ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Առողջության առաջնային պահպանման հզոր համակարգն առանցքային նշանակություն ունի առողջ հասարակության ձևավորման գործում։ Լոռու մարզի Դսեղի առողջության կենտրոնը (ԴԱԿ) ՔՈԱՖ-ի առաքելության հիմնարար ուղղություններից է՝ միտված Հայաստանի գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանն ու համակարգային զարգացմանը։

Այս ժամանակակից հաստատությունն ընդգրկում է առողջության առաջնային պահպանման կենտրոն, ատամնաբուժական բաժանմունք, շուտով նաև դեղատուն, ինչի արդյունքում ծածկում է տարածաշրջանի առողջապահական հիմնական բացերը։ Դսեղի առողջության կենտրոնում ՔՈԱՖ-ն իրականացնում է առողջության առաջնային օղակի բարեփոխման պիլոտային ծրագիր, որը շինության հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համագործակցության արդյունք է։

Պիլոտային ծրագիրը միտված է վաղ փուլերում հայտնաբերելու զարկերակային գերճնշում և շաքարախտ ունեցող բուժառուներին՝ հաղորդակցման նոր գործիքների, առողջապահական կրթության հնարավորությունների և Առողջության էլեկտրոնային պատմագրի (EMR) ներդրմամբ։

Հիվանդության ախտորոշում ստացած բուժառուները Դսեղի առողջության կենտրոնում կօգտվեն անվճար հետազոտություններից, որոնք ներառում են գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c), լիպիդային պրոֆիլի թեստավորում, ինչպես նաև նեֆրոպաթիայի և շաքարային դիաբետային ռետինոպաթիայի զննումներ։ Այստեղ բուժառուակենտրոն և ապացուցահեն բուժման հետ մեկտեղ, կտրամադրվեն նաև զարկերակային գերճնշման և հիպերլիպիդեմիայի անվճար դեղամիջոցներ:

Արդյունքների բարելավման նպատակով բուժանձնակազմը շարունակական վերապատրաստում է անցնում տեղական և միջազգային փորձագետների կողմից՝ առողջապահական հմտությունների և բուժառուների հետ հաղորդակցության թեմաներով։ 

ArMED-ի, Պետական առողջապահական գործակալության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը նպաստել է պիլոտային նորարարությունների ներդրմանը: Համապարփակ տվյալների հավաքագրումը հնարավորություն է տալիս իրականացնել շարունակական մշտադիտարկումներ, գնահատել և բարելավել գործընթացները։

Առողջության կենտրոնը տրամադրում է որակյալ և ծախսարդյունավետ առաջնային բուժօգնություն գյուղական համայնքների բնակչությանը, բարելավում է առողջության ցուցանիշները և ստեղծում առաջնային առողջապահության կայուն ու վերարտադրելի մոդել Հայաստանում։

ԴԱԿ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Որակյալ բուժօգնության հասանելիություն. Լոռու 7 գյուղական համայնքի 4,000 բուժառուի սպասարկում

Համայնքում առողջության մակարդակի բարելավում. քրոնիկ հիվանդությունների կառավարում՝ ժամանակին անցկացվող հետազոտությունների, զննումների և կլինիկական գործիքների միջոցով՝ գործընթացները և արդյունքները բարելավելու նպատակով։

Առաջնային բուժօգնության կատարելագործում. փորձի ու գիտելիքների շարունակական փոխանակում և կարողությունների զարգացում Երևանի ու Լոռու մասնագետների միջև։

Ինտեգրված բուժօգնության մոդել. սոցիալական աշխատողների, հոգեբանների և առաջնային բուժօգնության մասնագետների համագործակցություն՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան համապարփակ և բուժառուակենտրոն խնամք ապահովելու համար։

ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ՔՈԱՖ-ում մենք գիտակցում ենք, որ առողջությունը բարեկեցիկ հասարակության հիմքում է, որ երեխաներն ու ընտանիքներն ապրում են էկոհամակարգերում, և նրանց առողջությունն ու բարեկեցությունն անքակտելիորեն կապված են այդ էկոհամակարգի հետ:

