Աղվան պապիկը, Լյութեր Քինգն ու Կարո Արմենը

Երբ տարիներ առաջ փոքրիկ Աղվան Մնացականյանն ասաց, որ ցանկանում է երկրի նախագահ դառնալ, տնեցիներից ոչ ոք չծիծաղեց ու չասաց, որ դա անհնար է։ Իսկ նրա պապիկը՝ ավագ Աղվան Մնացականյանը, նույնիսկ խրախուսեց՝ պնդելով, որ երեխան պետք է լավ կրթություն ստանա, որպեսզի կարողանա օգտակար լինել հայրենիքին:

Ավագ Աղվան Մնացականյանը Հացիկ համայնքի հիմնադիրներից էր, աշխատանքի հերոս, բարի ու իմաստուն մարդ։

«Պապիկս ինձ միշտ է լավ խորհուրդներ տվել, համարել է, որ ես պետք է ձգտեմ առավելագույնին հասնել։ Հայրենասեր, գյուղը սիրող մարդ էր․․․ Նրա խորհրդով բազմաթիվ գրքեր եմ կարդացել։ Կարծում եմ` նրա շնորհիվ է, որ պատմավեպեր սիրեցի, հատկապես՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունին,- մտորում է կրտսեր Աղվանը։- Նրա շնորհիվ է, որ քաղաքականությամբ սկսեցի հետաքրքրվել, մտածել օգտակար մարդ դառնալու մասին»։

Ցավոք, փոքրիկ Աղվանը չկարողացավ երկար վայելել պապիկի ներկայությունն ու խորհուրդները։ Նա ութ-ինը տարեկան էր, երբ պապիկը մահացավ։

Անցան տարիներ։ Աղվանի կյանքում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Նա սկսեց լուրջ ուշադրություն դարձնել իր կրթությանը, ընդգրկվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ստեղծած խմբակներում։ «Ոչ ոք կամ ոչ մի կազմակերպություն այդքան հնարավորություններ չի տալիս մարդկանց, որքան ՔՈԱՖ-ը։ ՔՈԱՖ-ի շնորհիվ անգլերեն եմ սովորել, զարգացել եմ, բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել և՛ Արմավիրի մարզում, և՛, օրինակ, Լոռիում»,- պատմում է Աղվանը։

Պատանին նաև ՔՈԱՖ-ի բանավեճի ակումբի անդամ դարձավ, մասնակցեց «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական խմբակի աշխատանքներին։ «Նաև ՔՈԱՖ-ի աջակցությամբ սկսեցի հաճախել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ու ծրագրավորում սովորեցի»,- նշում է նա։

Ապա այլ հերոսներ հայտնվեցին։ Աղվանն սկսեց հետաքրքրվել Մարտին Լյութեր Քինգի գործունեությամբ․ «Նրա կյանքն ուսումնասիրելով՝ ես հասկացա, որ բոլոր մարդիկ հավասար են ու կարևոր, որ խտրականությունը շատ վատ բան է»։

Իսկ հետո պատանու կյանքում տեղի ունեցավ մի հուզիչ դեպք։ «Կայացավ մի հանդիպում, որի ժամանակ ես լցրել էի աչքերս․․․ Մեր դպրոց այցելեց ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը։ Ես նրա հետ առանձին զրուցելու հնարավորություն չունեցա, անմիջական շփում չի եղել։ Սակայն երբ նա ելույթ ունեցավ, ես այնքա՜ն տպավորվեցի իր խոսքով։ Ես, իհարկե, գիտեի, թե նա որքան է նպաստել հայաստանյան գյուղերի զարգացմանը։ Ակնհայտ էր, որ նա շատ հայրենասեր, ուրիշների մասին մտածող մարդ է, ու դա ոչ թե խոսքով է արտահայտվում, այլ գործով։ Սկզբից չէի հասկանում, թե ինչու է սիրտս լցվել․․․ Մեկ էլ հանկարծ գլխի ընկա, որ․․․ Կարո Արմենին պապիկիս եմ նմանեցնում։ Պապիկիս, ում տարիներ առաջ կորցրել էի ու շատ էի կարոտում։ Բարությունը դեմքից թափվում էր՝ ճիշտ պապիկիս պես․․․ Նույնիսկ ժպիտներն էին նման։ Պապիկս էլ էր ձգտում օգնել մարդկանց և ուզում էր, որ Հայաստանը ծաղկի, հզոր ու զարգացած պետություն լինի․․․»

Այժմ տասնվեցամյա Աղվանի հերոսներից մեկը նաև Կարո Արմենն է։ «Ես նրան էլ եմ ուզում նմանվել։ Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ապրում է 3 միլիոն գրագետ ու բանիմաց մարդ։ Եվ, ի դեպ, այլևս նախագահ չեմ ուզում լինել»,- ծիծաղում է նա։- «Որոշումս փոխել եմ․ որոշել եմ վարչապետ դառնալ․․․»

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org