Արևոտ անկյուններ և արևոտ մանկություն

Ինչպե՞ս կարելի է խթանել նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գտել է այդ հարցի պատասխանը՝ ստեղծելով Մանկան զարգացման կենտրոն և մանկան զարգացման «Արևոտ» անկյուններ։

Սկիզբը դրվեց տարիներ առաջ, երբ ՔՈԱՖ-ի՝ երեխայի և ընտանիքի ծառայությունների թիմի նախաձեռնությամբ և օժանդակությամբ բացվեց Մյասնիկյան համայնքում գործող Մանկան զարգացման կենտրոնը, որի նպատակն էր նախադպրոցական տարիքի երեխաների համար ապահովել ինտելեկտուալ, սոցիալական և հոգեբանական ներդաշնակ զարգացում:

Կենտրոնի պարապմունքների ընթացքում երեխաները սովորում են «տեսնել», «լսել», «արտահայտել», «արձագանքել», «ապրումակցել», «շփվել», «ստեղծագործել» և ստանալ առաջին տպավորություններն իրենց, շրջապատող աշխարհի, ընկերության, սիրո և այլ երևույթների մասին: Աշխատանքի իրականացման հիմնական ձևը խաղային գործունեությունն է: 2011թ․ ի վեր կենտրոնն ունեցել է հարյուրավոր սաներ՝ Արմավիրի մարզի գյուղական համայնքներից։

ՔՈԱՖ-ի աշխարհագրական ընդլայնմանը զուգահեռ որոշվեց, որ անհրաժեշտ է նախադպրոցականների համար ծրագրեր իրականացնել նաև այլ մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում։ Թիմն այս անգամ նոր միտք հղացավ․ «Արևոտ» անկյուններ ստեղծել գյուղական համայնքների ա՛յն մանկապարտեզներում, որտեղ գրեթե չկան գունագեղ խաղալիքներ ու զարգացնող նյութեր։

«Արևոտ» անկյունները զարգացնող տարատեսակ խաղերով, դիդակտիկ պարագաներով հագեցած սենյակներ են, որոնց նպատակը երեխաների վաղ տարիքային զարգացումը խթանելն է, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակների հմտությունները զարգացնելը։ Ինչպես նշում են թիմի աշխատակիցները, «Արևոտ» անկյուններում յուրաքանչյուր իր ու դասավորություն իր նշանակությունն ունի։ Այդ սենյակները՝ իրենց բոլոր դիդակտիկ նյութերով, անկյուններով ու մասնագետների ներգրավվածությամբ պիտի աջակցեն երեխայի վաղ զարգացմանը»։

Առաջին սենյակները բացվեցին 2017թ․, Լոռու մարզի Դեբետ, Աքորի և  Տավուշի մարզի Բերդավան համայնքներում։ Հետագայում դրանց ավելացան Շիրակի Սառնաղբյուրն ու Լոռու Եղեգնուտը։

Երեխայի ու ընտանիքի ծառայությունների թիմի աշխատակիցները նշում են, որ նորոգված, հարմար կահավորանքով, խաղալիքներով հագեցած, լուսավոր սենյակները միանգամից գրավում են երեխաներին։

Մանկան զարգացման կենտրոնի ու «Արևոտ» անկյունների տրամաբանական շարունակությունը դարձավ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման անկյունը: «Այստեղ երեխաները զարգանում են, սովորում են արտահայտվել ու լիցքաթափվել։ Պարապմունքներն օգնում են, որ  նրանք պատրաստ լինեն դպրոցական կյանքին, անցավ բաժանվեն ծնողներից։ Նաև արտ-թերապիայի տարրեր ենք օգտագործում»,- նշում է անկյան պատասխանատու Նարինե Մովսիսյանը։

Երեխայի ու ընտանիքի ծառայությունների թիմը Մանկան զարգացման կենտրոնի, մանկան զարգացման անկյան ու «Արևոտ» անկյունների ծրագիրն այցեքարտային է համարում։ «Մենք խիստ կարևորում ենք մանկան զարգացումը ամենավաղ տարիքից»,- նշում է Հոգեբանական աջակցության ենթածրագրի ղեկավար Թամարա Հարությունյանը։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org