Ցուրտ գյուղ, որտեղ շատ ջերմություն կա․ Լանջիկ

«Այնքան ցուրտ է, որ սառնարանի կարիք չկա»․- հաճախ այսպես կատակում են ու բնորոշում Շիրակի փոքր բարձրադիր գյուղերից մեկը՝ Լանջիկը։ Մի անհանգստացեք, խոսքը միայն ձմեռների մասին է։ Ցուրտը՝ ցուրտ, բայց լանջիկցիները, ի տարբերություն իրենց ձմեռների, ջերմ են ու հյուրընկալ։ 

Բարի գալուստ Լանջիկ՝ կաթոլիկ գյուղ, որ գտնվում է Արագածի լանջին ու հենց այդտեղից էլ ստացել է իր անվանումը։ 

Լանջիկն այն համայնքներից է, որտեղ 2016-ից ի վեր ընթանում են ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական և սոցիալական զարգացման ծրագրերը։ Մոտ 900 բնակչություն ունեցող լեռնային այս գյուղի հիմնական զբաղմունքներն անասնապահությունն ու հողագործությունն են։ 

Եթե քաղաքային վայրերում առավոտյան 5-ը համարվում է ուշ գիշեր, Լանջիկում այն հերթական օրվա սկիզբն է։ Յուրաքանչյուրը շտապում է իր առօրյա գործին․ հովիվները կենդանիներին տանում են դաշտեր, հողագործներն անցնում են վար ու ցանքին, երեխաներն սկսում են վազվզել ու հեծանիվ քշել, գյուղամեջն էլ լցվում է մանկապարտեզից եկող անհոգ աղմուկով։  

Փոքրերի զվարճանքների էպիկենտրոնը դպրոցին կից խաղահրապարակն է, որ կառուցվել է ՔՈԱՖ-ի կողմից 2016թ․-ին։

«Այս պահին կառուցվում է մեր համայնքի մանկապարտեզը, վերանորոգվում է դպրոցը, «Հյուսիս-հարավ» ճանապարհը ևս կառուցման փուլում է, ու այն մեր գյուղով է անցնում»,- Լանջիկի նորությունները մեզ մեկ շնչով սկսում է ներկայացնել տասնհինգամյա Նադյա Մովսիսյանը։

Նադյան ՔՈԱՖ-ի բազմաթիվ ծրագրերի մասնակից է։ «Բանավեճն այն ծրագիրն էր, որի շնորհիվ ինքս ինձ ճանաչեցի։ Եթե նախկինում սուսիկ-փուսիկ էի, չէի ձգտում կարծիքս այս կամ այն հարցի շուրջ հայտնել, ապա հիմա սովորել եմ ճիշտ ինքնարտահայտվել, հարցերին պատասխանել ու շփվել մարդկանց հետ»,- պատմում է նա։ 

Բանավեճի, Աֆլաթունի, նկարչության ծրագրերն ավարտելուց հետո Նադյան այժմ անգլերենի իր գիտելիքներն է զարգացնում Հայաստանում Ամերիկյան դեսպանատան հետ համատեղ իրականացվող ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի միջոցով։ Ծրագրին մասնակցում են համայնքի 25 երիտասարդներ՝ սովորելով անգլերենի դասավանդման ժամանակակից մեթոդներով ։ «Հասկացա, որ լեզուներն իմն են»,- ասում է Նադյան՝ մտածելով իր ապագա մասնագիտության մասին։

Լանջիկում բնակիչները մեծից փոքր նկատելիորեն ներգրավված են գյուղի կյանքում։ Լանջիկի հայ երիտասարդաց միության շրջանակներում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր ու ճամբարներ։ 

Լանջիկի երիտասարդները բացահայտում են ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերը՝ Սանահին, Հաղպատ, Սաղմոսավանք, այլև իրենց համայնքը նորովի, ինչպես օրինակ Նադյան,- «Պարզվում է՝ մեր գյուղի մոտ 1-ից 2-րդ հազարամյակներից պահպանված բնակատեղիներ կան․ չգիտեի, որ այդքան հին է մեր համայնքը»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org