5 հարց ՍՄԱՐԹ կենտրոնից Արտաշես Ղումաշյանի հետ

Տոներին, երբ հավաքվում ենք ընտանիքի անդամների ու ընկերների հետ, սիրում ենք զրուցել այն ամենի մասին, ինչի ժամանակը հաճախ չենք ունենում տարվա ընթացքում։ Հենց այդպիսի զրույց վերջերս ունեցանք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մեր ուսանողներից Արտաշես Ղումաշյանի հետ՝ իմանալու, թե ինչ հետաքրքրություններ ունի Լոռու Ալավերդի քաղաքում ապրող 13-ամյա երիտասարդը։ 

1․ Ալավերդիում ապրելու առավելությունները

Ձեր բնակության վայրում հատապտուղներ ձեռք բերելու համար սովորաբար վճարո՞ւմ եք։ Ալավերդու Սանահին-Սարահարթ շրջանում՝ ոչ։ «Հատապտուղներն ամենուր աճում են, պարզապես պետք է դուրս գալ ու քաղել դրանք»,- ասում է Արտաշեսը։  

2․ Երազանքի աշխատանքն ու ապագա մասնագիտությունը 

Բազմազանությունը տարբերակներ ունենալու հնարավորություն է տալիս։ Նույնկերպ, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերը ապագա մասնագիտությունների նոր այլընտրանքներ են բացում ուսանողների համար։ «Շատ եմ սիրում լուսանկարել ու լուսանկարվել․ տատանվում եմ լուսանկարչի, ռեժիսորի, մոդելի, դերասանի մասնագիտություններն ընտրելու մեջ»։ 

Արտաշեսը հստակ հիշում է ՍՄԱՐԹ կենտրոն այցելության առաջին օրը. «Իմ ծննդյան օրն էր․ կարելի է ասել՝ ՔՈԱՖ-ի հետ արդեն երեք տարեկան եմ»: Երազում է մի օր գրաֆիտի արվեստ դասավանդել ՍՄԱՐԹ-ում՝ ծրագիր, որ դեռևս գոյություն չունի կենտրոնում, բայց ո՞վ գիտի․․․

3․ Ձեռք բերած ամենակարևոր հմտությունը

Թիմային աշխատանքի հմտությունները զարգացնելու միջոցները տարբեր կարող են լինել։ Պարը երբևէ դիտարկե՞լ եք դրանց թվում։ ՍՄԱՐԹ-ի Պարի ծրագրի ուսանողների կողմից վերջերս բեմադրված պարը Արտաշեսի՝ մինչ այժմ ունեցած ամենաարդյունավետ թիմային աշխատանքի փորձն է եղել: «Հավաքվում էինք փորձերի ընթացքում, բաժանում մեր դերերը, ու բոլորս օգնում էինք, լրացնում միմյանց»: Ահա և արդյունքը:

4․ Արտաշեսի մարկեթոլոգ էությունը

«Շատ բաներ, որոնք ՍՄԱՐԹ-ի Մարքեթինգի ծրագրի ընթացքում սովորեցի, առօրյայում կիրառում եմ։ Օրինակ, երբ ՍՄԱՐԹ-ի Ռուսերեն ծրագրի ընթացքում խմբային աշխատանքի շրջանակներում պետք է մեր ապրանքը «վաճառեինք», իմ սովորած մարքեթինգային մարտավարությունը մեր թիմին օգնեց հաղթել»,- պատմում է նա:

5․ Սիրելի տոնը

Ամանորը Արտաշեսի՝ տարվա ամենասիրելի տոնն է, որ նշում է իր ծնողների ու երեք եղբայրների հետ։ «Նոր տարուն լույսեր եմ դնում անկողնուս վրա, սուրճ պատրաստում մարշմելոուով և ֆիլմեր դիտում»,- նկարագրում է իր շատ անձնական ամանորյա տրամադրությունը:

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org