Ճամփորդությունները ծախսատար կարող են լինել, բայց ճամփորդել սիրողները կփաստեն, որ այն տպավորություններն ու հիշողությունները, որ մնում են հետո, վճարածից էլ ավելի արժեն։
Վերջերս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանող Նանե Ալիխանյանը նման մի ճամփորդություն ունեցավ դեպի աշխարհի ամենաշատ այցելված երկիր՝ Ֆրանսիա։ Նանեն ընտրվել էր Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Ֆրանսիայում մարտի 17-20-ը կայանալիք «Հասկացի՛ր և գործի՛ր» միջազգային համաժողովի ատենախոս։
Մոտ 20 երկրներից 50-ից ավելի երիտասարդներին Ֆրանսիայի մայրաքաղաք էր բերել խտրականության տարբեր տեսակների ու դրսևորումների մասին քննարկումը։ Հայաստանից մի քանի ներկայացուցիչներից մեկն էլ Նանեն էր՝ Վանաձորից։ Խմբային միջոցառումներ (թիմբիլդինգ), քննարկումներ ու բանաձևի մշակում ներառող համաժողովի նպատակն էր առաջարկել լուծումներ, որոնք կպակասեցնեն տարբեր մշակույթներում ու ոլորտներում խտրականության դրսևորումները։
«Ճամփորդությունից ամենալավ հիշողություններս կապված են նոր ծանոթությունների հետ․ հանդիպեցի մարդկանց Ֆինլանդիայից, Գերմանիայից, Սերբիայից ու շատ այլ երկրներից։ Ֆրանսիա այցով նաև առաջին անգամ պատկերացում կազմեցի Եվրոպայի մասին։ Հրաշալի էր լինել վայրերում, որոնք միշտ նկարներով էի տեսել»,- ասում է Նանեն։
Բացի հագեցած ակադեմիական փորձից, Ֆրանսիայում անցկացրած 10 օրերի ընթացքում 18-ամյա վանաձորցի երիտասարդը հասցրեց համեղ ուտելիքներ փորձել (ասում է՝ կրուասաններն իսկապես յուրահատուկ են այնտեղ), երկար հերթ կանգնել ու շրջել աշխարհի ամենաշատ այցելված արվեստի թանգարանով՝ Լուվրով, և, իհարկե, գտնել Էյֆելյան աշտարակի հետ նկարվելու ամենալավ վայրերը։
Վերջապես, ինչպե՞ս կարող ես լքել Ֆրանսիան առանց մի փոքր ֆրանսերեն հետդ տանելու. bonjour, au revoir, merci beaucoup, enchanté: