ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԱՊԱԳԱ. ԱՆՆԱ ԵՎ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նյութը՝ Մարկ Գարգարյանի

Նուբար և Աննա Աֆեյաններն առաջին անգամ հանդիպել են 1986 թվականին Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում՝ Ամերիկյան քիմիական ընկերության հանդիպման ընթացքում։ Նուբարը MIT-ի ասպիրանտ էր, իսկ Աննան Շվեդիայից էր ժամանել՝ Alfa Laval միջազգային կորպորացիայի գործերով: Կրթությամբ երկուսն էլ կենսաքիմիայի ինժեներներ էին, և նրանց ուղիները հատվեցին, երբ ընդհանուր ծանոթը ներկայացրեց միմյանց՝ Նուբարի նախագծերից մեկը քննարկելու նպատակով։ Շուտով նրանց փոխադարձ համակրանքը («քիմիան») ամուսնության էր վերածվելու, սակայն քչերը կարող էին կանխատեսել առջևում սպասվող արտասովոր արկածները:

Այսօր Նուբարն առավելապես ճանաչված է որպես Moderna-ի համահիմնադիր՝ դեղագործական ոլորտում հայտնի ընկերություն, որը COVID-19 համավարակի ընթացքում կենսական նշանակության (mRNA-1273) պատվաստանյութ ստեղծեց։ Նման մասշտաբի ազդեցություն ունենալու հնարավորությունները հազվադեպ են, սակայն Նուբարն ու Աննան սովոր են հաստատակամորեն գնալ առաջընթացի հետևից։ Այս զույգը դրականորեն փոխակերպում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որտեղ ներգրավված է՝ ոչ առևտրային ոլորտում գործընկերություններից մինչև սեփական մարդասիրական հարթակի՝ «Աֆեյան» հիմնադրամի ստեղծումը, որը մեծահոգաբար աջակցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ հայ երիտասարդներին հզորացնելու առաքելությանը: Աֆեյանների համար գիտական ձեռներեցությունն ու բարեգործությունը հավասարապես կարևոր են, քանի որ երկուսն էլ բխում են այն նույն արժեհամակարգից, որն ընկած է իրենց բոլոր նախաձեռնությունների հիմքում։

Չնայած թե՛ Նուբարը և թե՛ Աննան գիտնականներ են ու ԱՄՆ ներգաղթյալներ, նրանց կենսագրությունները զգալիորեն տարբերվում են։ Աննան՝ ծնունդով Աննա Գունարսոն, մեծացել է Շվեդիայում՝ իրենց ընտանիքներում առաջինը բարձրագույն կրթություն ստացած ծնողների հետ։ «Հայրս հասավ իրավաբանի կոչման՝ լինելով դարբնի որդի։ Մայրս դարձավ ավագ դպրոցի ուսուցչուհի, մինչդեռ նրա հայրը ձյունամաքրիչ մեքենայի վարորդ էր»,- պատմում է Աննան։ Նրա համար իսկապես հպարտանալու բան է, որ Շվեդիայում որակյալ կրթությունը հավասարապես հասանելի է հասարակության բոլոր շերտերին։ Անդրադառնալով իր ընտանիքի պատմությանը՝ Աննան նշում է. «Այս պատմությունները վկայում են այն մասին, որ կրթությունն է քո առաջընթացի գրավականը և որ դու կարող ես փոխել քո կյանքի ուղեծիրը կրթության շնորհիվ։ Մեր ընտանիքում դա միշտ էլ շատ կարևոր է եղել։ Կարծում եմ՝ այս տեսանկյունից նմանություն կա հայերի հետ»։

«Այս պատմությունները վկայում են այն մասին, որ կրթությունն է քո առաջընթացի գրավականը և որ դու կարող ես փոխել քո կյանքի ուղեծիրը կրթության շնորհիվ։ Մեր ընտանիքում դա միշտ էլ շատ կարևոր է եղել՚ Կարծում եմ՝ այս տեսանկյունից նմանություն կա հայերի հետ»։

Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդ՝ Նուբարը իր երկու եղբայրների հետ մեծացել է Լիբանանում։ Նրա մայրը դաշնակահարուհի էր, կրթություն էր ստացել Փարիզի կոնսերվատորիայում և դասավանդում էր Բեյրութում։ Ցեղասպանության շրջանում նրա հոր ընտանիքը Անատոլիայից նախ փախչել էր Բուլղարիա, սակայն կոմունիզմին բնորոշ կյանքի դժվարին պայմանները ստիպեցին ընտանիքին կրկին գաղթել՝ այս անգամ Լիբանանի ուղղությամբ։ Բեյրութում Նուբարի հայրը հաջողության հասավ՝ Մերձավոր Արևելքում պլաստմասսայի ներմուծման և արտահանման բիզնեսում, մինչև որ աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմը, նոր խոչընդոտներ առաջ բերեցին։ Նուբարը 13 տարեկան էր, երբ նրա ծնողները կրկին հավաքեցին իրենց ճամպրուկները՝ այս անգամ ուղևորվելով դեպի Կանադայի Մոնրեալ քաղաք։

Պատերազմն իր հետ արտագաղթելու բազում պատճառներ առաջ բերեց, բայց Աֆեյանների համար դրանցից մեկն էր հատկապես առանցքային։ «Մենք բավական վաղ հեռացանք Լիբանանից՝ քաղաքացիական պատերազմի հենց սկզբում, քանի որ հայրս կարծում էր, որ այն լրջորեն կվտանգի իր երեք դեռահաս որդիների կրթությունը։ Նա մեծ զոհողություն արեց՝ հրաժարվելով Լիբանանում ապրուստ վաստակելու հարաբերական հեշտությունից»,- պատմում է Նուբարը։- «Մենք հայտնվեցինք Մոնրեալում, որտեղ նա ամեն ինչ սկսեց զրոյից»։

Զրոյից սկսելը Նուբարի համար հայկական փորձառությանը բնորոշ գիծ է։ Նա այն համարում է նաև արժեքավոր դաս, որը նրան պատրաստեց ձեռներեցի կյանքին։ Նուբարն իր առաջին ներդրումային առաջարկը ներկայացրեց «Սև երկուշաբթի»-ին հաջորդող երեքշաբթի օրը՝ 1987 թվականի հոկտեմբերին ֆոնդային բորսայի տխրահռչակ փլուզումից հետո։ «Բորսայի մոտ 50%-ով անկումը մի իրադարձություն էր, որը տեղի է ունենում կյանքում մեկ անգամ, և ես՝ MIT-ի քսանհինգամյա վերջերս ավարտած դոկտորը, չէի հասկանում, թե ինչու դա պետք է էական լիներ»։ Նուբարը բացատրում է, որ այդ ժամանակ սթարթափները ակնկալվում էին Արևմուտքում մեծացած, միջին տարիքի, կայացած տղամարդկանցից, ոչ թե երիտասարդ ներգաղթյալ շրջանավարտներից։ Հանկարծ նա ֆինանսավորում է խնդրում, երբ տագնապի զանգերը կարմիր էին։ «Ներդրողները լիովին ցնցված էին, և դա երկարաժամկետ ու բարդ շրջան էր։ Բայց նույնիսկ այդ ճգնաժամային պահը օգտակար դարձավ, որովհետև, ճիշտ է, այն դժվարացնում էր մեր գործը, բայց ավելի մեծ խոչընդոտ էր նրանց համար, ովքեր իրենց արածի հանդեպ պակաս վստահություն ունեին»։

«Մենք կարծում էինք, որ դա կարող է մեծ իրադարձություն լինել, ուստի մեր թիմը պարզապես գնաց լաբորատորիա և բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում մշակեց պատվաստանյութի առաջին տարբերակը»։

1987 թվականի այդ առաջին առաջարկը դարձավ երկարատև կարիերայի սկիզբը, որի ընթացքում Նուբարը կօգներ հիմնել կենսագիտության ոլորտի յոթանասունից ավելի ընկերություններ, այդ թվում՝ իր ամենահաջողակ ընկերությունը՝ «Moderna»-ն։ «Մենք տասը տարի ներդրել էինք հարթակի զարգացման մեջ՝ մանրակրկիտ ցուցադրելով mRNA-ի բոլոր հնարավորությունները։ Հետո, անսպասելիորեն, Covid-ը ի հայտ եկավ որպես անկանխատեսելի ծանրության վարակիչ հիվանդություն»։ 2020 թվականին Նուբարը հիշում է, թե ինչպես էր հետևում միջազգային առողջապահական կազմակերպությունների հերթական ահազանգերին և հասկանում, որ այս վիրուսն աննախադեպ էր։ «Մենք կանխատեսեցինք, որ սա կարող է լուրջ համաճարակ դառնալ, այնպես որ մեր թիմն անմիջապես անցավ գործի և ընդամենը մի քանի ժամում նախագծեց պատվաստանյութի առաջին տարբերակը։ Մեզ հաջողվեց դա անել, որովհետև երկար տարիներ ու զգալի միջոցներ էինք ներդրել՝ այս տիպի գիտական հետազոտությունների համար նախատեսված հարթակ զարգացնելու համար»։ Հետագա իրադարձությունները եզակի էին Նուբարի կարիերայում՝ փորձարկումների 94% արդյունավետության ցուցանիշների գրանցումը, ԱՄՆ բանակի հետ համագործակցությունը և աշխարհի առաջնորդներից հեռախոսազանգեր ստանալը։ «Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ կարողանում գտնել ձեր բջջային հեռախոսահամարը, եթե դրա կարիքն ունեն։ Ես զանգեր էի ստանում տարբեր երկրների ղեկավարներից, համաշխարհային եկեղեցիների առաջնորդներից, տարբեր թագավորներից։ Դա իսկապես տպավորիչ էր»։

