16 տարի ՔՈԱՖ-ում․ ավելին, քան տարեգրություն

Արթուր Տեր-Սիմոնյանը 16 տարեկան էր, երբ որպես կամավոր փոստատար միացավ ՔՈԱՖ-ին․ «Պատրաստ էի ցանկացած աշխատանքի՝ պարզապես անգործ չնստելու և որոշակի փորձ կուտակելու համար»,- հուշերի գիրկն է ընկնում։ Այս տարի լրանում է ՔՈԱՖ-ի հետ նրա համատեղ ճանապարհի 16-րդ տարեդարձը, թանկագին հուշեր, որ փաստաթղթերի էջերում չես պահի։ Այն դեպքն է, երբ 16-ը պարզապես թիվ չէ։

Ողջունեք Արթուրին․ մեր Ենթակառուցվածքային ծրագրերի համակարգողն է և Հարրի Փոթերի անդավաճան երկրպագուն։ Ժամանակի մեծ մասն Արթուրն անցկացնում է մեր շահառու համայնքներում, հին ու նոր ենթակառուցվածքային միավորների մշտադիտարկում է անցկացնում, որոնք ՔՈԱՖ-ի համայնքային զարգացման մոդելի անքակտելի բաղադրիչ են։ «Ավելի քան 170 միավոր ենթակառուցվածքային բարեկարգում ենք իրականացրել գյուղերում, և դրանք զգալի ազդեցություն են թողել այդ համայնքների կյանքի որակի բարձրացման վրա»,- բացատրում է նա։

2004 թվականին, երբ կամավորագրվեց ՔՈԱՖ-ին, մեր գրասենյակը Հանրապետության հրապարակի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում էր, Արթուրն էլ՝ դեռևս բիզնեսի կառավարման բաժնի ուսանող։ ՔՈԱՖ-ի շատ թիմերի ու տարբեր ղեկավարների հետ է աշխատել, բայց երբևէ որևէ բան չի ստվերել նրա սերն ու նվիրվածությունը ՔՈԱՖ-ի հանդեպ։

«Սիրում եմ ՔՈԱՖ-ի աշխատանքային մշակույթն ու մթնոլորտը՝ մաքուր ու բարի։ Այն զերծ է բյուրոկրատական ձևաչափից․ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ այստեղ ծանրություն չես զգում։ ՔՈԱՖ-ի հետ իմ կապվածությունը նաև Կարո Արմենի՝ ՔՈԱՖ-ի հիմնադրի շնորհիվ է։ Անսահման հպարտ եմ, որ իմ համեստ լուման եմ ներդնում իր ձեռնարկած մեծ գործում»,- ասում է Արթուրը։

ՔՈԱՖ-ում ապրած ամենահպարտ օրը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացման օրն էր՝ 2018 թ․ մայիսի 27-ին․ «Այդ օրը ես պետք է ողջունեի մեր հյուրերին, օգնեի նրանց կայանել մեքենան ու ուղեկցեի դեպի շենք։ Փառավորվում էի պարզապես, երբ տեսնում էի նրանց հիացմունքը ՍՄԱՐԹ-ը տեսնելիս»։

Երկու դուրստրերի՝ Շուշանի և Լուսեի հայրը, հանգստյան օրերին քաղաքից դուրս գողտրիկ մի անկյուն է գտնում՝ ընտանիքի հետ վայելելու համատեղ ժամանակը։ Հայաստանի գյուղերը բացահայտում է ոչ միայն աշխատանքի բերումով, այլև որպես հայրենասեր մարդ, ուրախությամբ է վերահայտնագործում Հայաստանը։

Արթուրը ժամանակին կամավորական աշխատանք է կատարել Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի գյուղերում, ու այսօր դա օգնում է իրեն Հայաստանում իրագործելու համայնքային զարգացման արդյունավետ նախագծեր։

Նա նշում է Հայաստանում համայնքային կենտրոնների պակասը, մի վայր, որտեղ գյուղի երիտասարդները կարող են հավաքվել, ֆիլմեր դիտել, գրքեր քննարկել ու պարզապես շփվել միմյանց հետ։ Արթուրը վստահ է, որ մեծ ներդրում չի պահանջվի համայնքի բնակիչների համար սոցիալական ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ «Ընդամենը մի կառույց, ժամանցի կազմակերպման մի քանի գործիք, մեծ էկրան, և որակյալ հանգստի միջավայրն ապահովված է։ Օրինակ՝ Վան Գոգի մասին ֆիլմի դիտումը բազում նոր գիտելիքներ կհաղորդի ու ճաշակ կզարգացնի»․- Արթուրի այս մեկ օրինակը ցույց է տալիս, թե որքան հեշտ, բայց արդյունավետ կարելի է կազմակերպել ժամանցը Հայաստանի գյուղերում։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org