Նոր գրադարան Լոռու Դեբետ գյուղում

Հայաստանի գյուղերում ո՞ր վայրն է եղել Ձեզ համար ամենատպավորիչը։ Դե, եկեք պատմենք մի վայրի մասին, որը կարող է դառնալ Ձեր նոր սիրելին։ Այդ վայրը Լոռու Դեբետ գյուղում կառուցվող գրադարանն է, որտեղ այսուհետ իրենց ուսումնական ժամանցը կանցկացնեն դեբետցի երիտասարդներն ու ինչո՞ւ չէ նաև մեծերը։ 

Լինի մեծ քաղաք, թե փոքր գյուղ՝ գրադարանների նշանակությունը նույնն է՝ նպաստել բնակիչների կրթվածությանն ու հարստացնել համայնքների մշակութային կյանքը։ 

Տարիներ շարունակ 701 բնակիչ (ըստ ՔՈԱՖ-ի կողմից 2021-ին կատարած հետազոտության) ունեցող Դեբետում չի եղել հանրային վայր, որտեղ երիտասարդներն ու մեծահասակները կկարողանան ընթերցանությամբ զբաղվել, համակարգչից օգտվել կամ մշակութային միջոցառումների մասնակցել։ Չնայած համայնքում գրադարան եղել է, այն իր փոքրության ու սակավաթիվ գրքերի պատճառով չի ունեցել այն լիարժեք դերը, որ ժամանակակից գրադարանը կարող է ունենալ բնակիչների կյանքում։  

Համայնքում չկան նաև գրախանութներ, ինչի հետևանքով գյուղացիների համար բարդ է նոր, առավել ևս մասնագիտական գրքեր ձեռք բերելը։ Եվ ահա, Գրադարակի ՀԿ-ի և Դեբետի համայնքապետարանի հետ համատեղ մեր «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի շրջանակներում որոշեցինք դեբետցիների կյանքում նոր գույն ավելացնել։ Դեբետի համայնքապետարանի շենքում կառուցում ենք 21-րդ դարին հարիր գրադարան։ Այն այսպիսի տեսք կունենա։

Գրադարանը կլինի տեխնիկապես հարուստ, կահավորված արագ ինտերնետով։ Գրքերի հավաքածուն բաղկացած կլինի 1000 դասական և ժամանակակից գրքերից ու ամեն տարի կթարմացվի 500 նոր գրքով։ 

Գրադարակ Դեբետը կզբաղեցնի 100 քմ տարածք, կունենա փոքրիկ սենյակ՝ լռության պայմաններում աշխատելու կամ ուսանելու համար, ինչպես նաև ավելի խոշոր սրահներ միջոցառումների և հանդիպումների համար։ Այն հագեցած է լինելու անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչ, պրոյեկտոր, էկրան, բարձրախոսներ, խոսափող, յուրահատուկ ու հարմարավետ կահույք։ Հասանելի կլինեն նաև սեղանի խաղեր։ 

Գրադարանն այժմ կառուցման փուլում է։

«22 տարի է Դեբետում եմ ապրում, ու թեև մեր հին գրադարանը փոքր էր, ես մշտապես օգտվել եմ գրքերից։ Այն միտքը, որ շուտով այսպիսի ժամանակակից գրադարան կունենանք, շատ ոգևորիչ է։ Ոչ միայն երեխաներիս համար եմ ուրախ, որ պետք է հաճախեն գրադարան, այլև անձնապես ինձ համար»,- ասում է Արաքսյա Ռուշանյանը, ում որդի Էրիկը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանող է։ «Շատ կուզենամ, որ գրադարանում մասնագիտական գրքեր ևս լինեն, մասնավորապես տղայիս հետաքրքրող ծրագրավորման գրքեր»,- ավելացնում է նա։ 

Գրադարակ Դեբետը կարող է դառնալ Դեբետի այցեքարտը ճիշտ այնպես, ինչպես Բոստոնի հանրային գրադարանը Բոստոնի համար։ Ի՞նչ եք կարծում։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org