Մինչ Նուբարը զբաղված էր գիտական ձեռներեցությամբ, Աննան իր ուժերը կենտրոնացրել էր իրենց մեծ ընտանիքի մասին հոգ տանելու և գիտական կրթության առաջխաղացման վրա՝ ամուր պահպանելով իր դաստիարակության արմատներում եղած շվեդական արժեքները։ Ավելի քան քսան տարի Աննան աջակցել է հիմնադրամներին և դպրոցներին ամբողջ աշխարհում՝ ընդլայնելու STEM-ի հասանելիությունն ու հավասար հնարավորությունները։ Ներկայումս Աննան Բոստոնի «Beacon Academy»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, որը սահմանափակ ռեսուրսներ ունեցող համայնքների մոտիվացված ուսանողների համար հաջողության հասնելու հնարավորություն է ստեղծում մրցակցային ավագ դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում։ «Նրանք ուզում են սովորել, ուզում են առաջընթաց ունենալ։ Բայց, ինչպես գիտենք, Բոստոնում կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին»։

Աննան պարզապես հոգաբարձու չէ, քանի որ խորհրդին միացել է նախ՝ որպես դասավանդող։ «Ես ծանոթացա մեկի հետ, ով այնտեղ էր աշխատում։ Նրանք գիտական ուղվածության ուսուցչի կարիք ունեին, և նա առաջարկեց՝ «կարո՞ղ ես միանալ և դասավանդել գոնե մեկ կիսամյակ»։ Ի վերջո, ես մնացի այնտեղ 8 տարի»։ Աննայի՝ քիմիական ինժեներության խորը գիտելիքները և ուսանողների զարգացման նկատմամբ նվիրվածությունը նրան հնարավորություն տվեցին արդյունավետորեն իրականացնել իր ուսուցչական պարտականությունները։ Այս փորձառությունը ձևավորեց Աննայի տեսլականը Հայաստանում STEM կրթության հավասարության բարելավման մարտահրավերների, խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ։

Նուբարն ու Աննան միասնաբար նվիրված են Հայաստանի ապագայի բարելավման գործին։ 2000 թվականից ի վեր Աֆեյանները ձեռնամուխ են եղել Հայաստանի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների։ Նուբարը պատմում է. «Մենք համահիմնադրել ենք սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր՝ ներառյալ էկոտուրիզմի համալիր Տաթևի վանքի հարևանությամբ՝ Հայաստանի հարավում, միջազգային դպրոց Դիլիջանում, առողջապահական ծրագրեր, գիտատեխնոլոգիական նախագծեր և այլն»։

Աննան հիշատակում է իրենց հիմնադրամի կողմից վերջերս հայտարարված «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) ծրագրի մեկնարկը։ «Հայաստանում մեր իրականացրած ծրագրերի ծավալն այնքան մեծ է, որ որոշեցինք տեղում կազմակերպություն հիմնել»։ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից հետո Աֆեյանները երկու միլիոն դոլար հատկացրին տեղահանված հայ փախստականներին աջակցելու համար, այդ թվում՝ դրամաշնորհներ հատկացրին ՔՈԱՖ-ին։ 2015 թվականին հիմնադրամի 12-րդ ամենամյա տոնական Գալայի ընթացքում ՔՈԱՖ-ը Նուբարին պարգևատրեց «Փրկիր սերունդ» մրցանակով։ Վերջերս Աֆեյանները նաև հիմնեցին «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամը»՝ պատերազմի և դրա հետևանքների պատճառած հոգեբանական տրավմաներին արձագանքելու նպատակով։ «ՔՈԱՖ-ն իսկապես համահունչ է մեր տեսլականին, քանի որ այն կենտրոնացած է երիտասարդների և կրթության վրա»,- նշում է Աննան։ «Մենք գիտենք, որ հենց երիտասարդներն են վերափոխելու աշխարհը, ոչ թե մենք»։

