Աղունիկ Շամբարյանի ուսանողական կյանքի սկիզբը Երևանում

Նոր ուսումնական տարին գյուղական համայնքներում բնակվող շատ երիտասարդների համար սկսվել է նոր՝ համալսարանական կյանքով։ Ոմանք տեղափոխվել են Երևան, ոմանք՝ Գյումրի կամ Վանաձոր, քանի որ այս քաղաքներում են կենտրոնացած հանրապետության համալսարանների մեծ մասը։ 

Աղունիկ Շամբարյանը նրանցից մեկն է։ Ալավերդու Սանահինի շրջանից հաճախել է ՍՄԱՐԹ կենտրոն 2019թ․-ից։ Այժմ արդեն շրջանավարտ լինելով՝ ՍՄԱՐԹ-ի տարիները համարում է իր կյանքի ամենաբեղմնավոր շրջանը․ «Շատ բան եմ քաղել՝ գիտելիքից մինչև նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ»։

Արդեն մի քանի օր է, ինչ Աղունիկը տեղափոխվել է Երևան՝ ուսանելու Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Նրա ընտրած մասնագիտությունը նույնքան եզակի է, որքան իր հետաքրքությունների ու հոբբիների մեծ մասը՝ քանոն նվագել, մանրանկարչություն, ճարտարագիտություն։

«Ուզում եմ սուրդո մանկավարժ դառնալ, քանի որ մեր համայնքում շատ են խուլ ու համր երեխաները և քիչ` մասնագետները, որոնք կարող են աշխատել նրանց հետ»,- բացատրում է Աղունիկը, ով իր ընտրած բաժնի 5 առաջինկուրսեցիներից մեկն է։ Հինգը թվում է փոքր թիվ, բայց, համեմատած նախորդ տարիների հետ, այնքան էլ այդպես չէ․ «Անցյալ տարի այս բաժնում դիմորդ չի եղել, իսկ դրանից առաջ՝ միայն մեկ հոգի»,- ասում է Աղունիկը։

Պահանջարկ ունեցող այս մասնագիտությանը զուգահեռ Աղունիկն ուզում է կենսաբանական ճարտարագիտության մեջ խորանալ ու պրոտեզաշինությամբ զբաղվել․ «Պատերազմից հետո շատ զինվորներ կան, որոնք կորցրել են իրենց մարմնի ինչ-որ հատված․ ուզում եմ նաև այդ ոլորտում իմ ներդրումն ունենալ»։

Կենսաբանական ճարտարագիտության հանդեպ հետաքրքրությունը նրա մեջ առաջացել է ՍՄԱՐԹ-ի Մեխանիկա ծրագրից։ Իր ծրագրավար Արա Հարությունյանի ջանքերով, ում նա «հաջողության թալիսման» է համարում, մասնակցել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կազմակերպած Գիտության միջազգային օլիմպիադային ու իր դասընկեր Սուրեն Դանիելյանի հետ միասին գրավել առաջին հորիզոնականը։

Երևան տեղափոխվելը Աղունիկի առջև բացել է մի շարք նոր դռներ, որոնք նա հատ առ հատ թակում է։ «Ուզում եմ այս 4 տարիներից առավելագույնը քաղել ու վերադառնալ իմ համայնք»։ 

Ասում է՝ Երևանն ու Սանահինը իրարից շատ տարբեր են։ Երևանում խցանումները շատ են, ու մարդիկ դրանք չենք սիրում։ «Մեզ մոտ խցանում լինելիս ուրախանում ենք․ նշանակում է՝ նոր մարդիկ են եկել համայնք՝ որևէ տեսարժան վայր այցելելու»։ 

Երևանն Աղունիկը դեռ նոր պիտի բացահայտի, բայց արդեն իսկ փնտրում է այն բնությունը, մաքուր օդն ու հանգիստը, որ իրեն միշտ սպասում են Սանահինում․․․

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org