Յոթամյա սիրո պատմություն․ Վանանդ

Հայաստանում 850-ից ավելի գյուղական համայնքներ կան։ Ճանաչել դրանցից յուրաքանչյուրը նշանակում է ճանաչել մի նոր մշակույթ, պատմություն, խնդիր․․․ ու, ինչու չէ, բացահայտել գեղեցիկ անկյուններ, որոնք հաճախ դուրս են մնում զբոսաշրջային քարտեզներից։

Արմավիրի մարզի 90-ից ավելի գյուղերից մեկը Վանանդն է․ համեմատաբար երիտասարդ՝ մոտ 30-ամյա համայնք, որտեղ բնակիչները՝ տարբեր շրջաններից եկած հայերն ու եզդիները զբաղված են առօրյա հոգսերով, անասնապահությամբ ու այգեգործությամբ։ 

«Ամեն ինչ աճում է մեզ մոտ՝ ծիրան, խնձոր, խաղող, սեխ, ձմերուկ»,- պատմում է ՔՈԱՖ-ի շրջանավարտներից Գոհար Ասատրյանը, ով այժմ համայնքում լինում է շաբաթ-կիրակի օրերին։ Գոհարին Երևան է տարել ուսումը․ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության բաժնում։ «Երևանում ժամանցը շատ է, բայց Վանանդը շատ եմ սիրում»,- ասում է նա կարճ իր ու Վանանդի սիրո մասին։ 

Մինչ համալսարանական կյանքը Գոհարի առօրյան անցնում էր այն դպրոցում, որի մարզադահլիճը, ստեղծագործարանը, տանիքն ու պատուհանները վերանորոգվել են ՔՈԱՖ-ի կողմից 2014թ․-ից ի վեր։ 

Այս թվականը գյուղում լավ են հիշում, քանի որ հենց այս ժամանակ էր, որ ՔՈԱՖ-ը մուտք գործեց համայնք, ու շատերի՝ հատկապես երիտասարդների կյանքում նոր գույներ հայտնվեցին։

«ՔՈԱՖ-ի բոլոր ծրագրերին մասնակցել եմ: Առաջինը ճամբարն էր՝ միակ ամառային զբաղմունքը մեր համայնքում․ երկու շաբաթ հագեցած օրեր ունեցանք ու նաև շրջայց կատարեցինք դեպի Երևան»,- պատմում է Գոհարը։ Նրա կյանքում ամենամեծ կշիռ ունեցող փոփոխությունը մտցրել է բանավեճի ծրագիրը․ «Յոթ տարի հաճախել եմ բանավեճի ու հիմա նկատում եմ, որ եթե մինչ այդ ելույթ ունենալ չէի կարողանում, այժմ անկաշկանդ եմ մարդկանց առջև խոսելիս և քննարկման մասնակցելիս»։ 

Ճամբարի, բանավեճի ու ծրագրերի հետ կապված լավ հիշողություններ ունի նաև մեր մեկ այլ շրջանավարտ՝ Դիանա Խլղաթյանը, ով նաև պատմում է, որ մինչ  վերանորոգումը մարզադալիճը գրեթե չէր կիրառվում․ «Ֆիզկուլտուրայի դասեր հազվադեպ էինք անում, ու առհասարակ, մինչ ՔՈԱՖ-ը (նկատի ունի ՔՈԱՖ-ի մուտքը համայնք) գյուղում ոչ մի ծրագիր չկար»․- ամփոփում է նա։ 

Հիմա գյուղում Գոհարի ու Դիանայի փոխարեն վազվզում են նրանցից փոքրերն ու մասնակցում մեր՝ անգլերենի Աքսես, նկարչության, բանավեճի ու ձյուդոյի ծրագրերին։ 

Տարիներն անցնում են, իսկ մեր սերն ու պատասխանատվությունը մեզ հետ կապված ամեն գյուղի հանդեպ ավելի է մեծանում։ Այն հարաբերությունը, որ ունենք մեր շահառու համայնքների հետ, երբեմն նման է ծնողական, երբեմն ընկերական սիրո․ ընդունում ես նրան այնպիսին, ինչպիսին այն կա, սովորում միասին՝ ամեն մեծ ու փոքր դասից, ու հոգ տանում նրա մասին՝ անկախ ամեն ինչից։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org