«Մենք գիտենք, որ հենց երիտասարդներն են վերափոխելու աշխարհը, ոչ թե մենք»

Նուբարը զարգացնում է այս միտքը. «Հայաստանում մեր իրականացրած բոլոր ծրագրերում մեր ուղենիշն այն է, որ մենք շահառու ենք համարում Հայաստանի հնգամյա երեխաներին։ Մենք հաշվետու չենք որևէ կառավարության կամ չափահասի»։ Նուբարի կարծիքով՝ Հայաստանի չափահասները տարված են ներկայով, քանի որ ստիպված են կառավարել խիստ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ։ «Այսօր նրանք ստիպված են գոյապահպանման ընտրություններ կատարել։ Սակայն անհրաժեշտ է մտածել երեխաների մասին, քանի որ նրանք են երկրի ապագան։ Կասեի, որ մենք աշխատում ենք կարևորի վրա, մինչդեռ մյուսները՝ հրատապի»։

«Կարևոր» ասելով՝ Նուբարը նկատի ունի այն ամենը, ինչը սնուցում է հայ երեխաների ներքին և արտաքին աշխարհները, այդ թվում՝ նրանց կապը Սփյուռքի հետ և այդ կապի նշանակությունը ավելի լայն հայկական ինքնության համատեքստում։ «Ես կցանկանայի, որ Հայաստանի երիտասարդը նույնականացվի Կանադայի հայ երիտասարդի հետ»,- նշում է նա։ Հիշատակելով Ուիլյամ Սարոյանի գրվածքները՝ Նուբարն անդրադառնում է հայկական ինքնագիտակցության էությանը՝ «Այս թեմայով Սարոյանի տեսլականն այն էր, որ հայությունը կազմված է անպետական ազգերից։ Նա շեշտը դնում էր ազգության, ոչ թե պետականության վրա։ Կան մարդիկ աշխարհում, որոնք միավորված են ընդհանուր արժեքներով, պատմությամբ, հատկանիշներով, և նա հավատում էր, որ հայերը նույնպես կարող են գոյատևել ամենուր»։

Աննան, թեև ծագումով շվեդուհի է, զգալի ներդրում ունի Հայաստանի ապագայի կերտման գործում։ «Ինձ համար շատ բնական է ընկալել հայկական ինքնության պահպանման կարևորությունը։ Շվեդիան կայուն է։ Այն ոչ մի տեղ չի գնում։ Տասը միլիոն բնակչություն ունի։ Անվտանգ է։ Կան որոշ մարտահրավերներ, բայց ոչինչ համեմատելի չէ Հայաստանի իրավիճակի հետ։ Հայաստանը պետք է պահպանի իր մշակույթը, քանի որ մշակութային ինքնությունն իսկապես առանցքային է։ Իմ երեխաները երկու մշակույթների կրողներ են։ Նրանք հեշտությամբ շվեդերեն են խոսում, բայց մեծացել են հայկական եկեղեցում՝ հայկական պարարվեստի միջավայրում։ Դա էական է նրանց ինքնության ձևավորման համար»։

Աննայի հարաբերությունը հայկական մշակույթի հետ էապես փոխվել է վաղ տարիներից ի վեր, երբ նա Նուբարին և նրա երկու եղբայրներին ծանոթացրեց շվեդ հզոր կանանց իր շրջապատի հետ։ Եթե այն ժամանակ հայկական երաժշտությունն այնքան օտար էր նրա համար, որքան շվեդական բնության զբոսանքները՝ Նուբարի, ապա այժմ այն լցնում է նրա կյանքն ու տունը։ «Վերջերս Քեյփում էի, որտեղ իմ երրորդ դուստրն իր ընկերներն ունի։ Լողավազանում ամենուր հնչում էր հայկական պարային երաժշտություն։ Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք զգում իրենց կապը մշակույթի, միմյանց և հայրենիքի հետ։ Դա հրաշալի է։ Մարդը պետք է պատկանելության զգացում ունենա։ Այնքան շատերն են զրկված դրանից»։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հպարտությամբ է համագործակցում Աֆեյանների նման գործընկերների հետ՝ հայոց պատմության նոր էջ կերտելու ճանապարհին։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org