչափով ու աջակցեք գյուղաբնակ երեխաներին՝ կրթական հնարավորությունների ընդլայնման ճանապարհին։