Այն ամենն, ինչ կատարվել է Դեբետում 2021-ի առաջին կեսին

Այն մասին, որ Լոռու մարզի Դեբետ գյուղը ոտքից գլուխ կառուցվում է որպես Հայաստանի առաջին «ՍՄԱՐԹ» գյուղ, արդեն գիտեք։ Իսկ ի՞նչ է կատարվել Դեբետում նախագծի մեկնարկից ի վեր՝ 2021թ․ 1-ին կեսին։ Ամփոփենք միասին։ 

Թվայնացված հանրային ծառայություններ 

Թարմացվել է debet.am կայքը, որի միջոցով Դեբետի բնակիչները կարող են ուղարկել առցանց դիմումներ, վճարել տեղական հարկերն ու ծանոթանալ համայնքի ներություններին։ 

Գյուղական համայնքներում հանրային ծառայությունների թվայնացումը հանդիսանում է նաև Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների նախարարության ռազմավարական ուղղություններից մեկը։ Այլ կերպ ասած, այն ինչ պետությունը պատրաստվում է անել Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում ապագայում, արդեն իսկ տեղի է ունենում Դեբետում՝ շնորհիվ ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» համայնքային զարգացման մոդելի։ 

2021թ․-ի հուլիսի 18-ին ՔՈԱՖ-ի և ԲՏԱ նախարարության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որն էլ ավելի կընդլայնի Դեբետի կառավարման համակարգում թվային մեխանիզմների կիրառումը։

Գրադարակ Դեբետը

Ապագայի լավագույն հիմքերը կրթության ձեռքում են, իսկ կրթության մեջ ներդրումների հարցում ՔՈԱՖ-ը միշտ է առատաձեռն։ Այսպիսով, Դեբետում կառուցվել է հանրային գրադարան, որ կոչվում է «Գրադարակ Դեբետ»։

Գրքերի հավաքածուն 400-ից հասնելու է մինչև 4000-ի։ Այստեղ արդեն իսկ կազմակերպվում են միջոցառումներ՝ կինոդիտումներ, քննարկումներ, խաղեր տարբեր տարիքային երեխաների համար։ 

«Ունենում ենք այցելուներ, որոնք Դեբետից չեն, բայց լսելով տեղի մասին, գալիս են անձամբ տեսնելու։ Մեծամասբ հիացմունքի պատճառը նման վայրի՝ Երևանից դուրս՝ Դեբետի նման փոքր գյուղում գտնվելն է»,- պատմում է «Գրադարակ Դեբետ»-ի աշխատակից Լիլիթ Հովսեփյանը, ում համար գրադարանը դարձել է իր համայնքում սիրելի աշխատատեղ, որը նախկինում դժվար թե գտներ։ 

Դեբետի գրադարանը կյանքի կոչվեց ՔՈԱՖ-ի «Գրադարակ» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում։ Այն գտնվում է Դեբետի համայնքապետարանի 2-րդ հարկում և բաց է ամեն օր՝ ժամը 15։00-18։00, բացի կիրակի օրերից։

Ինտերնետի օպտիկական կապուղի  

2021-ին Դեբետում առաջին անգամ հասանելի դարձավ նաև գերարագ ինտերնետը՝ ճիշտ նույն որակը, որը կարելի է գտնել Երևանում։ Գյուղում անցկացվեց մոտ 2․2 կմ օպտիկական պաշտպանված մալուխ, որտեղից էլ և կընդլայնվի համայնքապետարանից ամբողջ գյուղը սպասարկող ցանցը։ 

Հեռավար աշխատանքի սիրահարնե՛ր, եթե փնտրում եք աշխատանքի և հանգստի համատեղման իդեալական տարբերակ, արդեն գիտեք՝ ուր գալ։ 

Համայնքապետարանի վերանորոգված շենքը

ՔՈԱՖ-ի 17-ամյա փորձը ցույց է տվել, որ ինստիտուցիոնալ ներդրումներն ամենաերկարատև ազդեցությունն են ապահովում։ Ուստի, թարմ շունչ ենք հաղորդում Դեբետի համայնքապետարանին թե՛ բովանդակային, թե՛ վիզուալ առումով։ 

Թափանցիկ պատերը, ժամանակակից կահույքն ու տեխնիկան և համագործակցային կառավարմանը նպաստող միջավայրը Դեբետի համայնքապետարանի նոր դիմագիծն են։ Թափանցիկ են ոչ միայն պատերը, այլև ղեկավարման մոտեցումը․ համայնքապետարանի դռները բաց են ու տեսանելի բոլորի առաջ։   

Համայնքապետարանի շենքի երկրորդ հարկն ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել է, շրջակայքը՝ ասֆատապալտվել ու շարունակում կահավորվել կայանատեղերի գծանշաններով։ Մոտ ապագայում կվերանորոգվի նաև համանքապետարանի շենքի արտաքին մակերեսը։ 

