ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

2022-ի տարեսկզբին ՔՈԱՖ-ն ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը դեպի Արցախ։ Ստեփանակերտում բացվեց մեր գրասենյակն ու զարկ տրվեց Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնմանը՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակում երեխաների առաջնահերթ կարիքները, մարդկանց ծանր հոգեբանական վիճակն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը։

Մինչ Ստեփանակերտում կբացվի ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնը, արցախյան մեր թիմն արդեն իսկ սկսում է շահառուների հետ աշխատանքը։ Այդ առիթով հոգեբանից, սոցիալական աշխատողից, լոգոպեդից ու մանկան զարգացման ծրագրավարներից կազմված 8 հոգանոց արցախյան մեր թիմը վերջերս այցելություն ունեցավ Երևան, Արմավիր ու Լոռի՝ ծանոթանալու ՔՈԱՖ-ի գործող կենտրոններին, մասնագիտական թիմերին ու մատուցվող ծառայություններին։

Ճանաչողական այցի ընթացքում ՔՈԱՖ-ի հիմնադրման պատմությանն ու գործունեությանը ավելի սերտ ծանոթությունը մեր նոր թիմակիցներին հնարավորություն տվեց իրենց զգալ ՔՈԱՖ-ի մեծ առաքելությունը կրող մի մասնիկ ու ոգեշնչվել այն դրական արդյունքներով, որոնք գրանցվում են Հայաստանի գյուղական համայնքներում` նվիրյալ աջակիցների ու մեծ թիմի աշխատանքի շնորհիվ։

Արմավիրում արցախյան թիմը ծանոթացավ Հացիկի Երեխայի և ընտանիքի կենտրոնին, որի մոդելով էլ կառուցվում է Ստեփանակերտի նույնանուն կենտրոնը։ «Հիացած էի մասնագետների թիմային աշխատանքով, թե ինչպես էին նրանք բարդ խնդիրները բազմակողմանի դիտարկում ու համատեղ լուծում գտնում»,- նշում է Արցախում ՔՈԱՖ-ի հոգեբան Մարինա Գաբրիելյանը, ով երեխաների հետ աշխատանքի 7 տարվա փորձ ունի։

Շրջելով Լոռիում՝ թիմը եղավ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, այցելեց Արցախից տեղահանված և մարզում ՔՈԱՖ-ի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներին, ինչպես նաև հասցրեց զգալ Դեբետ գյուղի թարմ շունչը՝ կապված վերջինիս զարգացումների հետ։ «Հատկապես տպավորված եմ վերանորոգված վարչական կենտրոնով ու գյուղի նորաբաց հյուրատներով։ Հրաշալի է, որ մարդիկ իրենց սեփական միջոցներով ներդրում են անում գյուղում»,- նշում է Արցախում ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատող Արմինե Արզանգուլյանը։

Ստեփանակերտի ՔՈԱՖ-յան գրասենյակում 2022-ի հոկտեմբեր ամսից մեկնարկել են երեխաների ու նրանց ընտանիքների հետ աշխատանքները։ Մատուցվում են հոգեբանական, լոգոպեդական, սոցիալական աշխատանքի ծառայություններ, շուտով նաև մանկան զարգացման ծրագրեր։ Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կհավաքագրվեն շուրջ 500 շահառուներ և գնահատումներ իրականացնելուց հետո  կներգրավվեն համապատասխան խմբային կամ անհատական աշխատանքներում։

Ծառայությունների այս փաթեթն Արցախում ավելի քան պահանջված է։ «Հետպատերազմյան շրջանում ինքնարտահայտման դրսևորումների մեջ տարածված են լինում բռնությունը, ագրեսիան, ինքնասպանությունը, ուստի նման կենտրոնների առկայությունն Արցախում անչափ կարևոր է։ Առանձահատուկ կարևոր է այն, որ կենտրոնում բոլոր ծառայություններն անվճար են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, ինչպիսիք դժվար է գտնել»,- շարունակում է Մարինա Գաբրիելյանը։

Կարող եք աջակցել Արցախում, ինչպես նաև Հայաստանի 50-ից ավելի գյուղերում իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին նվիրաբերելով այսօր։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org