Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Հարազատ զգալ մի երկրում, որտեղ երբեք չես եղել

Ունենալ հայկական անուն ու ներկայանալ արտասահմանում հաճախ դժվար է լինում, եթե անունդ Աննա, Մերի կամ Դավիթ չէ։ 

Արաքս Ավետիսյան․․․ «Գերմանիայում բոլորը մտածում են անունս տխուր անուն է, կոպիտ է հնչում, կամ էլ` տղայի անուն է»,- պատմում է Արաքսը, ում ձայնից ջերմություն է հորդում։  

Արաքսն արդեն մեկ ամիս է` պրակտիկա է անցնում ՔՈԱՖ-ի առողջապահական ծառայություններում ու զննում Արմավիրի մարզի գյուղերում ապրող բնակիչներին։ Բժշկական բոլոր տերմիններին տիրապետում է արդեն նաև հայերենով։

«Ծնվել եմ Գերմանիայի Շվերին քաղաքում․ Բալթիկ ծովի մոտ է գտնվում: Այժմ ապրում եմ Մագդեբուրգում ու արդեն հինգ տարի է՝ ընդհանուր բժշկություն սովորում Otto von Guericke University Magdeburg-ում»։

Հենց բժշկությունը նրան բերեց Հայաստան՝ իր ծնողների հայրենիք: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, իր արմատները ՔՈԱՖ-ի շահառու համայնքներից են՝ Վանաձորից ու Տավուշի Բերդավան գյուղից։ 

Ինչո՞ւ բժշկություն 

«Ինձ միշտ դուր է եկել այն միտքը, որ կարող ես քո գիտելիքով ու հենց քո ձեռքերով մարդկանց առողջություն պարգևել»։ Արաքսն ուզում է գինեկոլոգ դառնալ, քանի որ բժշկության այն ճյուղն է, որ «կյանքի իմաստն է ցույց տալիս՝ մարդու լույս աշխարհ գալը»։

Երբ ունես երկու հայրենիք

Հայաստանում հանդիպման ժամ պայմանավորվելիս նշում են «9-ից 9-ն անց կես», ու Արաքսը չի իմանում՝ երբ գալ՝ 9-ի՞ն, թե՞ 9-ն անց կես։ «Գերմանիայում նշում են հստակ ժամ և այդ ժամին գալիս»,- անկեղծանում է Արաքսը, ում մեջ գերմանական պարտաճանաչությունն ու հայկական հայրենասիրությունն ապրում են կողք կողքի։ 

Մեծանալ սփյուռքում ու հայ լինել

«Դժվար է ուրիշ տեղ մեծանալը, երբ հայ ես, քանի, որ փորձում ես գտնել, թե ով ես։ Հայաստանում ինձ տեսնում են որպես գերմանացի, իսկ այնտեղ ես հայ եմ․․․ Թվում է՝ պետք է լինես կամ մեկը, կամ մյուսը, բայց ես կարծում եմ՝ մեկը մյուսին չի սահմանափակում»։ 

Հայրենիք, որտեղ չես եղել

Երբ փոքր էր, մայրն ասել էր, որ Հայաստան ինքնաթիռով պետք է գնան։ Արաքսը կարծում էր՝ Հայաստանը երկնքում է, ու այն «երազանք տեղ» էր իր համար։ 

«Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2010-ին․ չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան հարազատ զգալ մի երկրում, որտեղ դեռ չեմ եղել։ Ամեն ինչ գիտեի քաղաքների մասին, Վանաձորի մասին, քանի որ ծնողներս շատ էին պատմել»։

Ի՞նչն ես սիրում Հայաստանում

«Փողոցով քայլելն ու հայերեն լսելը։ Այստեղ մարդկանցից չեմ տարբերվում թե՛ իմ արտաքինով, թե՛ պատկանելությամբ։ Այստեղ ես կապ եմ հաստատում իմ պատմության հետ։ Քայլում եմ փողոցներով ու մտածում՝ այստեղով քայլել են իմ տատիկ-պապիկները»։

Ինչո՞ւ կամավորել Հայաստանում

Արաքսը ՔՈԱՖ-ում աշխատելու հնարավորություն ստացավ՝ կամավորելով Դեպի Հայքում։ «Շատ ուրախ եմ, որ այս երկու կազմակերպությունները կան, քանի որ նրանց շնորհիվ ես կարողացա մի բան անել երկրի համար, որն իմն է։ Այս կամավորությունն ինձ օգնեց ինքս ինձ գտնել»։ 

Երազանք

Արաքսը մի անգամ հանդիպել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենին ու ոգեշնչվել նրանով։ «Ուզում եմ Գերմանիայում աշխատել, փորձ ձեռք բերել, գալ Հայաստան ու մարդկանց գյուղերում օգնել։ Հաճախ գյուղերն անտեսված են, բայց չէ՞ որ մարդիկ հավասար են՝ որտեղ էլ ապրեն։ Երբ իմացա ՔՈԱՖ-ի մասին, ուրախացա․ ստացվեց՝ արդեն գոյություն ուներ այն, ինչի մասին ես միշտ մտածել եմ՝ գյուղերին չմոռանալը»։ 

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org