Մեղվաբուծությունը՝ զարգացող ոլորտ ու եկամտեր բիզնես Լոռիում

Մեղրը մարդու հնագույն սնունդներից է, իսկ մեղվաբուծությունը՝ Հայկական լեռնաշխարհում դեռևս վաղնջական ժամանակներից մեծ տարածում ունեցող գյուղատնտեսության ճյուղ։ Մեղրն անմասն չէ հայկական ամենապարզ նախաճաշի սեղաններից, ու վերջինիս օգտակարության մասին համոզմունքները փոխանցվում են սերնդեսերունդ։

Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ

Լոռու Դեբետ գյուղում, ի թիվս գյուղատնտեսության ու բիզնեսի զարգացման այլ ճյուղերի, զարկ է տրվում մեղվաբուծությանը։ ՔՈԱՖ-ի կողմից նախաձեռնված մի քանի բիզնես նախաձեռնություններից մեկը «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» (BEES) նախագիծն է, որն իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում 14 գյուղատնտեսների՝ այդ թվում երիտասարդների, պատրաստում են որպես հմուտ մեղվաբույծներ՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագիտացման հնարավորություններ։ Հատկանշական է, որ մասնակիցների 50%-ը կանայք են, ինչով և շարունակվում են Դեբետում կին ձեռներեցների հզորացմանն ուղղված ՔՈԱՖ-յան «ավանդույթները»։

Մասնակցելով մեղվաբուծության և բիզնեսի զարգացման եռամսյա դասընթացների՝ Դեբետի բնակիչները ձեռք են բերում մեղվաբուծության հմտություններ և ստանում փեթակներ՝ արտադրությանը զարկ տալու համար։

Ծրագրի արդյունքում․

  • սոցիալապես անապահով ֆերմերներ ներգրավվում են մեղվարտադրության արժեշղթայի մեջ,
  • հիմնվում է տնային տնտեսության կենտրոն՝ վերապատրաստման, արտադրության և վաճառքի նպատակներով,
  • ստեղծվում է 12 նոր աշխատատեղ,
  • գյուղում փեթակների թիվն ավելանում է 20%-ով,
  • բարձրորակ մեղրի արտադրությունը՝ 25%-ով։

«Ապագայում կստեղծվի կոոպերատիվ, որը կհամակարգի ստացված մեղրի բերքը, կմիավորի այն՝ ներկայացնելով մեկ ապրանքանիշի ներքո։ Դեբետում ստացված մեղրը կանցնի լաբորատոր փորձաքննություն, կունենա բրենդավորում, ու իր տեղը կզբաղեցնի հայկական արտադրության լավագույն մեղրների շարքում»,- նշում է ՔՈԱՖ-ի բիզնես նախագծերի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Բարձրարժեք մեղր ստանալու գաղտնիքը

Մեղվաընտանիքի փիլիսոփայության մեջ կարելի է անվերջ խորանալ ու հիանալ այն կարգ ու կանոնով, որ ստեղծել է հենց ինքը՝ բնությունը։ Ինչպե՞ս է ստացվում բարձրարժեք մեղրը և որո՞նք են վերջինիս որակի համար կարևոր նախադրյալները Լոռու մարզում։

«Լոռին բազմածաղկային միջավայր ունի․ այստեղ աճում են 2000-ից ավելի մեղրատու բույսեր, այդ թվում ակացիա, լորենի, ուրց։ Որքան մոտ ենք բնությանը, այնքան որակյալ մեղր ենք ստանում»,- բացատրում է Arm Bee Honey Farm–ի մեղվաբուծության փորձագետ Վիգեն Մնացականյանը։

Նպաստավոր միջավայրից զատ, անչափ կարևոր է մեղվաընտանիքի պահպանման գրագետ մոտեցումը։ «Մեղվաբուծությամբ զբաղվող ընտանիքներ Լոռու մարզում շատ կան, բայց հաճախ որևէ խնդիր լինելիս, օրինակ՝ մեղվի հիվանդանալու դեպքում, գյուղացիները չեն իմանում՝ ուր դիմել, ինչպես լուծել խնդիրը»,- ընդգծում է Շուշան Դանիելյանը։

Այդ նպատակով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում հիմնվել է Մեղվաբուծության կենտրոն, որը կդառնա մարզում մեղվաբուծության փորձացուցադրական անկյունը։ «Կենտրոնը կծառայի ինչպես BEES ծրագրի շրջանակներում անցկացվող աշխատանքների, այնպես էլ ՍՄԱՐԹ կենտրոնի Ագրոտեխնոլոգիա ծրագրի մասնակիցների գործնական աշխատանքների համար։ Այն, որպես խորհրդատվական աջակցության կենտրոն, նաև կնպաստի հարակից համայնքների մյուս տնտեսությունների զարգացմանը»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Ագրոտեխնոլոգիայի ծրագրավար Սուրեն Հարությունյանը։

Մեղվաբուծությունը՝ եկամտաբեր բիզնես

«Մեղրը Հայաստանում մեծ պահանջարկ ունի, ու այն վստահաբար կարելի է դասել եկամտաբեր բիզնեսների շարքին։ Բացի մեղրի արտադրությունից, կարելի է զբաղվել մայրաբուծությամբ, մեղվաընտանիքի ու մեղրակաթի վաճառքով»,- նշում է փորձագետ Վիգեն Մնացականյանը։ Տեղական շուկայում վաճառվելուն զուգահեռ մեղրը մեծամասամբ արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ։

Զորակցելով ու ռեսուրսներ տրամադրելով գործող մեղվաբույծներին և օգտագործելով գյուղաբնակ երիտասարդների ներուժը որպես ապագա հմուտ գյուղատնտեսներ՝ մեր նպատակը հայկական գյուղը այնպիսի վայր դարձնելն է, որտեղ կարելի է բարեկեցիկ ապրել՝ արժանապատիվ կյանք ունենալ, կրթվել, զարգանալ, ապրուստ վաստակել։

Եթե կիսում եք մեր համոզմունքը, միացե՛ք մեր առաքելությանը։ 

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org