Բասկետբոլի աղջիկ մարզչի ու իր 100 ուսանողների պատմությունը

Մեքենան Երևանից հասնում է գյուղ, ու կանգնելուն պես երեխաները, որ սպասում էին մեքենայի ժամանանելուն, չեն համբերում դրսի կողմից բացել դուռը, որտեղ իրենց մարզիչն է: Անհամբերությունն ու ոգևորությունը շատ պարզ են․ մի քանի րոպեից կսկսվի բասկետբոլի դասը։

Աղջիկների բասկետբոլի առաջամարտիկը

Եվ այսպես ամեն օր Արմավիրի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ, Գետաշեն ու Շենիկ համայնքներում ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրավար Լիանա Սարգսյանը մարզումներ է անցկացնում 100 երեխաների հետ (ամեն թիմում 20-ական ուսանողներ)։
Ընդամենը մի քանի տարի առաջ Լիանան նրանց տեղում էր․ Լեռնագոգի դպրոցական մարզադահլիճում մասնակցում էր ՔՈԱՖ-ի նույն ծրագրին, նայում վերև՝ բասկետբոլի ցանցին, որն իրենից այնքա՜ն բարձր ու անհասանելի էր թվում, լաց լինում ու մտածում, թե ինչպես անի, որ իր նետած գնդակը հասնի ցանցին։

 «Մտածում էի՝ հայրիկիս խնդրեմ՝ ինձ գրկի, որ կարողանամ գնդակը գցել։ Ծրագրին մասնակցում էին դասընկերներս, նաև երկու եղբայրներս, ում մոտ խաղը ինձանից լավ էր ստացվում։ Ամիսներ անց եղբայրներից լավ սկսեցի խաղալ»,- ժպիտով պատմում է Լիանան, ով հաճախ խաղերի ընթացքում թիմի միակ աղջիկն է եղել։ «Դա ոչ թե ինձ կոմպլեքսավորել է, այլ մոտիվացրել, որ ինքս ինձ վրա ավելի շատ աշխատեմ»։

Երեխաների հետ աշխատելը Լիանայի համար գերագույն հաճույք է։ «Ամենատխուր օրն անգամ ուրախ է դառնում նրանց հետ»,- ասում է նա։ 

Ինչպես ենք մարզվում

ՔՈԱՖցիները ոչ միայն բասկետբոլ խաղալ են սովորում, այլև վերջինիս գիտակներ դառնում։ Հարցրեք նրանցից յուրաքանչյուրին, ու նրանք մի շնչով կպատմեն ձեզ, որ այս սպորտաձևը ստեղծվել է 1891թ․-ին Ջեյմս Նեյսմիթի կողմից Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում, ու ոչ միայն․․․

Ծրագիրը շատ հագեցած է․ նախավարժանքներից մինչև խաղի կանոններ, առողջ սննդի ու ապրելակերպի մասին քննարկումներից մինչև ոլորտի լավագույն մարզիկների հետ հանդիպումներ։ 

Օրինակ՝ վերջերս կայացած մեր ՍՄԱՐԹամեջ վարպետաց դասերը մարզիկներ Դավիթ Խաչատրյանի և Արկադի Մկրտիչյանի հետ երեխաների շրջանում մեծ ոգևորություն էին առաջացրել։ «Ուսանողներս անընդհատ հարցնում են, թե երբ են կրկին պրոֆեսիոնալ մարզիկի հետ խաղալու»,- պատմում է ծրագրավար Լիանան։ 

Այժմ բասկետբոլի խմբերում աղջիկներ կան, բայց Լեռնագոգի բասկետբոլի թիմում ծրագրավար Լիանան կրկին իգական սեռի միակ ներկայացուցիչն է։ «Միշտ զարմացել եմ ու հարցրել ընկեր Լիանային, թե ինչպես է աղջիկ լինելով այդքան լավ խաղում»,- նշում է ուսանողներից 12-ամյա Ստեփան Ստեփանյանը, ով Լեռնագոգի թիմում է խաղում։ Ստեփանն ուզում է ծրագրավորող ու հնէաբան դառնալ, իսկ բասկետբոլն իր սիրելի հոբբին է, որով անպայման կշարունակի զբաղվել։

Միջավայրը  

ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագիրն իրականացվում է հինգ համայնքներում, որոնցից չորսի դպրոցական մարզադահլիճները նախկինում վերանորոգվել են ՔՈԱՖ-ի կողմից։ Համայնքներից մեկում՝ Գետաշենում, մարզադահլիճը վերանորոգված չէր ու ոչ բարեկեցիկ պայմանների պատճառով ծրագիրն ամռանն իրականացվում էր բացօթյա, իսկ ձմռանը՝ դասասենյակներում՝ ներառելով տեսական գիտելիքներ ու քննարկումներ։ «Արդյունքում, երեխաները չէին կարողանում լիարժեք մարզումներ ունենալ, բայց միևնույն է, ոչ մի դաս բաց չէին թողնում»,- ասում է Լիանան։ 

Մեր երեխաների համար այդ բացը լրացնելու նպատակով որոշեցինք խնդիրը ինքներս լուծել։ Hoops4Hayastan-ի ու «Ձոն Ախոյան և ընտանիք»-ի մեծահոգի նվիրաբերությունների շնորհիվ այս շաբաթ մեկնարկում ենք Գետաշենի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ Մտապահեք՝ ինչ տեսք ունի այն հիմա, քանի որ սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, կտեսնեք ամբողջովին այլ՝ վերանորոգված ու կահավորված մարզադահլիճ։ 

Դե, անցնենք գործի։ Արդյունքը՝ մի քանի ամսից։ 

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org