Անուշի կիսամյակը Իտալիայի պատմական Սիցիլիա կղզում

«Դուք կարող եք ունենալ տիեզերքը, եթե ես ունենամ Իտալիան» – Ջուզեպպե Վերդի

Արտասահմանում սովորելն ամենաարդարացված ներդրումներից է, Իտալիայի նման բարձրաճաշակ, մշակութային ու բազմագույն երկրում սովորելը՝ աննկարագրելի փորձառություն։

Հարցրե՛ք ՔՈԱՖ-ի շրջանավարտ և կրթաթոշակառու Անուշ Մկրտչյանին Իտալիայի հարավային Սիցիլիա կղզում իր անցկացրած կիսամյակի մասին, ու նա կպատմի այն ջերմության, հյուրասիրության ու մտերմության մասին, որին սովոր էր իր հայրենի Շենիկ գյուղում ու որը վերագտավ հեռավոր Սիցիլիայում։

Ավանդաբար իտալական մաֆիայի կամ «Կոզա Նոստրա»-յի հայրենիք համարվող կղզու նախկին իրականությունը, կարծես թե, մնացել է իր պատմության հին էջերում կամ աշխարհի ամենաբարձր գնահատված ֆիլմերում, ինչպիսին «Կնքահայր»-ն է։ Ինչպես Անուշն է նկատել, գտնվելով Իտալիայի ու Աֆրիկայի արանքում՝ Սիցիլիան մեծապես կրում է երկու մշակույթների ազդեցությունը։

Մեսսինա՝ տուն 4 ամսով
Սովորելով Երևանի պետական համալսարանում՝ Անուշը հնարավորություն ստացավ մեկ կիսամյակ անցկացնելու Մեսսինայի համալսարանում՝ սովորելով Քաղաքագիտության բաժնում։ Մեսսինան ծովափնյա, առևտրային քաղաք է, որ 19-րդ դարում ջրի տակ է անցել, ապա՝ վերակառուցվել։

Բազմազգ ուսումնական միջավայրն ու քաղաքագիտության բազմաթիվ տեսությունների խորացված ուսումնասիրությունն Անուշին նոր թևեր են տվել թե՛ որպես անհատ, թե՛ որպես մասնագետ։ «Արտասահմանում ուսումն ինձ օգնեց ավելի ինքնուրույն լինել, բարելավել անգլերենի իմացությունս, ինչպես նաև ընկալել բազմազանությունն իր ողջ էությամբ»,- ասում է նա։

Իհարկե, ամեն ինչ հեշտ չի տրվում․ երկիր փոխելն ու արտերկրում երկարաժամկետ բնակություն հաստատելն իր դժվարություններն ունի։ Անուշի համար թերևս ամենամեծ բարդությունը լեզուն էր՝ իտալերենը։ «Իտալիայում անգամ բանկերում ու սրճարաններում իտալերենից բացի այլ լեզվով, կարելի է ասել, չեն խոսում»,- ասում է Անուշը՝ համեմատելով միալեզու Իտալիան Հայաստանի հետ, «որտեղ մատուցողի հաստիքի համար հայտարարությունում անգամ հաճախ նշվում է, որ պարտադիր են անգլերենի ու ռուսերենի իմացությունը»։

Հին երազանքը՝ իրականություն

Վերջերս թերթելով իր դեռահաս տարիքի նոթատետրը՝ Անուշը գտավ 15 տարեկան դառնալիս իր գրի առած 14 երազանքներ։ Դրանցից մեկն էր․ «Լինել Իտալիա, Ֆրանսիա և Իսպանիա երկրներում»։ Չնայած որ հասուն տարիքում վաղուց մոռացել էր այս ձևակերպված երազանքի մասին, Իտալիան, Ֆրանսիան ու Իսպանիան հենց այն երկրներն են, ուր հասցրել է լինել իր շենգենյան ճամփորդության ընթացքում։ Ինչպես ասում են, երազանքների հետ զգույշ եղիր․ դրանք կատարվելու սովորություն ունեն։

Փոքր քայլերի հավաքական ուժը

Լավ բաները հենց այնպես չեն տրվում, դրանք վաստակում են։ Անուշը պայծառ երիտասարդ է, որ ջանք չի խնայում իր ու իր համայնքի համար։ Իր ձեռքբերումների բաղադրատոմսը աշխատասիրությունն է՝ այն ջանքերը, որ ներդնում է իր կրթության, համայնքի զարգացման ու այս կամ այն հարթակում Հայաստանն արժանապատիվ ներկայացնելու մեջ։ Այս փոքր քայլերի մեջ ներդրում ունեն ՔՈԱՖ-ի աջակիցները, որոնք Անուշի նման երիտասարդներին հնարավորություն են տալիս փոքր քայլերից հասնել մեծ արդյունքի։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org