Ուսանողի օրագիր Ռումինիայից | Անի Ղուլինյան

Ասում են՝ տարվա մեջ մի անգամ գնա այնպիսի վայր, որտեղ չես եղել։ Նույնկերպ, կարծում ենք՝ նման մի վայրում կրթություն ստանալն էլ հաճելի մարտահրավերներով լի ու արժեքավոր փորձառություն է։

Այս տարի մեր մի քանի շրջանավարտներ կիսամյակն անց կացրին արտասահմանյան տարբեր բուհերում։ Տաթև Սեփխանյանն Իսպանիայում էր, Անուշ Մկրտչյանը՝ Իտալիայում, իսկ Լոռու Դսեղ գյուղից մեր շրջանավարտ ու կրթաթոշակառու Անի Ղուլինյանին ճանապարհը տարել էր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ։

Մի ուսանողի օրագիր

Նոր երկիր բացահայտելը լի է նոր զգացողություններով։ Անիի համար Ռումինիայի հետ զգայական կապն առաջացավ իր համալսարանական հանրակացարանից, որտեղ երիտասարդներով շատ քովիդյան երեկոներ են անցկացրել ընդհանուր խոհանոցում ու կամրջել սոցիալական տևական հեռավորությունը։ Այստեղ նա սովորեց տարածք կիսել ու ընդհանուր լեզու գտնել տարբեր մայրենի լեզուներ ունեցող իր հասակակիցների հետ։

Ռումինիայի էջն Անիի կյանքում այդքան հագեցած չէր լինի, եթե չլիներ բազմազգ ընկերների այն խումբը, որը ձեռք բերեց հանրակացարանում ապրելով։

Կարպատյան լեռներով քայլարշավները, ծովափին զբոսանքներն ու լավագույն փաբերի փնտրտուքները նրանց ուսումնական կյանքի անբաժան մասն են եղել։ Ոչ մի շաբաթ-կիրակի հենց այնպես չի անցել։

Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնում սովորելով՝ Անին ուսումը շարունակեց Բուխարեստի համալսարանի նույնանուն բաժնում։ Պարզվեց՝ Ռումինիայում ուսանող լինելն ավելի քիչ ծախսատար ու գնահատվող է․ «Ուսանողները տրանսպորտից օգտվելիս 50% զեղչ են ստանում»,- ժպիտով ասում է Անին։

Խոսելով երիտասարդների՝ մասնագիտություն ընտրելու մասին, Անին նշում է, որ քիչ մարդկանց է հանդիպել, որոնք իսկապես երազել են այս կամ այն մասնագետը դառնալ կամ որևէ թեմայով ավարտական աշխատանք գրել, ուսումնասիրություն կատարել։ Կարծում է՝ հաջողակ են նրանք, ովքեր մի ոլորտ են ընտրել, որի նկատմամբ մեծ սեր են տածում։

Պատերազմի արտացոլանքը

Ռումինիայում Անիի անցկացրած 5 ամիսների մեծ մասը համընկան Ուկրաինայում պատերազմի հետ։ Այնպես ստացվեց, որ Անիի սենյակակիցը ևս Ուկրաինայից էր։

«Արտասահմանում ուսման մեկնելու իմ պատճառներից մեկը միջավայրը փոխելն ու Արցախի պատերազմի ազդեցության հետքերից կտրվելու ցանկությունն էր։ Տեսնելով, թե ինչպես է իմ սենյակակիցը հերթով անցնում այն բոլոր հոգեբանական փուլերով, որով մենք էինք անցել՝ վերապրեցի ամենն ինձ արդեն շատ ծանոթ հերթականությամբ»,- հիշում է Անին։

Շուտով իրենց հանրակացարանը լցվեց ուկրաինացի փախստականններով ու նրանց պատմություններով․․․ ավելի պատկերավոր դարձնելով, որ մարդկային ճակատագրերը նման են, ու պատերազմի դառնությունը նույնն է ամենուրեք։

Հոգով ֆիլմարտադրող

Շատերը իրենց երկրի անկախության օրերը նշում են հրավառություններով, տոնախմբություններով ու հավաքույթներով, մինչդեռ Անին այդ օրը տեսել է հնարավոր ամենապարզ ու գեղեցիկ ձևով։ Իր՝ արդեն մրցանակակիր «Մի անկախ օր սարում» ֆիլմում պատկերել է մի գյուղական ընտանիքի սարում անցկացրած Անկախության օրը՝ ցույց տալով գյուղացու առօրյայի հասարակ դրվագներն իրենց ողջ շքեղությամբ։

Ֆիլմերի հանդեպ Անիի սերն առաջացավ դեռևս նորաբաց ՍՄԱՐԹ կենտրոնի «Կինոգետ»-ի ակումբ հաճախելիս։ Անին ՍՄԱՐԹ հասցրեց հաճախել մեկ տարուց քիչ ավելի՝ մինչ կգար Երևան՝ համալսարանում ուսման։ ՍՄԱՐԹ-ը համարում է իր կյանքում աշխարհայացք ձևավորած կարևոր գործոններից մեկը։

Պահերը, որոնք ապրում է, ու այն կադրերը, որ հավաքում է կյանքից, մի օր կարող է դառնան հերթական մրցանակակիր ֆիլմի սյուժե, որ արդեն կհայտնվի «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնում, որին որպես հանդիսատես այժմ ուշիուշով հետևում է ինքը՝ «ռեժիսորը»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org