Տնից տուն՝ մի նոր պատմություն Արցախից

ՔՈԱՖ-ի շահառու գյուղերը նոր բնակիչներ ունեն՝ բնակիչներ, որ էլի հայրենիքում են, սեփական հողի վրա, բայց երազում են իրենց տուն վերադառնալ։ Արցախից են եկել։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախը լքել են, բայց այն իրենց չի լքել։ Սրտով, մտքով օր ու գիշեր իրենց որդիների, դուստրերի, ամուսինների, հայրերի ու թոռների հետ են՝ ռմբակոծված փողոցներում, սահմանին, միայնակ մնացած տներում՝ կիսատ թողած նախաճաշի սեղանով։

Ժամանակը թույլ չի տվել հասկանալ՝ ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս․․․ ինչո՞ւ։

Այժմ մեր գյուղերում տնից տուն մի նոր պատմություն է։ Ֆիլմեր նայելու կարիք չկա։ Իրական ֆիլմ է գնում՝ ցավոտ ժանրի։

Ռայա տատիկը Թալիշից

Ռայա Միրաբյանը Թալիշ գյուղի բնակիչ է։ Արթնացել էր ու, ինչպես միշտ, օրը սկսել հավերին կերակրելով։ Ո՛չ պայթյունի ձայները, ո՛չ էլ անջատված հեռուստացույցը նրան չէին հուշել պատերազմի բոթը։

Ռայա տատիկը լսողության հետ խնդիրներ ունի․ դեռ 90-ականների պատերազմի ժամանակ տան մոտ պայթյուն է եղել՝ իր հետքը թողնելով կնոջ լսողության վրա։ Առավոտյան արթնացել ու տանից դուրս է եկել, հարևանները տարածքում չէին (հասցրել էր նկատել)։

Փողոցով անցնող հրշեջ մեքենայի վարորդը տեսել էր նրան ու հարցրել․ «Տատի՛ ջան, ի՞նչ ես անում այստեղ․ պատերազմ է»։ «Ի՞նչ պատերազմ»։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը՝ լքել է Թալիշը՝ աչքն իր կիսաբաց դռանը։

Գայանեի ընտանիքը Ստեփանակերտից

Գայանեն երկու զավակ ունի՝ խելացի, համեստ Վալերին ու աշխույժ, խաղասեր Տիգրանը։ Տղաների տարիքային տարբերությունը մի քանի տարի է, պատերազմի նրանց ընկալումը ևս տարբեր է։ «Մի՞թե իրենց մեծ աշխարհն իրենց չի հերիքում, որ մեր փոքր աշխարհն են ուզում»,- փորձում է հասկանալ վեցամյա Տիգրանը։

Գայանեն մասնագիտությամբ դիվանագետ է, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում երկրորդ քարտուղար։ Պատերազմից ի վեր առաջին անգամ մի քանի օր առաջ է Ստեփանակերտ այցելել՝ անհրաժեշտ հագուստ և իրեր վերցնելու։

Սիրելի քաղաքի նոր տեսքը այնքան էլ անսպասելի չի եղել իր աչքին․ նկարներով տեսել էր։ Փոխարենը, հիացմունքով պատմում է, թե որքան խնամված ու կոկիկ է քաղաքը՝ այդքան ավերակներով հանդերձ․ «Շենքերի ապակիները կոտրված են, բայց հատակին ոչինչ չկա թափված, տարածքը ռմբակոծվել է, բայց շուրջբոլորը ավերվածի հետքեր չկան․ մարդիկ ամբողջը մաքրում-հավաքում են»։

Այսպես են արցախցիները սիրում ու պահում իրենցը՝ անգամ ավերված։

Խոհարար Մարիետան Հադրութից

Մարիետա Հարությունյանը ընդամենը 5 շաբաթ առաջ Արցախում զբաղված էր իր սիրելի աշխատանքով․ արդեն 28 տարի զինվորներին կերակրողն է։ Օրն սկսում էին զինվորական նախաճաշի պատրաստությամբ։

Նույն կերպ սկսվել էր նաև սեպտեմբերի 27-ը։ Նախաճաշը, որին պատրաստվում էին, տեղի չունեցավ։ Պայթյունների մասշտաբից տիկին Մարիետան իսկույն հասկացավ՝ ինչ է կատարվում․ «Ես միշտ էլ իմացել եմ, որ եթե պատերազմ լինի, առաջին հարվածը մեզ է լինելու»։

«Ի՞նչ պիտի լինի»,- հարցնում է նա տան ամեն այցելուի՝ ժպիտով ու հույսով լի աչքերով սպասելով պատասխանի։ Ամեն ինչ թողել է Արցախում, անգամ շապիկ չի հասցրել վերցնել, բայց այդ ամենը ոչինչ է․ միայն զավակները լավ լինեն։

Յուրա պապիկն ու Ռոմելա տատիկը Մարտակերտից

«Սումգայիթի ջարդերի ժամանակ այնտեղ եմ եղել»,- պատմում է Յուրա Աղամալյանը, ով մինչ Արցախյան պատերազմը Բաքվում է ապրել։ Բաքվից փախել են՝ «այնտեղ մնալ այլևս հնարավոր չէր»։ Պատմում է, ու մի աչքը հեռուստացույցին է․ լուրերն են այս օրերին միակ ճանապարհը դեպի Արցախ։

«Տղաս կռվի մեջ է, թոռս էլ է կռվի մեջ, աղջիկս էլ ռազմական ծառայող է»,- շարունակում է նրա կինը՝ Ռոմելան։ Իրենց տունն այժմ կա, թե չէ՝ չգիտեն։

«Ամեն ինչին դիմացել ենք, ամեն ինչին սովորել ենք, միայն թե խաղաղություն լինի, մեր զինվորները առողջ լինեն»,- ասում է դառնության մեջ շնորհակալ լինելու պատճառներ գտնող զույգը։

***

Ու այսպես շարունակ՝ տնից տուն։

Տղաներս են այնտեղ․․․ Թոռս է այնտեղ․․․ Ամուսինս է այնտեղ․․․ Աղջիկս էլ է այնտեղ․․․

Գոյության կռիվը շարունակվում է, ու այդ կռվում մարդիկ իրենց ամենաթանկն են տալիս՝ կյանքը, զավակներին, սիրելիներին։

Առջևում խաղաղությունն է։ Բոլորն են սպասում։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org