Անծայր դաշտեր, ամպերին հասնող լեռներ ու դաշտերի պռնկից կախված ձորեր, որոնց արանքը ճեղքելով՝ հոսում է Ձորագետը։
Կլոր տարի այս համայնապատկերն է բացվում Ձորագյուղի համարյա ամեն մի տան պատշգամբից:
Հեթա՜յ զադը (ա՜յ քեզ բան)-, թերեւս ամենաճիշտ արտահայտությունն է Լոռու բարբառով, որով կարելի է փոխանցել բնապատկերի ողջ գեղեցկությունը։
Տեսարանից առավել ձորագյուղցիները առանձնահատուկ հպարտությամբ են ցույց տալիս տեղական Grand Canyon-ը, Ցից քարը, «Քիր ու Ախպեր» ամրոցն ու «Բերդշեն» բնակատեղին (Ք.ա 2-3-րդ հազարամյակ)։