Վանաձորից քիչ հեռու` Բազումի լեռնաշղթայի գոգավոր լանջերի արանքում, տեղակայված է Ազնվաձոր անունով մի գյուղ, որ 300-ից ավելի բնակչություն ունի։ Թե ինչու է գյուղն այսպես վերանվանվել 1991-ին, իմացանք համայնքի երիտասարդ բնակիչ Արգամ Շահնազարյանից։ «Չգիտեմ՝ որքանով է այդպես, բայց ասում են՝ այստեղ ազնիվ մարդիկ են ապրում»,- ազնվորեն ասում է Արգամը։
ՍՄԱՐԹ-ում Արգամին նկարագրում են որպես գերպարտաճանաչ ուսանող։ Նա շուտով կավարտի կրթակարգը ու կդիմի Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավագիտության բաժին՝ իր հետ տանելով կենտրոնի կառավարում, ձայնային ձևավորում, նկարչություն և ՎԻ մարզումներ ծրագրերից ստացած գիտելիքներն ու հմտությունները։
Ազնվաձորից ՍՄԱՐԹ մինչ օրս հաճախած 12 ուսանողներից մեկն էլ Ելենա Պապյանն է, ով ամեն նոր սովորած բան ձգտում է առօրյայում կիրառել։ Օրինակ՝ ՍՄԱՐԹ-ի ագրոտեխնոլոգիա ծրագրի ընթացքում սովորած կոմպոստի (օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ) պատրաստման մեթոդն օգտագործում է իրենց այգում աճող մշակաբույսերի համար։ Ասում է՝ իրենց համայնքում ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է, ու ինքն արդեն ծրագրի միջոցով սովորել է՝ ինչպես ճիշտ մշակել բույսերն ու փոքր հողատարածքից մեծ քանակությամբ բերք ստանալ։
Ելենան սիրում է ՍՄԱՐԹ-ի շենքն իր ողջ հմայքով, բայց և ունի 2 սիրած անկյուն` գրադարանն ու ՎԻ մարզումների սենյակը։ «Շատ կուզենայի, որ մեր համայնքում էլ լինեին խաղահրապարակ, գրադարան ու սպորտային խմբակ»,- ասում է նա։
Ազնվաձորում ձմեռները հաճախ է ձյուն գալիս ու, չնայած այստեղ խաղահրապարակ չկա, ձյան գալուն պես փողոցում խաղի պակաս չի զգացվում։
ՍՄԱՐԹ կենտրոն հաճախած 12 ազնվաձորցի երեխաները ՍՄԱՐԹ-ի՝ մինչ օրս ունեցած 2500-ից ավելի ուսանողներից են, որոնք ներկայացնում են իրենց համայնքը մարզի 27 համայնքների շրջանակում ու ճանաչելի դարձնում այն։ ՔՈԱՖ-ը լիահույս է, որ այն հմտությունները, որոնք նրանք ձեռք են բերում ՍՄԱՐԹ կենտրոնում, կօգնեն մեր ուսանողներին առաջ մղել իրենց գյուղը, համայնքը դարձնել բարեկեցիկ ու այն ճանաչելի դարձնել մարզի շրջանակներից դուրս։