The Beatles-ից, Queen-ից մինչև TikTok-յան թրենդային երգեր

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամեն սենյակ իր գույնն ու տրամադրությունն ունի։ Թերևս ամենաարտիստիկը երաժշտական սենյակն է․ միշտ մի մեղեդի է հնչում, ամեն տեսակի երաժշտական գործիք կա, ու այստեղ են տեղի ունենում ամենակրեատիվ իմպրովիզներն ու զրույցները։

Սենյակում անցկացվող ծրագրերից է վոկալը, որի շրջանակներում ուսանողները զարգացնում եմ իրենց վոկալի ունակությունները,  երաժշտական ճաշակ ձևավորում՝ շեշտը դնելով երաժշտական գրագիտության, լսողական, ռիթմիկ հմտությունների և կատարողական զարգացման վրա:

Ծրագրավար Լիզան

Երաժշտությունը վոկալի ծրագրավար Լիզա Եփրեմյանի օրվա 80%-ն է զբաղեցնում․ «Կամ երգում եմ, կամ նվագում, կամ լսում»,- ասում է իրեն երաժիշտ չհամարող Լիզան, ում «երաժիշտ» կոչվելը մեծ պատասխանատվություն է թվում։ Նախընտրում է «պարզապես նվագող ու երաժշտություն լսող մարդ» լինել։ 

Ժամանակին «Փոքրիկ երգիչներ» խմբում երգելիս առաջին անգամ համոզվել է, որ աշխատանքը ուղիղ համեմատական է արդյունքին․ «Քեզանից է կախված, թե ինչի կհասնես. որքան շատ ես աշխատում, այնքան մեծ արդյունքի կհասնես»,- ասում է նա։ Դեռահաս տարիքից սիրահարված է երաժշտությանը, 21 տարեկանից դասավանդում է ու այժմ էլ նույն սերը ՍՄԱՐԹ-ի երիտասարդներին փոխանցում։

«Սերունդների համերաշխություն»

Բացի ստեղծագործելուց՝ վոկալի դասի անբաժան մասն են կազմում հոգեբանական զրույցները։ Ինչպես ուսանողներն են գալիս Լիզայի առաջարկած երաժշտական դաշտ, նույնքան էլ Լիզան է գնում նրանց երաժշտական դաշտ։ «Երեխաների շրջանում այժմ շատ տարածված են TikTok-ի թրենդային երգերը, որոնց մեջ որակյալ երաժշտություն ևս կարելի է գտնել։ Օրինակ՝ Aurora-ի Runaway-ն ենք լսում, Tones and I-ի Dance Monkey-ն և հայտնի երգերի ժամանակակից մեկնաբանումներ, որոնք երեխաներին ավելի հոգեհարազատ են»։ 

Մի խոսքով, վոկալի դասին «սերունդների համերաշխություն» է տիրում․ հնչում են Բախից, The Beatles-ից, Queen-ից մինչև TikTok-յան թրենդային երգեր (իմիջիայլոց, կարող եք հետևել ՔՈԱՖ-ի տիկտոկյան նորաբաց էջին)։ 

Փորձել ամեն ինչ, ընտրել ինչ ուզում ես

«Ուսանողների հետ մենք շատ ենք զրուցում իրար ճանաչելու ու հասկանալու համար։ Քննարկում ենք տարբեր տեսակետներ, այլընտրանքներ, երաժշտական ուղղություններ, որ այդ մեծ բազմազանության մեջ յուրաքանչյուրն ընտրի այն, ինչ սիրում է, այն, ինչ իրենն է»,- նշում է Լիզան։ 

Եթե ճանաչեք մեր ուսանողներից յուրաքանչյուրին, կհասկանաք, որ նրանք երաժշտության անսահման աշխարհում գտնում ու ստեղծում են իրենցը։ Օրինակ՝ Վանաձորից ՍՄԱՐԹ հաճախող Իրինա Գևորգյանը բաս կիթառի սիրահար է։ Մի երաժշտություն վերցնելն ու դրանից լրիվ նոր բան ստանալը իր ամենասիրելի գործերից է։ 

Իրինան և իր ընկերները ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագրերի ընթացքում ներկայացրել են Կոմիտասի «Սոնա յար» ստեղծագործության իրենց տարբերակը։ Ապա լսե՛ք։  

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org