Ջրաներկ, սոսինձ և ծնողական արվեստանոց

Վերջերս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաներից մեկի մայրն ասաց․ «Երեխան չարություն արեց, ձեռքս բարձրացրի որ խփեմ, բայց ընկեր Արմինեի ասածը հիշեցի ու ձեռքս իջեցրի․․․»։

Ընկեր Արմինեն հոգեբան Արմինե Գալստյանն է, որը ոչ միայն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն այցելող երեխաների հետ է աշխատում, այլև ծնողների համար է սեմինարներ անցկացնում։ Վերջին սեմինարը արդյունավետ ծնողավարությանն էր առնչվում և կոչվում էր «Ծեծը միջոց չէ»։ «Մենք աշխատում ենք նախադպրոցական տարիքի մոտ  150 երեխայի ու նրանց ծնողների հետ, որոնք գալիս են Լոռու մարզի 10 համայնքից»,- ասում է Արմինեն։- «Արդեն հասցրել ենք ճանաչել համայնքի երեխաների բնավորությունը, նրանց առանձնահատկությունները։ Միշտ փորձում ենք աշխատանքային ծրագրերը հարմարեցնել երեխաների ու ծնողների կարիքներին»

Արմինեն ժպտում է, երբ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մանկան զարգացման անկյան սաներից մեկն իր մայրիկին ասում է․ «Մամա, ես այսօր շատ լավ օր եմ ունեցել»։ «Նշանակում է՝ երեխաները հաճույքով են գալիս մեզ մոտ»,- ասում է հոգեբանը։

Արմինեն ՔՈԱՖ-ի հետ աշխատում է արդեն երկուսուկես տարի։ Սկզբում Դեբետի ու Դսեղի համայնքային հոգեբանն է եղել՝ աշխատելով և՛ դպրոցում, և՛ մանկապարտեզում, և՛ ամբուլատորիայում, ինչպես նաև Թումանյանում ու Բերդավանում մասնագետների մոնիտորինգով է զբաղվել։

«Աշխատանքային բազմազան փորձ ունեմ»,- ժպտում է Արմինեն։- «ՔՈԱՖ-ից առաջ էլ Վանաձորում էի աշխատում՝ «Ցավեր առանց սահմանների» կազմակերպությունում, հատուկ ուսումնական հաստատություններում․․․ Իսկ հիմա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման ծրագրավարն եմ»։

Արմինեի աշխատանքային օրերը և՛ նման են միմյանց, և՛ տարբեր են, բայց միշտ հետաքրքիր ու մարտահրավերային են։ «Փոքրիկների հետ զարգացնող աշխատանքներ ենք իրականացնում, ծանոթացնում ենք տարբեր նյութերի՝ ջրաներկի, գուաշի, սոսնձի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, շատ երեխաներ մինչև կենտրոն հաճախելը այդ նյութերի մասին տեղյակ էլ չեն եղել։ Մանկապարտեզներից շատերում այդպիսի նյութերի խիստ պակաս կա։  Իսկ այստեղ երեխաները դրանցից օգտվելու հնարավորություն ունեն, շատ բան են սովորում, զարգանում են։ Ծնողների հետ էլ ենք աշխատում․ նույնիսկ ունենք ծնողական արվեստանոց, որտեղ սովորեցնում ենք մատչելի նյութերից խաղալիքներ պատրաստել»։

Արմինեն մանկան վաղ զարգացումը շատ է կարևորում․ «Մենք փորձում ենք երեխայի ապագա կյանքի հիմքը դնել, որպեսզի նա հաջողակ լինի։ Օգնում ենք, որ նա տիրապետի բազմազան հմտությունների, որոնք տարբեր ոլորտներում կիրառելի կլինեն»։

Արմինեն պնդում է, որ երեխաներից շատերը շփման դժվարություններ ունեն։ «Մենք նրանց սովորեցնում ենք հասակակիցների ու մեծահասակների հետ հաղորդակցվել։ Շատերը չգիտեն, որ կարելի է միասին խաղալ, կամ էլ խաղալիքը խնդրել, ոչ թե հրել կամ հարվածել դիմացինին։ Բայց մենք աշխատում ենք նրանց հետ, և փոփոխություններն ակնհայտ են լինում»։

Երիտասարդ հոգեբանը սիրում է գյուղական համայնքներում աշխատել։ «Ուրախ եմ, որ հատկապես ՔՈԱՖ-ի հետ եմ աշխատում։ ՔՈԱՖ-ն այն կազմակերպությունն է, որը կարող է երեխաների կյանքում իրական փոփոխություններ բերել։ Իսկ ինձ համար այն, ինչ-որ առումով, ավելին է, քան աշխատանքը։ Ես հենց այստեղ եմ ծանոթացել ամուսնուս՝ Կարենի հետ, որը նույնպես հիմնադրամի աշխատակից է։ Մենք հաճախ ենք քննարկում մեր աշխատանքային դժվարություններն ու ուրախությունները։ Ամենակարևորն այն է, որ մենք միևնույն արժեքներն ենք կրում․․․ Երկուսս էլ կարևորում ենք մեր աշխատանքն ու փորձում ենք օգտակար լինել գյուղական համայնքներին»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org