20 տարի շարունակ, միջազգային չափորոշիչ դառնալուց շատ առաջ, ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը կենտրոնացած էին կանխարգելման և առաջնային բուժօգնության վրա և համապարփակ մոտեցում էին ցուցաբերում գյուղական համայնքների բնակչության առողջության նկատմամբ: Այս ընթացքում մենք աճել ենք՝ հիմնվելով մեր սեփական փորձի վրա, ինչպես նաև հաշվի առնելով տեղական և միջազգային փորձագետների առաջարկությունները։ Մենք մշտապես գնահատել ենք մարտահրավերներն ու հաջողությունները՝ աշխատելով ընդլայնել մեր ծրագրերի արդյունավետությունն ու ազդեցությունը։

Քաղցկեցի բուժզննում անցած պացիենտ
0 +
Փրկված կյանք
0
Ատամների բուժում ստացած երեխա
0
Շարունակական վերապատրաստում անցնող տեղի բուժաշխատող
0

ՔՈԱՖ-Ի ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Մեր նպատակն է զարգացնել համապարփակ ծրագրեր, որոնք բարելավում են ոչ միայն մեր շահառուների առողջությունը և հզորացնում առողջապահական ոլորտի մասնագետներին, այլև ավելի լայն հնարավորություններ ու երկարաժամկետ ազդեցություն են ստեղծում ամբողջ Հայաստանի համար։

ՄԵՆՔ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆՔ.

  • Բարելավելով կանխարգելիչ ծառայությունները և ներդնելով ինտեգրված առողջապահություն Հայաստանի գյուղերում։
  • Հզորացնելով համայնքների առողջապահական թիմերին ու համայնքներին։
  • Կիսելով գործընթացների, արդյունքների և կուտակված փորձի վերաբերյալ տեղեկությունը շահագրգիռ հաստատությունների հետ՝ առողջապահության ռազմավարություն և քաղաքականություն մշակելու համար։

Սրտանոթային հիվանդությունները (օրինակ՝ զարկերակային գերճնշում, շաքարախտ, բարձր խոլեստերին) Հայաստանում վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, որին հաջորդում են տարբեր տեսակի քաղցկեղները: Երեխաները տառապում են մի շարք խնդիրներից՝ աճի և զարգացման խանգարումներից մինչև անեմիա և վարակներ: Հիմնվելով այս փաստերի և սեփական փորձի վրա՝ ՔՈԱՖ-ն իրականացնում է թիրախավորված ծրագրեր, որոնք ուղղված են առողջապահության նշված կարևորագույն խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

  • ՔՈԱՖ-ը հզորացնում և աջակցում է Հայաստանի գյուղական համայնքների առողջապահության ոլորտի աշխատակիցներին՝ նրանց տրամադրելով բարձրակարգ բուժօգնություն մատուցելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կենտրոնանալով սրտանոթային հիվանդությունների և մանկան խնամքի վրա: Դասընթացներից հետո իրականացվում է շարունակական աջակցություն և հսկողություն՝ ծրագրերի կայունությունն ապահովելու համար։
  • ՔՈԱՖ-ը խթանում և կազմակերպում է քաղցկեղի վաղ հայտնաբերման զննումներ՝ հասանելի դարձնելով դրանք նույնիսկ ամենահեռավոր համայնքներում։

Ատամնաբուժական հիվանդությունները հանդիպում են ՔՈԱՖ-ի կողմից աջակցություն ստացող համայնքների երեխաների 99%-ի մոտ: ՔՈԱՖ-ը բազմաբնույթ միջոցներով է պայքարում այս ցուցանիշի դեմ՝ կենտրոնանալով կանխարգելման վրա, սակայն զուգահեռաբար խթանելով երեխաների ատամնաբուժական հիվանդությունների բուժումը։ Այս նպատակով ՔՈԱՖ-ը՝

