Երեք սերունդ, մեկ ճակատագիր #Արցախ

Մեծ հայկական ընտանիքի կանանց երեք սերունդը՝ Ալինա Պատվականյանը, դուստրը՝ Գոհարը, և թոռնիկը՝ Նարեն։

Տղամարդիկ պաշտպանում են ընտանիքը։ Հայրենիքի պաշտպանությունն իրենց աշխատանքն է։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա՝ սանձազերծելով լայնածավալ պատերազմ ամբողջ սահմանի երկայնքով, թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, մյուս քաղաքներում և գյուղերում։ 30-ամյա պատմությամբ հակամարտությունը փոթորկվեց կրկին՝ մտնելով Արցախի և Հայաստանի ամեն տուն ու ընտանիք։ 

Ամենքն էլ սահմանում կռվող որդի ունեն, ամուսին, հայր, բարեկամ կամ ուղղակի ընկեր։ Տիկին Ալինայի ընտանիքում նրանք շատ են։ 

«Շատ բան ենք տեսել․․․ 29 տարեկան էի, արդեն երեք երեխա ունեի, երբ ամուսինս մեկնեց Արցախյան գոյամարտին ու հետ չեկավ,- հիշում է 58-ամյա արցախահայուհին, ում միայն 7-րդ օրը կարողացան համոզել՝ թողնել իր տունը Ստեփանակերտում։- Ես չեմ ուզում, որ աղջիկս նույն բանի միջով անցնի, ինչ ես»։

Կինը, որ երեք պատերազմ է տեսել (1992, 2016, 2020), իր տան դուռը բաց է թողել․ «Իմ սառնարանը միշտ լիքն է։ Դուռս բաց եմ թողել, որ եթե զինվորները կամ որևէ մեկն անցնելիս լինեն, սննդի կամ ապաստանի կարիք ունենան, իմ տունը իրենց տունն է»։

Պատերազմի հենց առաջին օրերին ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը (Լոռու մարզ, Դեբետ) վերածվել է ապաստարանի Արցախի պատերազմական գոտուց տեղահանված ընտանիքների համար։ Այստեղ էլ այժմ մնում են տիկին Ալինան և իր ընտանիքը։ «Մենք երախտապարտ ենք այս ջերմ ընդունելության համար, բայց ժամերն ենք հաշվում, թե երբ ենք վերադառնալու տուն։ Սիրտս ու միտքս Արցախում են։ Մեր ընտանիքից տասը տղամարդ է հիմա առաջնագծում՝ որդիս, փեսաս, նրա եղբայրները․․․»։

«Փեսան» Գոհարի ամուսինն է։ Երեք երեխաների մայր Գոհարը խոսելու սիրտ չունի, բայց աչքերն ավելի քան խոսուն են։ «Ընդամենը երկու տարեկան էի, երբ հայրս զոհեց կյանքը Արցախի ազատամարտում (1988-1994)։ Ամուսնուս հայրն էլ է այդ պատերազմում զոհվել»,- լսելի շշնջում է նա՝ աչք գցելով իր երեխաներին ու համոզվելու, որ չեն նկատում իր հույզերը։ Արտասվել, սրբել արցունքներն ու լայն ժպտալ․ այս գործում Գոհարը վարպետացել է։ 

Իր հոր իրական կերպարը չի հիշում, բայց հազիվ թե մոռանա, թե ինչ էր նշանակում հայրիկի բացակայությունն իր կյանքում։ Հետո կրկնում է այն, ինչ քիչ առաջ իր մայրն էր ասել․ «Չեմ ուզում, որ երեխաներս ստիպված լինեն անցնել այն ամենի միջով, ինչ ես․․․»

Նարեն տասը տարեկան է, բայց ավելի հասուն է թվում։ 

  • Երբ Արցախ վերադառնաք, առաջին բանը, որ անես, ո՞րը կլինի,- հարցնում եմ Նարեին։ 
  • Հայրիկիս կգրկեմ,- ու փայլուն աչքերն արցունքոտվում են։ 

Հարյուրավոր կյանքեր ընդհատվեցին։ Հարյուրավոր երազանքներ կիսատ մնացին։ 

Պատերազմ է․.. 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org