Երբ Միչիգանի պետական համալսարանի շրջանավարտ Բրայան Լեոպոլդը Խաղաղության Կորպուսի կամավոր դարձավ, նա որոշեց, որ առաջիկա տարիներն Արևելյան Եվրոպայում է անցկացնելու։ Այդ ժամանակ նա չգիտեր, որ իրեն Հայաստան են ուղարկելու։ Ընդհանրապես, նա Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեր։
«Միչիգանում հայ ընկեր ունեմ»,- ասում է Բրայանը։- Մեկնելուցս առաջ նրանց տանը երեկույթ կազմակերպեցինք, ու նա ինձ իր հայրենիքի մասին որոշ բաներ պատմեց։ Այդքանն էր…»
Հայաստան ժամանելուն պես Բրայանը մի որոշ ժամանակ ապրեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում։ Այնտեղ նա 3 ամիս հայերեն սովորեց, ապա նրան ուղարկեցին Թումանյան՝ տեղացի երեխաներին անգլերեն դասավանդելու։
Բրայանի՝ Լոռի տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Հայաստանի մանուկներ հիմնադրամը Թումանյանի դպրոցում ստեղծագործարան հիմնեց։ «Հենց այդ ժամանակ էլ ես ծանոթացա Հիմնադրամի գործունեության հետ, որը հրաշալի փորձ էր ինձ համար»,- ասում է Բրայանը։- Նրանց հետ համագործակցելու շնորհիվ դասավանդելու ավելի շատ հնարավորություններ ունեցա։ Միացա Հիմնադրամի ու ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված English Access Microscholarship ծրագրին։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի աշխատում Հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Մարինե Միսկարյանի հետ։ Նա հրաշալի անձնավորություն է։ Թումանյանի, Աքորու և Դեբետի երեխաների առաջընթացն ապշեցուցիչ է։ Սկզբում նրանք նույնիսկ չէին կարողանում ասել, թե իրենց անունն ինչ է, իսկ հիմա հանգիստ զրուցում են այնպիսի բարդ թեմայի մասին, ինչպիսին, ասենք, մշակութային բազմազանությունն է։ Ես նույնիսկ աստիճանաբար մոռանում եմ հայերենս, որովհետև երեխաներն ինձ հետ միայն անգլերեն են խոսում… Ես նաև հետևում եմ անգլերենի ինքնուսուցման «Ռոզետտա Սթոուն» ծրագրի իրականացմանը։ Նաև համակարգում եմ աղջիկների ֆուտբոլի լիգայի գործունեությունը Լոռու մարզում»։
Բրայանը Հիմնադրամի հետ իր համագործակցությունը շատ է արժևորում։ «Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպե՛ս է Հիմնադրամը գյուղերին աջակցում։ Այսինքն, ոչ թե համակարգիչներ ու դրամ եք նվիրաբերում, այլ շարունակաբար աշխատում եք շահառուների հետ։ Հիմնադրամի հայտնվելուց առաջ գյուղական բնակչությունն ապագա չուներ։ Հաճախ համայնքից հեռանում էին, որ այլ երկրներում աշխատանք փնտրեն։ Երբ Հիմնադրամը հայտնվեց, այդ մարդիկ վստահությամբ լցվեցին։ Դուք ամեն ինչ արեցիք, որ մարդիկ մնան իրենց համայնքներում, ապրեն ու բարգավաճեն։ Նոր սերնդին նոր հնարավորություններ տվեցիք։ Մի կարևոր բան էլ կա. հիմա այստեղ ավելի շատ ամերիկացիներ են այցելում, ելույթներ ունենում, արտահայտում են իրենց տեսակետները, որոնք տարբերվող են, և դա լավ է… Նաև ինձ դուր է գալիս, որ հաճախ աշխատանքի եք ընդունում տեղացի մասնագետներին ու նպաստում նրանց զարգացմանը. այսինքն, Երևանը «վերևից» անընդհատ «խրատ չի տալիս», թե գյուղացիներն ինչպես ապրեն»։
«Հենց տեղափոխվեցի Թումանյան, հասկացա, որ «երկու Հայաստան» կա՝ Երևանը և Երևանից դուրս գտնվող բնակավայրերը։ Մայրաքաղաքում կյանքը տարբեր է, ռիթմն ավելի արագ է, իսկ գյուղերում ամեն ինչ ավելի «անձնական» մակարդակի վրա է ընթանում։ Այստեղ բոլորին ճանաչում ես, բոլորի պատմությունները գիտես։ Ասում են, որ լոռեցիները միամիտ են, բայց, իմ կարծիքով, նրանք աշխարհի ամենաբարի մարդիկ են… Հենց մտնում ես Լոռու մարզ, տեսնում ես ցուցանակ, որի վրա գրված է «Դբա լավը»։ Լոռին իսկապես լավ վայր է։ Ինձ Թումանյանի բնությունը շշմեցրել էր։ Ֆանտաստիկ գեղեցկություն է… Ես ինձ լոռեցի եմ զգում։ Գյուղում ինձ հենց այդպես էլ անվանում են. «լոռեցի Բրայան»։
Բրայանն ասում է, որ հայաստանյան բարքերն ամերիկյան մշակույթից խիստ տարբերվում են։ «Նաև շատ կարծրատիպեր կան. գյուղում ապրող երեխաները հոլիվուդյան ֆիլմեր շատ են նայել։ Նրանք կարծում էին, որ բոլոր ամերիկացիները կապույտ աչքեր, շեկ մազեր ունեն, հարուստ են ու թանկարժեք մեքենաներ են վարում… Ստիպված էի բացատրել, որ ամերիկացիները «տարբեր ձևեր ու չափեր» են ունենում… Այստեղ մարդիկ հաճախ են ներխուժում քո անձնական տարածք, բայց դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև ես իտալական ծագում ունեմ, ու շատ բաներ իմ ընտանեկան մշակույթին հարազատ են»։
Բրայանը նշում է, որ սկզբում իր ծնողներն անհանգստանում էին, թե ինքն ինչպես պետք է ապրի լիովին անծանոթ վայրում։ «Սակայն նրանց անհանգստություններն արագ փարատվեցին։ Մայրս հավատացյալ է, ու երբ իմացավ, որ գալու եմ Հայաստան՝ այն երկիրը, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել, խիստ ուրախացավ։ Անցյալ ամառ նրանք եկան ինձ մոտ՝ Հայաստան։ Միասին մի քանի օր անցկացրինք Լոռիում, ու նրանք ապշեցին, թե մարդիկ որքան բարի են… Հիմա մայրս գիտի, որ ես ապահով վայրում եմ, ու էլ չի վախենում»։
Շուտով Բրայանի կամավորական աշխատանքը կավարտվի, ու նա կմեկնի ԱՄՆ՝ կրթությունը շարունակելու. համեմատական մշակութաբանություն ու քաղաքագիտություն է ուսումնասիրելու։ «Հույս ունեմ, որ աշխատանքի բերումով կրկին կհայտնվեմ աշխարհի այս հատվածում»,- ասում է նա։- «Միշտ կհիշեմ այստեղ անցկացրած օրերս. գյուղի առուների ու թռչունների ձայնը, խաղաղ բնությունը, իմ աշակերտներին ու լոռեցի մարդկանց…»։