  • Երեխաների ատամնաբուժական առողջության առաջնային գնահատման վերաբերյալ դասընթացներ է անցկացնում ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար, ինչպես նաև ծնողներին տրամադրում է խորհրդատվություն բերանի խոռոչի հիգիենայի մասին։
  • Կառավարում է երկու մանկական ատամնաբուժական կետ՝ մեկական Քարակերտում (Արմավիրի մարզ) և Դսեղում (Լոռու մարզ), որոնք երեխաներին մատուցում են անվճար ծառայություններ։
  • Իրականացնում է շարժական ատամնաբուժական ծրագիր, որը դպրոցներում երեխաներին տրամադրում է կանխարգելիչ խնամք՝ ներառյալ պարբերական մաքրումը, ֆտորացումն ու ակոսների պաշտպանիչ հերմետիկացման կիրառումը։

Մեր բոլոր առողջապահական ծրագրերն ուղեկցվում են համայնքային կրթական ծրագրերով՝ դրանց արդյունավետությունն ու ազդեցությունն ընդլայնելու նպատակով։

  • Տարիներ շարունակ ՔՈԱՖ-ը «Առողջության խթանում դպրոցներում» դրամաշնորհ է տրամադրել տարեկան ավելի քան 20 դպրոցի։ Յուրաքանչյուր մասնակից-դպրոց ունի դասընթացավար, որը ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպված ստանդարտացված վերապատրաստում է անցնում, այնուհետև իրականացնում դպրոցական առողջապահական կրթության ծրագրի դասավանդումը։ Ծրագրի շրջանակն ընդգրկուն է և ներառում է ատամնաբուժական առողջություն, սննդակարգ, ընդհանուր հիգիենա և առողջ կենսակերպ ու շատ ավելին։ ՔՈԱՖ-ի կողմից մշակված այս զվարճալի և ինտերակտիվ ծրագիրը ներառում է խաղեր, միջդպրոցական մրցույթներ, հրավիրված բանախոսներ և այցեր։
  • Ատամնաբուժական ծրագրերն ունեն նաև իրենց լրացնող կրթական բաղադրիչը։ Մենք դպրոցներում կառուցել ենք ատամների խնամքի հատուկ կայաններ՝ «Բրաշոդրոմներ», որտեղ երեխաները ստանում են ատամի խոզանակ և մածուկ ու սովորում ճիշտ մաքրել իրենց ատամները։ Այս ծրագիրը զուգակցվում է դպրոցներում երեխաների համար նախատեսված ատամնաբուժական առողջության և հիգիենայի ֆորմալ կրթական ծրագրի հետ։

ՔՈԱՖ-ը տարիներ առաջ սկսեց կիրառել այն մոդելը, որն այժմ ճանաչվել է որպես միջազգային լավագույն փորձ՝ ընդգրկելով սոցիալական և հոգեկան առողջության մասնագետներին առաջնային բուժօգնության թիմերում։ Այս մոդելը մեզ հնարավորություն տվեց աջակցել մեր շահառուներին իրենց համայնքներում՝ շատ ավելի վաղ, քան առողջության սոցիալական գործոնների դերը լայնորեն ճանաչվեց։

Սկսած ՔՈԱՖ-ի առաջին քայլերից Արմավիրում մինչև 2023 թվականի աշնանը Արցախի հարկադիր տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար ճգնաժամը՝ մեր թիմերը՝ բաղկացած բժիշկներից, հոգեբաններից և սոցիալական աշխատողներից, այցելել են համայնքներ, դպրոցներ ու ընտանիքներ՝ աջակցելու և լուծումներ գտնելու նպատակով։

  • Թիմերը համագործակցում են տեղական բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների և համայնքի այլ անդամների հետ՝ ռիսկային ընտանիքների բացահայտման, առկա ռեսուրսների գնահատման և տեղի ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ մշակելու համար։
  • Մեր փորձահեն գիտելիքներն օգտագործում ենք տեղական և ազգային մակարդակներում քաղաքականության մշակման համար՝ մարզպետարանների, նախարարությունների և միջազգային ՀԿ-ների հետ համագործակցությամբ։ Այս մոդելը հնարավորություն է տալիս կիրառել համապարփակ և մարդակենտրոն մոտեցում՝ աջակցելով մեր կարիքավոր բնակչությանը և համայնքներին։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org