Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Աշխարհում 7000-ից ավելի լեզուներ կան։ Իսկ ո՞ր լեզուն է «հաջողության լեզուն»։ 

Անգլերենի ուսուցումը ՔՈԱՖ-ի ամենահին ծրագրերից մեկն է։ Աշխարհի երրորդ ամենատարածված լեզվով խոսում են հարյուրից ավելի երկրներում, ու պատահական չէ, որ մեր շահառու գյուղերում բնակվող թե՛ երիտասարդներին, թե՛ մեծահասակներին նոր հնարավորություններ տալու ու աշխարհին կապող օղակ ստեղծելու ուղիներից մեկը անգլերենի իմացությունն է։

Մեր համայնքները շատ են ու բազմազան։ Անգլերենի ծրագիրը՝ նույնպես։ Ահա լեզվի ուսուցմնան մի քանի ուղղությունները ՔՈԱՖ-ում։
Դեբետն անգլերեն է սովորում 

Դեբետի համայնքապետարանի աշխատակիցները վերջերս իրենց զգում են, ինչպես ուսանող․ համայքնի երիտասարդների հետ միասին նրանք հաճախում են ՍՄԱՐԹ կենտրոն՝ անգլերեն սովորելու։

Գյուղական զարգացման մեր նոր մոդելի՝ ՍՄԱՐԹ Դեբետ նախագծի շրջանակներում համայնքի բնակիչների հմտությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի։ Մեր նպատակն է օգնել համայնքապետարանի կազմին անկաշկանդ օգտվել հաղորդակցության ժամանակակից միջոցներից ու ընդլայնել իրենց կարողությունները ի նպաստ համայնքի։

«Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում ծրագրին ու նաև տնային առաջադրանքներն անում․ մեր ծրագրավար Տաթևիկը շատ մատչելի է բացատրում ամեն ինչ»,- կիսվում է իր տպավորություններով Դեբետի համայնքապետարանի աշխատակից Անուշ Սարգսյանը, ով արդեն մեկ ամիս է ԱՄԱՐԹ-ում անգլերենի է հաճախում։

Դեբետը վկա՝ սովորելու համար երբեք ուշ չէ։ 

Անգլերենի Աքսեսը նոր հորիզոններ է բացում

Արդեն տասը տարի է, ինչ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ իրականացնում ենք անգլերենի Աքսես ծրագիրը։ Մեր շահառու 55 համայնքներից 1400-ից ավելի ուսանողներ մինչ օրս մասնակցել են ծրագրին, որ բացի դասերից ներառում է ճամբարներ, բանախոսների այցեր ու միջոցառումներ։

«Ծրագրի նպատակը մինչև անգլերենի C1 մակարդակի իմացություն ապահովելն է։ Բացի լեզվի զարգացումից, ծրագիրը նպաստում է երիտասարդների մասնագիտական աճին ու տեղեկացվածությանը»,- պատմում է ՔՈԱՖ-ում անգլերենի ծրագրի ղեկավար Սյուզաննա Խաչատրյանը։ 

Ծրագրի ընդլայնման հետ մեկտեղ Աքսես ծրագրի ուսուցիչների կազմն էլ է մեծանում. այժմ նրանց թիվը 18-ն է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված և վերջերս մեր թիմին միացած ԿրԷյս Քէրուղլեանն ասում է․ «Աշխատանքում ինձ մոտիվացնում է, երբ զգում եմ՝ ուսանողներն իրենք իրենցով հպարտանում են, տեսնում եմ իրենց աչքերի փայլը մի նոր բան սովորելիս»։ 

ՍՄԱՐԹ անգլերեն ՍՄԱՐԹ-ում

Մուտք գործելով Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն՝ երիտասարդները հնարավորություն են ունենում ընտրել 18 ծրագրերից, որոնցից երեքը լեզուներ են՝ ռուսերեն, չինարեն և անգլերեն։ 

Ծրագրի ընթացքում շեշտը դրվում է խոսակցական և լսողական հմտությունների, ճկուն բառապաշարի զարգացման վրա։ Կարևոր նպատակներից է նաև ուսանողների քննադատական մտածողության ու համագործակցային հմտությունների զարգացումը։ 

ՔՈԱՖ-ի թիմն ու անգլերենը

Յուրաքանչյուր աշխատակից, ընդունվելով ՔՈԱՖ, հնարավորություն է ստանում հաճախելու անգլերենի դասընթացների ու բարելավելու լեզվի իր իմացությունը։ Սա ՔՈԱՖ-ում աշխատելու առավելություններից մեկն է, որից այժմ օգտվում են մեր՝ մոտ 20 աշխատակիցներ։ Աշխատելն ու կատարելագործվելը մեզ մոտ սովորություն է։

Կրթվելու և ինքնակրթվելու համար անգլերենը կարևոր նշանակություն ունի․ հենց այս լեզվով է մասնագիտական գրականության զգալի մասը։ Քանի որ գյուղական մի շարք դպրոցներում անգլերենի դասեր չկան կամ ուսուցումը ուսանողների շրջանում իմացության բավարար մակարդակ չի ապահովում, ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերը տասնյակ գյուղական համայնքի բնակիչների անգլերեն սովորելու միակն հնարավորությունն է։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org