Երազանքների դպրոցն ու իր առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին

«ՍՄԱՐԹ-ն իմ երազանքների դպրոցն է»,- ամփոփում է երկու տարվա իր «շրջագայությունը» Ռուդիկ Ղարիբյանը, ով առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին է, որ այս շաբաթ ավարտեց ՍՄԱՐԹ քաղաքացիության  կրթակարգը, ու հենց այսօր բանակ է գնում։

Երկու տարի առաջ մուտք գործեց այն սպիտակ ալիքաձև բետոնե կենտրոն, որը նոր աշխարհ էր ոչ միայն իր տարբերվող ինտերիերով, այլև ծրագրերի բազմազանությամբ ու սոցիալական կյանքով։ ՍՄԱՐԹ-ն իրար կապեց երկու տասնյակ համայնքների երիտասարդներին, նրանց էլ՝ աշխարհին։

«ՍՄԱՐԹ-ն իմ կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ ամենաշատն ունեի դրա կարիքը․- պատմում է նա ու շարունակում,- սկզբում վախենում էի նոր միջավայրից, բայց ՍՄԱՐԹ-ը փոխեց միջավայրին հարմարվելու իմ կարողությունները, մոտիվացիա տվեց, ու ես ավելի ներկայանալի դարձա»։ 

Այստեղ նա առաջին անգամ ունեցավ իր այցեքարտը (Մարքեթինգի ծրագրի ձեռքբերումներից էր), խորապես ծանոթացավ բանկային ոլորտին (Ֆինանսներն ամենասիրելի ծրագիրն է եղել), բացահայտեց իր սիրելի գործիքը՝ կիթառը (Երաժշտական գործիքներ ծրագրի միջոցով), ու հասկացավ, որ բերքը կարելի է կրկնապատկել-եռապատկել` հողն ու տնկիները հատուկ մեթոդներով մշակելու շնորհիվ (շնորհակալությո՛ւն, Ագրոտեխնոլոգիա): 

Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում է մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեն Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել է Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե իսկ Հայաստանն իրենն է, ու շուտով պիտի սահմանները պաշտպանի։ 

Երկու տարվա ընթացքում ՍՄԱՐԹ-ում ձեռք բերած հիշողություններն այնքան շատ են, որ մինչ զինվորական ծառայության ավարտը կապահովեն նրա սերն ու մոտիվացիան կյանքի հանդեպ։ 

Կավարտի ծառայությունն ու կշարունակի ուսումը Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։ Մինչ այդ, ինքն արդեն իր անելիքները ծրագրել է․ «Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»։

Ռուդիկ, դու մեր առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին ես, ու մենք քեզնով հպարտանում ենք։ Ծառայիր խաղաղ երկնքի տակ ու հիշի՛ր՝ ՍՄԱՐԹ-ի դռները միշտ բաց են քո առաջ։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org