«Կասկադը» հիշեցնող Թումանյան քաղաքի ձկնորսները

Լոռու գյուղերով շրջելիս, երբ մուտք ես գործում Թումանյան, կոնտրաստ է․ քարե բազմահարկ շենքեր, ասֆալտապատ փողոցներ, մարդկանց եռուզեռ։ Թումանյանի փողոցով ու բակերով հոսում է քաղաքի զարկերակը։ 

Պատահական չէ, որ համայնքը 1995 թ․-ից գյուղից ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ հատուկ կարգավիճակի մի մասն էլ հաղորդում է հենց քաղաքի անվանումը՝ ի պատիվ Հովհաննես Թումանյանի։ 

Ճարտարապետությունը հայանքին մնացել է «նվեր» Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից։ Կառուցել են գերմանացիները, որ տեղափոխվել էին այստեղ՝ աշխատելու մոտակա աղյուսի գործարանում։ Ասում են՝ արտադրվող հրակայուն աղյուսն արտահանվում էր Ռուսաստան։

Այժմ չկան գործարանն ու այստեղ բնակվող գերմանացիները, բայց նրանց ստեղծած շենքերը կանգուն են ու այցելուներին հիշեցնում են Երևանի «Կասկադը»։ 

Ճարտարապետությունը՝ ճարտարապետություն, բայց Թումանյանի համն ու հոտը երեխաներն են՝ հմուտ ձկնորսներ և ֆուտբոլիստներ, որ քաղաքում ամենուր են։ Այնպես, ինչպես մարդիկ են ամեն օր գնում աշխատանքի, Թումանյանի երիտասարդերը գնում են Դեբեդ գետի ափ՝ ձկնորսության։ Մանր-մունր ձկներ են որսում, ու դա նրանց մեծ գոհունակություն է պարգևում։

Որսի հիմնական տեղը կամուրջն է, իսկ ափն ավելի ռիսկային զոնա է համարվում․ «Կարող են ջրային օձեր հանդիպել»,- բացատրում են այդ նույն ռիսկային գոտում համարձակ կանգնած տղաները։ 

Վերջերս Իրանից Թումանյան կամավորելու է եկել Ասեման Բարանին։ Երիտասարդներին ՔՈԱՖ-ի կողմից կառուցված ՍՄԱՐԹ սենյակում անգլերեն է սովորեցնում։

«Թումանյանը շատ հանգիստ, գեղեցիկ, ու չափազանց ապահով վայր է»,- պատմում է դեռևս պատերազմի թոհուբոհում գտնվող Հայաստանում իրեն ապահով զգացող Ասեմանը, ում նվիրվածությունը համայնքում շատ են գնահատում։

Ասեմանը Հայաստանում անցկացնելիք իր 5 շաբաթների ընթացքում կամավոր օգնում է նաև համայնքում վերջերս բացված Լուցկու տուփերի թանգարանի աշխատակիցներին՝ վարելով տուրեր անգլերենով։ 

10.000 լուցկու տուփերի հավաքածու ունեցող թանգարանը բացվել է 2021-ին։ «Յուրաքանչյուր տուփ իր նշանակությունն ունի։ Լուցկիները նախկինում եղել են ինֆորմացիայի տարածման միջոց․ կան երթևեկության, հիգիենայի կանոններին վերաբերող լուցկիներ, որոնք ԽՍՀՄ-ից, Ճապոնիայից, նախկին Չեխոսլովակիայից և շատ այլ երկրներից են»,- թանգարանում ձեռք բերած տեղեկատվությամբ կիսվում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շրջանավարտ, Թումանյանի բնակիչ Լիլիթ Մովսիսյանը։ 

Թումանյանի պատմամշակութային ժառանգության մի մասը Մշակույթի տանն է։ Այստեղ կան հինավուրց կճուճներ, օրորոցներ, կարասներ։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org