Քնարն ու իր տուն-տեղի խաթարված խաղաղությունը

ՔՈԱՖ-ում մեր թիմն իրապես Հայաստանի մարզերի ու Սփյուռքի արտացոլանքն է։ Ամեն տեղից մի մարդ կա։ Քնարն Արցախն է։

Մասնագիտությամբ լրագրող, լուսանկարիչ, բարբառների սիրահար, նույն ինքը՝ արցախցի Քնար Բաբայան, ում հեռախոսի զանգը  Կոմիտասի «Ալ Այլուղս»-ն է։

Քնարի՝ Արցախում իր արած սիրելի լուսանկարներից է։ Իր հարևանի տղան է՝ Սևակը, դոշաբի թասը գլխին։

Հոկտեմբերը վերջացավ, ու այն կարծես չի էլ եղել։ Պատերազմը, որի մեջ արդեն մեկ ամսից ավելի ենք, սառեցրել է ժամանակի զգացումը։

Պատերազմը սկսվեց, ու երբ ՔՈԱՖ-ում անցնում էիր Քնարի կողքով, ասես անցնեիր Արցախի կողքով, որտեղ պատերազմ էր՝ ամենաթեժն ու դաժանը, որ ոչինչ չի խնայում ու ջախջախում է ամենասիրուն պատմությունները, որ գրքերում պիտի  լինեին։ Քնարը «խաղաղ» ու բոլորից պինդ էր, ինչպես Արցախը։

Տոնս-տեղս

«Տոնս-տեղս»՝ հաճախ կտեսնես Քնարի գրառումներում, որ իր հարազատ հողի ու մարդկանց մասին են։

Ստեփանակերտի հայտնի լվացքները։

«Արցախը քեզ համար ի՞նչ է»,- հարցնում եմ ու փորձում պատկերացնել ես՝ մարդ, որ այնտեղ դեռ չի եղել։ Երկար լռությունը հուշում է, որ հարցի պատասխանը նա լավ գիտի, պարզապես այն գալիս է մեկ ամիս ցավով լցված, բայց պոռթկալ չհամարձակվող կրծքավանդակից։ Լռեց, հետո մի կերպ ասաց, որ «երևի սարերն են»։

Արցախը Քնարի համար իր տունն է, իր տուն-տեղը՝ փոքր ու անծայրածիր։ Այնտեղ երեք տուն ունեն՝ Մարտունի քաղաքում, որտեղ ծնվել է,  Գիշի գյուղում, ուր նաև իրենց բանջարանոցներն են, ու իր փոքր, բայց ջերմ բնակարանը Ստեփանակերտում։

«Կյանքիս ամենաերջանիկ տարիներն այնտեղ եմ ապրել՝ Ստեփանակերտի տանս»,- պատմում է նա՝ նկարագրելով այնտեղի իր ողջ ստեղծածը՝ խոհանոց, որտեղ պատրաստել է պաստաներ, ժինգյալով հաց, տապակած կանաչիներ ու իսկական արցախյան լոլիկով ձվածեղ։

Քնարն իրենց Մարտունու տանը ժինգյալով հաց է պատրաստում ընտանիքի համար։

Հյուրընկալել է աշխարհի ամեն ծայրից ում ասես՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ընկերներ, ընկերների ընկերներ։ «Հավաքվում էինք, միասին գինի խմում՝ անպայման «Կատարո» (գինի, որ արտադրվում է Արցախի Տող գյուղում)։ Տանս անունը դրել էինք «անարխիստների որջ»»։

Թեզի «դեժավյու»-ն 

Համալսարանում Քնարի մագիստրոսական թեզի թեման Արցախյան պատերազմի տարիներին թիկունքի կյանքի մասին է եղել՝ «Արցախյան պատերազմը կանանց և երեխաների աչքերով»։ Շատ այրի կանանց ու որդեկորույս մայրերի է հանդիպել, տասնյակ պատմություններ լսել 90-ականների պատերազմի մասին, որի ժամանակ ինքը 4-5 տարեկան երեխա էր։ «Այն, ինչ տեսնում եմ հիմա, ասես թեզիս պատմությունը լինի, նույնը՝ «բեմադրված»»։

Միշտ է զարմացել, թե ինչպես են որդի կորցրած մայրերն այդքան ուժեղ գտնվում։ «Պատերազմից հետո տեսնում ես՝ ցամաքած գետ է։ Տարիներ են անցնում, նորից ծաղկում է, ապրում․ այդ ինչքա՞ն պիտի սիրես կյանքը»,- ասում է նա։

«Հայրիկ» բառն ասել չի կարելի

«Մայրս չէր թողնում, որ մեր հասակակիցների մոտ «հայրիկ» բառն ասենք։ Ասում էր՝ մեկ ժամ հետո չես իմանա՝ ում հայրը ողջ կլինի»,- հիշում է պատերազմի ու դրան հաջորդող տարիների տաբուն․ «պատվիրան», որին մինչ օրս ակամա հետևում է։

***

Քնարը Հունոտի Կիրճում (Արցախ):

Հիմա Քնարի ամեն առավոտն սկսում է Արցախ՝ իր հայրիկին զանգով․ «Գիշերը ո՞նց է անցել, համերգ կա՞ր, երաժշտությունն ինչպիսի՞ն էր՝ ջազ, շալախո, ծանր (hard) ռոք»:

Ու մինչ համերգը շարունակվում է, Քնարի մտքում այս ամենը վատ երազ է, Ստեփանակերտն ու Շուշին նույն տեսքն ունեն, որ պիտի գնա, տեսնի, նայի սարերին ու կրկին մտածի․ «Մարդ ախր ինչպե՞ս կարող է խաթարել այս խաղաղությունը»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org