Համայնքային ժողովներ

Երբևէ դեբետցիներն այսքան ներգրավված չեն եղել համայնքային կյանքում, որքան հիմա։ Դրան նպաստում են նաև ամեն ամիս (երբեմն ավելի հաճախ) տեղի ունեցող համայնքային ժողովները։ Որպես «ՍՄԱՐԹ Դեբետ»-ի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված կողմեր՝ հանդիպումներն անցկացվում են ՔՈԱՖ-ի աշխատակազմի և Դեբետի համայնքապետարանի կազմի կողմից։ Այսպիսով, մենք ամեն ամիս ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎ։ 

Տանիքները 

Տան բարեկեցությունը սկսվում է ամուր տանիքից, իսկ Դեբետում, ինչպես հայկական շատ գյուղերում, տանիքների մեծամասնությունը վնասված է։ 

Համայնքի տանիքների վերանորոգումը «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի՝ բնակիչներին ամենահետաքրքրող ծրագրերից է։ Վերջինս իրականացվում է համատեղ ներդրմամբ․ վերանորոգման ծախսերի 80%-ը ֆինանսավորում է ՔՈԱՖ-ը, 20%-ը՝ տնային տնտեսությունները։ 

Նախագծի պիլոտային փուլով վերանորոգվել է մեկ տանիք, առաջին փուլով մինչև 2021թ․-ի սեպտեմբերի վերջ կվերանորոգվեն 6 տների տանիքներ՝ ունենալով Դեբետի «բրենդային» կղմինդրե կահավորումը։ Վերանորոգված տանիքների թիվը կավելանա ամեն տարի։ 

Տեղահանված արցախցիների համար տներ

Այս ամիսների ընթացքում փորձել ենք ամեն ինչ անել, որ Դեբետում բնակիչները համայնքը ոչ միայն լքելու ցանկություն չունենան, այլև այն տուն դառնա նոր բնակիչների համար, մասնավորապես Արցախից տեղահանված ընտանիքների, որոնք կորցրել են իրենց տներն ու երկիրը լքելու այլընտրանքի առջև էին կանգնած։ 

Դեբետի լքված տներից մեկը ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգվել ու տրամադրվել է Արցախից տեղահանված Մարգարյանների բազմազավակ ընտանիքին։ Համայնքում կառուցվում են նաև տներ, որոնք շուտով ևս կհյուրընկալեն իրենց նոր բնակիչներին։ 

Կառուցապատման աշխատանքների շնորհիվ համայնքում ստեղծվել է 45 նոր ժամանակավոր աշխատատեղ։

Տնտեսական զարգացման ծրագրեր

Համայնքում տնտեսական ակտիվությանը զարկ տալու նպատակով մեր գործընկերների հետ միասին նախաձեռնել ենք մի շարք տնտեսական ծրագրեր, որոնցից են՝ թռչնաբուծարանի, ջերմոցի, դարբնոցի և գեղեցկության սրահի հիմնումը։ Ծրագրերի արդյունքում համայնքում կունենանք ավելի շատ գործարարներ, աշխատատեղեր, սեփական արտադրանք և ծառայությունների առավել լայն շրջանակ։ 

Դեբետում գեղեցկության սրահի հիմնումը իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համաատեղ։ Ծրագրի շրջանակներում Դեբետից և հարակից համայնքներից 16 կանայք մասնակցում են վարսահարդարման և մատնահարդարման դասընթացների։ Դասընթացների մասնակիցներից լավագույն բիզնես պլան ներկայացրած երկու մասնակիցներ կստանան դրամաշնորհ՝ Դեբետում գեղեցկության սրահ հիմնելու նպատակով։  

Աղբահանության համակարգը

Համայնքում, որտեղ չեն եղել աղբամաններ, չկա աղբահանության համակարգ, բարձր չէ նաև աղբը բնության մեջ թափելու հետևանքների մասին իրազեկվածությունը, ենթադրելի է, որ պետք է լինեն մաքրության պահպանման հետ կապված խնդիրներ։ Այդպես է նաև Դեբետում։ 

ՔՈԱՖ-ի ջանքերով Դեբետը մաքրվում է ու համայնքում ներդրվում է աղբահանության գործուն համակարգ․ ձեռք ենք բերելու աղբատար, տեղադրելու 70-ից ավելի աղբամաններ, ինչպես նաև դասընթացներ ու սեմինարներ ենք անցկացնելու՝ աղբամաններից ճիշտ օգտվելու, աղբը թափելու և վերամշակելու կարգի մասին։ 

Դեռևս գարնանը կազմակերպեցինք մաքրության օր․ հավաքվեցին դեբետցիներն ու ՔՈԱՖցիները ու միահամուռ ուժերով հավաքեցին ու վերամշակման հանձնեցին գյուղի տարբեր անկյունների կենցաղային և արդյունաբերական աղբը։ «Ամենամեծ մարտահրավերներից մարդկանց մենտալիտետը փոխելն է»,- նշում է ծրագրի ղեկավար Դավիթ Ալեքսանդրյանը։

*****

Կարող եք ՍՄԱՐԹ Դեբետի նորություններին մշտապես հետևել սոցցանցերում՝ Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում։ 

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org