Համավարակի, աշխարհում սոցիալական խնդիրների հորձանուտի ու մեր երկրում ժամեր առաջ սկսված պատերազմի համատեքստում (Արցախի և Ադրբեջանի շփման գոտու ողջ երկայնքով) ու պայմաններում անգամ գրում ենք էս պատմությունը․ Հայաստանում սիրուն բաներ էլ են կատարվում, որոնց մասին հաստատ արժե պատմել։
ՔՈԱՖ-ի բազմամշակութային թիմի նոր անդամը 1000 կիլոմետր է կտրել-եկել, որպես աշխարհի քաղաքացի՝ մեծ ճանապարհ է անցել ու վերադարձել արմատներին, իր նոր տուն, իր հայրենիք, այս անգամ՝ երկար ժամանակով։
Պետօ Դեմիրճեանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ գործառնությունների ղեկավարն է։ Ծնված լինելով Լիբանանում՝ մեծացել է հայկական ընտանիքում, միշտ սերտ կապ ունենալով տեղի հայ համայնքի, հայկական մշակույթի ու հայոց պատմության հետ։
Լիբանանում, Հունաստանում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, ԱՄՆ-ում ու Բելգիայում ապրելուց հետո Պետօն տեղափոխվել է Լոռու մարզ՝ ստանձնելու նոր աշխատանքն ու հիմնավորվելու հայկական մանրանկարչություն հիշեցնող Դեբետ գյուղի «սպիտակ տանը» (այսպես են գյուղացիները կոչում Պետօյի տունը)։
Գյուղ հասնելուն պես տեղացիները միանգամից ողջունել են Պետօյին, ինքը դեռ չէր էլ հասցրել ներկայանալ․ «Դուք ՍՄԱՐԹ կենտրոնի նոր ղեկավարն եք, չէ՞։ Ի՞նչ հյուրասիրենք, Պետօ ջան»,- սրտաբաց համագյուղացիները իրենց ոգևորությունն ու հետաքրքրությունը դրսևորում են ամեն անգամ, երբ գյուղում նորեկ է լինում, ու նորեկը երբևէ իրեն օտար չի զգում այստեղ։
Պետօն յոթ լեզվի է տիրապետում՝ հայերեն, հունարեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, մի փոքր էլ դանիերեն ու գերմաներեն։ Այս գեղեցիկ բազմազանության մեջ, սակայն, Պետօն մտածում է հայերեն․ «Ամեն լեզուն նոր աշխարհայացք է ու պատուհան դեպի նոր մշակույթ»,- բացատրում է նորաբնակ դեբետցին։ Նա ուզում է իր փորձառության լավագույն որակներն ի սպաս դնել կենտրոնի առաջընթացի գործին։
Առաջին անգամ Պետօն Հայաստան և Արցախ է այցելել 1993 թվականին։ «Այդ ամռանն ինքնության գիտակցությունս ու պատկանելությունս ուժգին բաբախեցին երակներիս մեջ»,- հիշում է նա։ Հայրենիքի մասին նա արդեն իսկ շատ բան գիտեր գրքերից, տարբեր պատմություններից, հայկական համայնքից և դպրոցից։ Հետո Պետօն Հայաստանում առաջին հողակտորը գնեց։ Հայաստանում հաստատվելու միտքը իրեն ու կնոջը՝ Կասիա Պոյաճիանին, երբեք չի լքել․ «Ամեն տարի մի փոքր էլ ավելի ջանք էինք գործադրում Հայաստան տեղափոխվելու համար»։
Հայաստան ժամանեց օգոստոսի 4-ին։ Հենց որ օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, լսեց ամենակործանարար ու անցանկալի լուրը․ Բեյրութի պայթյունի մասին էր․․․ Ընտանիքը Բեյրութում թողած Պետօն անզոր էր նկարագրել իրեն համակած բարկությունը, ափսոսանքն ու մեղքի զգացումը, որ ընտանիքի ու ընկերների կողքին չէ, ու որ քաղաքը խորը վիշտ է հագել։
Այժմ ընտանիքը վերամիավորվեց Դեբետում։ Պետօն, Կասիան, Նանէն և Շանթ Ռուբէնն ապրում են Դեբետի փարթամ կանաչների մեջ ծվարած գեղեցիկ տան մեջ։ Երեխաները շուտով արևելահայերեն կուսումնասիրեն ու կսկսեն հաճախել շրջանի ամենագրավիչ կրթօջախը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, որ հետո էլ դառնան Հայաստանի ՍՄԱՐԹ քաղաքացի։
Թեև Պետօն դժվարանում է բառեր ընտրել՝ նկարագրելու 2020 թվականը որպես տարի, բայց իր նախնիների հայրենիքում բացված կյանքի նոր էջը լույսի շող է համարում․ «Քաջալերում եմ բոլորին, ովքեր Հայաստան տեղափոխվելու միտք ունեն, լավ պլանավորել դա․ մի քիչ ավելի ժամանակ տրամադրեք դրան, բայց վստահացեք, որ կազմակերպել եք ամեն ինչ բարեկեցիկ կյանք սկսելու համար։ Ես երախտապարտ եմ ՔՈԱՖ-ին այս հնարավորության համար, որ այժմ ապրում եմ հայրենիքում»։