Վանաձորի թաքնված էներգիան ու իր երիտասարդ արվեստագետ Լևոնը

«Վանաձորում թաքնված մեծ պոտենցիալ ու էներգիա կա»,- հավատում է ՍՄԱՐԹ-ի նախկին ուսանող Լևոն Հարությունյանը։ Այդ էներգիան այն արվեստագետների մեջ է, որոնք մի պարզ սենյակը կարող են վերածել արվեստանոցի, նվագել, նկարել ու ստեղծագործել քաղաքի անհայտ անկյուններում։ 

Վանաձորի երիտասարդ ստեղծագործողներից մեկն էլ Լևոնն է՝ 19-ամյա տղա, ով սիրում է նվագել, երգեր գրել ու գործիքավորել դրանք։ Հայտնի դառնալու ձգտում չունի, միայն ուզում է, որ իր «նվագածը մարդկանց սրտին հասնի»։ «Արվեստագետների քաղաքը», որտեղ նա ծնվել ու ապրում է, նաև համարում է «պարապ քաղաք», որը պարզապես պետք է սիրել ու ճիշտ ուղով զարգացնել։ 

Վանաձորում Լևոնը փոքր, բայց կարևոր բաներն է նկատում։ Օրինակ՝ այն «միակ փաբը», որի անունն իմանալը այնքան էլ էական չէ․ քաղաքում բոլորը գիտեն, որ այն միակն է, ու պարզապես «փաբ» ասելով՝ կարելի է գտնել տեղը։ «Փաբի գոյությունը մեծ իմաստ ունի ու շատ ոգևորում է․ լինելով միակը՝ այն շատ փորձությունների միջով է անցնում, որ գոյատևի»,- պատմում է Լևոնը՝ նկատի ունենալով, որ քաղաքի մարդիկ միշտ չէ, որ հյուրընկալ են «նորարարությունների» նկատմամբ։ 

Լևոնն իր հետաքրքրություններով ապրող պատանի է, որ 8 տարի զբաղվել է վոկալով, անգլերեն սովորել՝ մեծամասամբ երգեր թարգմանելով, ու իր բոլոր ռեսուրսների 99%-ն ուղղում է իր հոբբիներին։ «Նախընտրում եմ գումարս ծախսել երաժշտական գործիքների վրա, քան, օրինակ, հագուստի»,- ասում է նա այն նույն հանգստությամբ, որով նույն հարկի տակ ապրում են իր շունն ու կատուն։ 

Իր ընկերների հետ ձևավորած խմբով Լևոնենք ամեն օր երաժշտական փորձեր են անցկացնում։ Վերջերս ելույթ են ունեցել նաև ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ընթացքում։

Եթե նախկինում Լևոնը ՍՄԱՐԹ հաճախում էր որպես ուսանող, այսօր այցելում է որպես արվեստագետ։ Այստեղ նա մասնակցել է մեխանիկայի, անգլերենի ու իր ամենասիրելի՝ երաժշտական գործիքների ծրագրին։ Ասում է.- «ՍՄԱՐԹ-ը ցույց է տալիս, թե ինչ կարող ես ունենալ ինքդ, թե որն է այն բարձր չափանիշը, որին մի օր կարող ես հասնել»։ 

Իսկ ինչպե՞ս են հասնում այդ բարձր չափանիշին, եթե ոչ սիրելով այն, ինչ ունես, ճիշտ ինչպես Լևոնն է սիրում իր կիթառը, կենդանիներին ու «պարապ քաղաքը»։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org